Մատչելիության հղումներ

Չալաբյանի փաստաբանների պնդմամբ՝ ունեն ապացույցներ, որ նա քաղաքական հետապնդման է ենթարկվում. ՔԿ-ն մեղադրանքը հիմնավոր է համարել


Արդեն երկուսուկես ամիս կալանավորված ընդդիմադիր հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի փաստաբանները պնդում են՝ ունեն մի շարք ապացույցներ, որոնք հաստատում են, որ իրենց պաշտպանյալը ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Առաջինը, ըստ փաստաբանների, այն է, որ ուսանողներին ընդդիմության ցույցերին գումարի դիմաց մասնակցելուն շահագրգռելու գործով մեղադրյալ Չալաբյանի գործի նախաքնությունն ավարտվել է, գործը դատարանում է, բայց թե՛ մեղադրողները և թե՛ դատարանը եզրահանգել են, որ ազատության մեջ ընդդիմադիր գործիչը կազդի գործով անցնող անձանց վրա։

«Փախուստի ռիսկը նվազել է, նոր հանցանք կատարելու ռիսկը նվազել է, սա Արուսյակ Ալեքսանյանն է արձանագրել, բայց վարույթին խոչընդոտելու ռիսկը չի նվազել, քանի որ չեն բացառվում լրացուցիչ քննչական գործողություններ, այդ թվում` վկաների հարցաքննություններ, և վկաների վրա միգուցե Ավետիք Չալաբյանը, ազատության մեջ գտնվելով, ազդեցություն ունենա», - ասաց փաստաբան Վարազադատ Հարությունյանը:

Նա այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում պնդեց՝ գործն արդեն դատարանում է, իսկ դա նշանակում է, որ հարցաքննվել են բոլոր վկաները, հավաքվել՝ անհրաժեշտ ապացույցները։ Իսկ նման դեպքում գործին խոչընդոտելու կամ թաքնվելու ռիսկը սովորաբար նվազում է։ Ավելին, փաստաբանը վկայակոչում է երկու շաբաթ առաջ կալանքը երկարացնելու նիստի ժամանակ քննիչի պնդումները, թե այլ քննչական գործողություններ անցկացնելու կարիք այլևս չկա։ Սակայն սա չի խանգարել, որ դատավորը ևս 15 օրով երկարացնի Չալաբյանի կալանքը։

«Արուսյակ Ալեքսանյանը հարց բարձրաձայնեց, քննիչին հարցրեց, ասաց, որ եկել եք երկարացման միջնորդության, ի՞նչ քննչական գործողություններ ունեք ծրագրած, որ քննչական գործողությունները կատարելու համար եկել եք, նախաքննության շրջանակներում կալանք եք ուզում երկարացնել: Ասաց` ճիշտն ասած` ինչ ծրագրել էինք, ինչ քննչական գործողություն պլանավորել էինք, ամբողջը կատարել ենք, մնացել է միայն` գործն ուղարկեմ դատարան», - նշեց նա:

49-ամյա Ավետիք Չալաբյանը կալանավորվել է մայիսին վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմության ցույցերի ակտիվ շրջանում Ագրարային համալսարանի ուսանողներին այդ հավաքներին մասնակցելու նպատակով ֆինանսապես շահագրգռելու մեղադրանքով։

Չնայած փաստաբանների հերքումներին, գործը քննած Քննչական կոմիտեն հիմնավոր էր համարել ձեռք բերած ապացույցները, որ Չալաբյանը 2 միլիոն դրամ է առաջարկել՝ ուսանողներին ցույցերին բերելու համար։

Ընդդիմության հավաքների ակտիվ մասնակցին մեղադրանք էր առաջադրվել համացանցում տարածված մի ձայնագրության հիման վրա, որը փաստաբանները անթույլատրելի ապացույց են համարում՝ նշելով, որ հայտնի չէ դրա աղբյուրը։ Ըստ այդ ձայնագրության՝ Ագրարայինի դասախոսներից մեկը` այս գործով մեղադրյալ Էմմա Սարգսյանը, կազմակերպել էր համալսարանի ուսխորհրդի նախագահի հանդիպումը Չալաբյանի հետ։ 5 րոպեանոց ձայնագրության մեջ Չալաբյանն ասում է, որ ուսանողները պետք է ձևակերպեն իրենց կարիքները։ Ապա երկար քննարկում է գնում, թե ուսխորհրդի նախագահը ու մյուս ուսանողները ինչպես կարող են մասնակցել ցույցերին։

«Պահանջում ենք, ասում ենք` գնացեք, գտեք, քրեական դատավարության օրենսգիրքը այդ աղբյուրը բացահայտելու ուղիղ պարտականություն է առաջադրում վարույթ իրականացնող մարմնին: Չալաբյանն ասում է` եթե լինի ամբողջական ձայնագրությունը, բոլորի համար պարզ կդառնա, որ այդ պատառիկները, որ կպցրել են, որոնք հնարավոր է ինչ-որ կերպ անուղղակիորեն մարդկանց մոտ այդպիսի տպավորություններ ստեղծեն, ամբողջական ձայնագրության մեջ ես խոսում եմ Արցախից, խոսում եմ ոչ նյութական արժեքներից, խոսում եմ քաղաքական գործընթացներին մասնակցելու պատճառներից», - ասաց փաստաբանը:

Մեղքը չընդունող գործչի փաստաբանը վկայակոչում է փորձաքննության արդյունքները, ըստ որի՝ ձայնագրությունը մոնտաժված է, հայտնի չէ դրա աղբյուրը։ Ինչպե՞ս կարող է հայտնի չլինել աղբյուրը, երբ դա առաջինը հրապարակել է իշխանությանը մոտ կանգնած ինտերնետային կայքը, պնդում է փաստաբանը։ Ըստ նրա՝ հանդիպումը 40 րոպե է տևել, իսկ ձայնագրությունը հրապարակած կայքը, մոնտաժելով զրույցը, խեղաթյուրել է այն։

Չալաբյանին սպառնում է առավելագույնը երեք տարվա ազատազրկում։ Ընդդիմադիր գործիչն իրեն պատանդ է համարում բանտում և այդ մասին նամակ է հղել կնոջը։ Անահիտ Ադամյանն այսօր ասուլիսի ընթացքում ընթերցեց այն. «Սադրանք, ապօրինի ձայնագրությամբ, մոնտաժով, փորձելով հասարակության աչքերում ինձ վարկաբեկել: Այս ամենը քիչ էր, ապօրինի բիրտ բռնաճնշումներ են կիրառվել եղբորս՝ Արա Չալաբյանի նկատմամբ», - իր նամակում նաև գրել է Ավետիք Չալաբյանը։

Նա, թերևս, նկատի ունի «Հետք» պարբերականում օրերս հրապարակված տեղեկությունը, թե Կենտրոնական բանկի նախագահը եղբորը՝ Արա Չալաբյանին, առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել, ասել է, որ իրեն դա ստիպել են կառավարությունից, հակառակ դեպքում՝ ազատման դիմում կգրի ինքը՝ Մարտին Գալստյանը:

Կենտրոնական բանկից ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին այս տեղեկությունը՝ պնդելով, թե «երրորդ անձի վերաբերյալ տեղեկություն չեն տրամադրում»։ Արա Չալաբյանը ևս լռություն է պահպանում։ Մեղադրանքի հասցեատերը՝ կառավարությունը ևս չի մեկնաբանել «Հետքի» հրապարակումը։

XS
SM
MD
LG