Մատչելիության հղումներ

Չնայած արգելքին՝ Երևանում փողոցային առևտուրը շարունակվում է


Խաղալիքներ, քաղցր բամբակի սարք ու արտահոսող գազի բալոն. սա Երևանի կենտրոնից հավաքված «ավարն» է, որ պահվում է քաղաքապետարանի հատուկ սենյակում: Այս իրերը համայնքապետարանն առգրավել է Հյուսիսային պողոտայից։

Թեև փողոցային առևտուրն արգելված է, բայց մայրաքաղաքի գլխավոր ճեմուղում ինչ ասես չի վաճառվում՝ քաղցր բամբակից մինչև խաղալիք շնիկներ։ Արգելքն, ըստ էության, չի գործում. քաղաքապետարանն առգրավում է, մարդիկ նույն ապրանքները կրկին սեղանին են շարում ու վաճառում:

Ամիսներ առաջ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էր դժգոհել այս պատկերից, հայտարարվեց վերահսկողության խստացման մասին, սակայն ոչինչ չփոխվեց. «Ամբողջ Հյուսիսային պողոտան ոնց որ առևտրի կենտրոն դարձած լինի, որ բերում են ասում են՝ «տուն ենք պահում, ընտանիք ենք պահում», լավ, բայց էդ չի նշանակում, որ մնացած քաղաքացիների հաշվին այդ ամեն ինչը պետք է իրականացվի»:

Եթե Հյուսիսային պողոտայում վաճառականների թիրախում հիմնականում երեխաներն են, ապա կենտրոնական մյուս հատվածների, օրինակ, Մաշտոցի, Տիգրան Մեծի պողոտաների մայթեզրերին սննդամթերք, այդ թվում, ձկնեղեն են առաջարկում։ Թե այս ապրանքների վրա օրվա ընթացքում որքան փոշի է նստում, բարդ է ասելը։ Վիճակը մեղմ ասած լավ չէ, ընդունում է քաղաքապետարանի առևտրի վարչության պետ Հովիկ Սաֆարյանը՝ խոստովանելով, որ փողոցային առևտրի ծավալները վերջին շրջանում աճել են:

«Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ նաև մեր գնորդներն են խրախուսում փողոցային առտրականներին՝ փողոցից առտուր անելով», - նշեց Սաֆարյանը:

Փողոցային առևտրի դեմ պայքարի մասին քաղաքային իշխանությունները խոսում են տարիներ շարունակ, ընդ որում, թե՛ նախկին, թե՛ գործող։ Փողոցում առևտուր անողները օրենքով պետք է տուգանվեն՝ 70-100 հազար դրամով։ Վերահսկողության համար անհրաժեշտ է նաև ոստիկանների ներգրավումը։

Ինչո՞ւ չի լուծվում խնդիրը և ինչո՞ւ վաճառականները առևտուրը չեն տեղափոխում դրա համար նախատեսված տարածքներ։ Այժմ խանգարում է ոստիկանների ծանրաբեռնվածությունը, որը պայմանավորված է ընդդիմության ցույցերով, ասում է քաղաքապետարանի պաշտոնյան։ Ամիսներ առաջ, սակայն, ցույցեր չկային, փողոցային առևտուրը նույնքան աշխույժ էր:

«Աջակցությունը ժամանակին չենք կարողանում ստանալ օբյեկտիվ պատճառներով, այս վերջին շրջանում արդեն պայմանավորվել ենք ոստիկանության հետ, որ աջակցության պարագայում առավել խիստ ենք վերաբերվելու այս դեպքերին», - ասաց Հովիկ Սաֆարյանը:

«Ծանրաբեռնված ընտանիք ենք, տունս գրավի տակ ա, վարկ ունեմ, ուզում եմ մի կտոր հացի փող վաստակեմ», - ասաց փողոցում առևտուր անողներից մեկը:

Մաշտոցի պողոտայում առևտուր անող այս կինն այնքան վրդովված էր, որ անգամ մեր հարցին չսպասեց, բարձրախոսը տեսնելուն պես որոշեց անկեղծանալ. «Թաղապետարանը գալիս ղրգում ա մեզ, մենք 15 րոպե հետո գալի էլի դնում ենք, նոր են եկել, կես ժամ առաջ, մեր երեսը արդեն սարքել ենք չգիտենք ինչի երես, բայց ես էլ ապրել եմ ուզում: Կա՞ ինչ-որ մի տեղ, թող ինձ աշխատանքով ապահովի, չգամ: 30 հազար թոշակ եմ ստանում, 40 հազար դրամանոց էլ մի գործ թող տրամադրի, ես էլ չեմ գա»:

Մինչ փողոցում առևտուր անողները համոզված են, որ Երևանի շուկաներում նույն եկամուտը չեն ունենա ու հրաժարվում են տեղափոխվել կենտրոնից, քաղաքապետարանում խոսում են վերահսկողության նոր գործիքներից։ Այստեղ շուրջ երկու տարի է օրենսդրական մի նախագիծ են մշակում՝ փողոցային առևտրի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Օրինագծի ընդունման դեպքում՝ համայնքապետարանը առգրավելուց բացի հնարավորություն կունենա շուկայական գներով իրացնել ապրանքը։

Եթե մի առևտրականի ապրանքի ընդհանուր արժեքը, օրինակ, 100 հազար դրամ լինի, տուգանքի չափն էլ 70 հազար, քաղաքացին հենց առգրաված ապրանքի տեսքով կվճարի տուգանքը։ Հստակ չէ, սակայն, թե ինչպես է այս մեխանիզմը կիրառվելու ընդամենը մի քանի հազար դրամի միրգ վաճառող քաղաքացիների դեպքում։ Հստակ չէ նաև, թե նախագիծը երբ օրենքի տեսք կստանա։

Չնայած արգելքին՝ Երևանում փողոցային առևտուրը շարունակվում է
please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00

XS
SM
MD
LG