Ընդդիմադիր հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը հայտարարում է, որ քաղաքական ճնշման պատճառով իր եղբայրը հեռացվել է Կենտրոնական բանկից: Արա Չալաբյանը երեկ գրել էր Ֆեյսբուքում, որ այլևս չի աշխատում՝ առանց հստակեցնելու՝ ինքը սեփակա՞ն դիմումի համաձայն է դուրս եկել, թե՞ հեռացվել է: Այսօր էլ չմեկնաբանեց։
Չալաբյանը 2020 թվականից գլխավոր դրամատան Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն էր, մինչ այդ էլ տարբեր պաշտոններ է զբաղեցրել կառույցում: Ավետիք Չալաբյանը ևս այսօր չպարզաբանեց՝ եղբայրը հեռացվե՞լ է աշխատանքից, թե՝ ոչ, սակայն պնդեց՝ իր գործունեության պատճառով է:
«Պահանջել են, որ դիմում գրի: Եվ երբ այս քրեական գործի պիկը կանցնի, մենք կանդրադառնանք դրան, որովհետև այդ պահանջը եղել է բացարձակ ապօրինի, որևէ հիմք չկա իմ եղբորն աշխատանքից հեռացնելու համար: Նա միջազգային մակարդակով հեղինակավոր մասնագետ է», - ասաց Չալաբյանը:
Կենտրոնական բանկից այսօր ևս չհայտնեցին՝ պատճառաբանելով, թե չունեն Արա Չալաբյանի համաձայնությունը։ Կառույցը չի մեկնաբանում Ավետիք Չալաբյանի հայտարարությունը, թե եղբայրը քաղաքական ճնշումների պատճառով է կորցրել աշխատանքը։
Օրերս «Հետք» պարբերականում մի հոդված էր հրապարակվել, ըստ որի՝ Կենտրոնական բանկի նախագահը Արա Չալաբյանին առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել, ասելով, թե դա իրեն ստիպել են կառավարությունից, հակառակ դեպքում՝ ազատման դիմում կգրի ինքը՝ բանկի նախագահը։
«Կենտրոնական բանկի բարձրաստիճան աշխատակից լինելով, նա մշտապես պահպանել է բացարձակ քաղաքական չեզոքություն: Նա իմ հասարակական կամ քաղաքական գործունեության հետ ոչ մի անմիջական կապ չունի», - նշեց ընդդիմադիր հասարակական գործիչը:
Ուսանողներին փողով ընդդիմադիրների ցույցերին տանելու փորձի համար մեղադրվող Ավետիք Չալաբյանը համոզված է՝ իշխանությունները քաղաքական հետապնդման են ենթարկում իրեն ու ընտանիքի անդամներին: Կասկած չունի՝ անձամբ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով: Կառավարությունից էլ այս հայտարարություններին օրեր շարունակ չեն արձագանքում։
Չալաբյանը շուրջ երկուսուկես ամսյա կալանքից նախօրեին էր ազատվել: Դատարանն առաջին նիստում չէր հասցրել քննել այդ հարցն ու դատախազությունն էլ նոր միջնորդություն չէր ներկայացնել:
Այսօր Չալաբյանի գործով նիստն էր։ Մինչ դրա մեկնարկը փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտարարեց, թե իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի, նոր է հետազոտվել: Պաշտպանական կողմը խնդրեց դատական նիստը 1 շաբաթով հետաձգել: Դատախազը չառարկեց: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նիստը հետաձգեց մինչ երկուշաբթի։
«Էլի մեր մոտ էդ մտավախությունը կա, որ դատարանի նպատակը՝ արագ անցնել էն հարցերի վրայով, որոնք պետք է քննարկվեն ու անդրադառնալու խափանման միջոցի հարցին», - նշեց փաստաբանը:
Մտահոգության պատճառը նաև գործը քննող դատավորն է, ասում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Պաշտպանները կասկածներ ունեն, որ գործը դատավոր Մնացական Մարտիրոսյանին մակագրելու գործընթացում միջամտություն է եղել կամ սխալ։ Բայց չեն կարողացել պարզել։