Մատչելիության հղումներ

Գյումրիում բողոքում են բացօթյա առևտուրն արգելելու դեմ, քաղաքային իշխանությունը, սակայն, վճռական է


Գյումրիի փողոցներում առևտուր իրականացնող քաղաքացիները երեկ հավաքվել էին քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով վերանայել օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած բացօթյա առևտրի արգելքը։

Առևտրականները դժգոհ են, հատկապես, ընտրողական մոտեցումից. ինչո՞ւ է առևտուրն արդեն արգելվել Շահումյան փողոցի և Հաղթանակի պողոտայի վրա, իսկ Մայակովսկի փողոցում կամ, ինչպես ասում են, Լաչինի միջանցքում, թույլատրվում է մինչև տարեվերջ, տարակուսած են քաղաքացիները։

«Մեզ են ընդառաջել` մեր փողոցին, որտեղ արդեն 30 տարի է ապրում ենք ու 30 տարի էդ աշխատանքը կատարում ենք, մեզ ընդառաջել են մինչև դեկտեմբերի 31-ը, ոնց իրանց են թույլ տվել, էդպես էլ մեզ», - ասաց առևտրականներից մեկը։

Գյումրիի քաղաքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանն առևտրականների՝ տարբերակված մոտեցում ցուցաբերելու մեղադրանքներին ի պատասխան, պարզաբանեց․- «Որ մինչև դեկտեմբերի 31-ը մնալու է Լաչինի միջանցքը, հենց իրենց համար էլ է, որ իրենք էդտեղ տեղ ունենան։ «Միկրո» չեն ուզում, ավտոկայանը պատրաստ չէ դեռ, հին շուկան էլ գործընթացներ է գնում, Լաչինի միջանցքն (Մայակովսկի փողոց) ամենահարմար տարբերակն է, այսինքն՝ էդտեղ զիջման գնալու պատճառներից մեկը նաև իրենք էին, որ իրենք տեղ ունենային»։

Դավիթ Առուշանյան
Դավիթ Առուշանյան

Փոխքաղաքապետը հավելեց, որ վերդարձ Շահումյան փողոց ու Հաղթանակի պողոտա բացօթյա առևտրի տարբերակ չի լինի:

«Միանշանակ, կտրականապես չի լինելու, ես իրենց էլ եմ առաջարկել համակերպվել էդ մտքի հետ, և փորձել իրենց համար լավ տարածք գտնել», - ասաց Առուշանյանը։

Քաղաքային իշխանությունները, որպես լուծում, առաջարկում են առևտուրը փողոցներից տեղափոխել շուկաներ, սակայն առևտրականները մասնավոր շուկայում աշխատելու տարբերակին դեմ են։ Ասում են՝ մեծածախ առևտրով զբաղվողներն են հիմնականում այդ շուկաներում և իրենք մանրածախ առևտուր անելով տուն պահել չեն կարող:

«500 դրամ էր խաղողը, նոր մտել եմ, հոկտեմբերյանցին 150-ով խաղող է ծախում, ո՞վ ինձանից 400 դրամով խաղող կառնի, ժողովուրդ ջան։ Կանաչին կտան 200 դրամ, նորից կառնենք կդնենք 200 դրամով կծախենք», - ասաց առևտրականներից մեկը։ Մյուսն էլ հավելեց․ - «Առավոտը դեղձն առել ենք 200-ով, որ պիտի ծախենք 250։ Ումից որ առել ենք 200-ով, դրել 150-ով ծախում է»։

Գյումրի, արխիվ
Գյումրի, արխիվ

Քաղաքային իշխանությունները չեն ընդունում առևտրականների պատճառաբանությունները:

«Ազատված տարածքներից շատերը տեղավորվել են թե՛ Լաչինի միջանցքում, թե՛ «Միկրոյի» շուկայի տարածքում, մնացել են մի քանի հոգի, որոնց համար պրինցիպ է դառել իրենց տեղը վերադառնալը։ Առաջարկված տարբերակներին չեն համաձայնում ո՛չ Լաչինի միջանցքում, ո՛չ «Միկրոյի» շուկայում։ «Միկրոյի» շուկայում մեծ տարածք է, էդ մեծածախից բացի 100 հոգի մարդ կա, որ մանրածախով է զբաղվում, և Լաչինի միջանցք կոչված տարածքում իրենց տարածքներ առաջարկվել է, իրենք ուղղակի չեն համաձայնվում», - ասաց փոխքաղաքապետը։

Գյումրիի կենտրոնական հատվածից հետո բացօթյա առևտուրն արգելելու հերթը կայարանամերձ հրապարակին ու Անի թաղամասին կհասնի։

XS
SM
MD
LG