Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետարանը վաղվանից արգելելու է բացօթյա առևտուրը. առևտրականները դեմ են


Գյումրիի քաղաքապետարանը պատրաստվում է վաղվանից արգելել բացօթյա առևտուրը, որոշման մասին արդեն ծանուցել են Հաղթանակի պողոտայի հարակից տարածքում առևտուր անողներին: Մի քանի տասնամյակ այստեղ աշխատող քաղաքացիներն ասում են` առևտրով են տուն պահում:

«Հացի փողի ենք աշխատում, մենք ոչ իրենցից հաց կուզենք, ոչ ջուր կուզենք, մենք մեր քրտնքով մեր հացն ենք աշխատում», - ասում է նրանցից մեկը, մյուսը` հավելում. «Ես օրվա հացի փող աշխատող մարդ եմ, ինձ 20-30 դրամ է մնում, ես սրանով պիտի իմ տունը պահեմ»:

Քաղաքապետարանը նրանց երկու լուծում է առաջարկել` տեղափոխվել փակ շուկաներից մեկը կամ ավտոկայանի հարակից բաց տարածք: 2 տարբերակն էլ առևտրով զբաղվողների համար ընդունելի չէ. իրենց փաստարկներն են բերում. «Այնտեղ համ բիրիգը կաշխատի, համ էլ կիլոն, չենք կարա էնդեղ էլ աշխատենք»:

«Ես դեմ չեմ դուրս գալու, իհարկե, ես էլ կմտածեմ, ես էլ եմ այս քաղաքից, ես էլ եմ քաղաքացի, ես էլ կմտածեմ, որ սա գեղեցիկ չէ, մայթը կեղտոտում ենք, փողոց ենք փակում, թող համապատասխան գեղեցիկ շուկան սարքեն, ես էլ գնամ, իմ սիրուն դախլս էնդտեղ դնեմ»:

Ավտոկայանի տարածքում թեև քաղաքապետարանն արդեն հարթեցման աշխատանքներ է իրականացրել, առևտրականները դժգոհում են`պայմանները հարմար չեն:

Գյումրիի քաղաքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանն ասում է` իրենց խնդիրն ապօրինի առևտրի կասեցումն է, բայց հաշվի առնելով սոցիալական խնդիրները` առաջարկել են այլ տարբերակներ: Ասում է` գիտի, որ շատերն են առևտրով տուն պահում, բայց միևնույն ժամանակ առևտրով զբաղվողների դժգոհությունները` «կապրիզ» որակում:

«120-150 հազար բնակչություն ունեցող քաղաքը 10-20 հոգու, թույլ տվեք ասել, կապրիզի պատճառով, չի տուժելու: Մեր քաղաքի զարգացման համար մեր պետությունը գումար է ծախսում, քաղաքապետարանը գումար է ծախսում, տնտեսվարողները գումար են ծախսում իրենց ունեցած եկամուտներից, որպեսզի ունենանք ավելի լավ քաղաք», - ասաց նա:

Օգոստոսի առաջին օրերին էլ բացօթյա առևտուրն արգելվել էր քաղաքի այլ հատվածում` Շահումյան ու Արագած փողոցներում: Սա Գյումրիում նման սահմանափակում մտցնելու հերթական փորձն է, նախկինում արգելքներից կարճ ժամանակ անց բացօթյա առևտուրը կրկին վերսկսվել էր: Դավիթ Առուշանյանն ասում է` այս անգամ մտադիր են մինչև վերջ գնալ:

«Շուկայի ավտոկայանի հետևի տարածքի մասին ասում էին` ok է, հենց զգացին, որ այնտեղ մենք արդեն աշխատանքներ ենք տանում, իրենք ասացին` չէ, մենք այնտեղ չենք գնա, մեր այս մյուս շուկան սարքեք: Այս մյուս շուկայի մասին քննարկումներ ենք տանում, ասում են` դե երկու ամիս ժամանակ տվեք, այսինքն` հասկանալի է իրենց էլ, իրենք 30 տարի արմատացած նստել են այնտեղ, բայց եկեք մի բան հասկանանք, որ ուզենք-չուզենք` մի օր մաքրվելու է այդ ամեն ինչը: Վերջնական է, վաղը Հաղթանակի պողոտան է», - հայտարարեց նա:

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը փակ շուկա չունի: Հինգ տարի առաջ կենտրոնական շուկան սեփականաշնորհվել էր, նոր սեփականատերն առևտրականներին հանել էր տարածքից ու սկսել քանդման աշխատանքներ, որոնք մինչ օրս չեն ավարտվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG