Մատչելիության հղումներ

Երևանում շրջածախ առևտրի համար նոր պայմաններ են սահմանվում


2021 թվականի հունվարի 1-ից շրջածախ առևտրի, ավելի պարզ ասած՝ փողոցում փուչիկ, գրիչ, անձեռոցիկ վաճառողների համար նոր պահանջներ և նոր պայմաններ կսահմանվեն:

Երևանի ավագանին երեկ ձայների 31 կողմ, 6 դեմ, 4 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշում ընդունեց, ըստ որի՝ շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվությունը տրամադրելու է Երևանի քաղաքապետը կամ վարչական շրջանի ղեկավարը: Շրջածախ առևտուր իրականացնողը պետք է ապահովված լինի ՀԴՄ սարքով, առևտուրն էլ պետք է իրականացնի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին:

Որոշումը մեկնաբանող՝ քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանը բացատրում էր՝ սա պարզապես փողոցային առևտուրը քաղաքակիրթ ձևով կազմակերպելու և օրինական դաշտ բերելու միջոց է:

Այդուհանդերձ, այդ բացատրությունը չբավարարեց ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցությանը:

Մասնավորապես, Թեհմինա Վարդանյանը հարց բարձրացրեց՝ փուչիկ, ծաղիկ, անձեռոցիկ վաճառողներն օրվա հաց են վաստակում, հարուստ տնտեսվարողներ չեն, ինչո՞ւ է որոշել իշխանությունը «պարանը հենց նրանց վզին գցել». - «Ո՞նց է մարդը աշխատելու: Այսինքն՝ փուչիկը 10-15 ձեռքը, ՀԴՄ ապարատը, լիցենզիան, չգիտեմ, դրամապանակը, իրավունք չունի դնի գետնին, իրավունք չունի ինչ-որ պատվանդան լինի: Ուզում եմ հասկանամ՝ ո՞նց եք պատկերացնում էդ աշխատանքը: Է՞լ ինչ կարաք անեք, որպեսզի մարդկանց վզին էդ պարանը ավելի սեղմ սեղմեք, է՞լ ինչից հարկեք»:

«Ընդհանրապես, պարանը վզին սեղմելու որևիցե գործիքակազմ նախատեսված չի, Ձեր ասած, ուղղակի կարգավորում ենք տվյալ հարցը: Ես մի անգամ էլ նշեցի, որ ամենահեշտը կլիներ արգելել, ինչպես փողոցային ապօրինի առևտուրը, և վերջացնել այդքանով, բայց մենք այդ ճանապարհը չընտրեցինք, մենք ընտրեցինք կարգավորման ճանապարհը», - արձագանքեց Սաֆարյանը:

«Մենք էս պահին հարկում ենք ամենաամենաճնշված, ամենավատ վիճակում գտնվող խավին», - հակադարձեց ավագանու ընդդիմադիր անդամը:

«Որևիցե հարկային բեռ, որևիցե գումարային բեռ չի դրվում, ուղղակի կարգավորում է տրվում և հնարավորություն է տրվում այսօր ապօրինի աշխատող մեր քաղաքացիներին՝ աշխատել օրինական դաշտում», - վստահեցրեց քաղաքապետարանի պաշտոնյան:

Իշխանական «Իմ քայլ»-ից Իզաբելլա Աբգարյանը թեպետ ընդունում է՝ խնդիրը կա, մարդկանցից բողոքներ են ստանում, կենտրոնը Օպերայի հարակից տարածքից մինչև Օղակաձև այգի առևտրականներն են գրավել, այնուամենայնիվ, նաև նկատում է՝ հարցի մյուս կողմում կանգնած է խոցելի քաղաքացին:

«Չեմ կարծում, որ լավ կյանքից ելնելով մարդիկ կգնան և փողոցներում օրուգիշեր, նաև հանդիպելով հազար ու մի խուլիգանների, նրանք էլ բավականին դժվարություններ են ունենում, փողոցում առևտուր անելը շատ բարդ է իրականում... Այնպես որ, մենք սոցիալական բաղադրիչը հաշվի առնելով, կարծում եմ՝ պետք է հաշվի առնեինք վայրեր, որտեղ նրանց գործունեությունը եկամտաբեր կլինի այնուամենայնիվ: Իսկ զբոսայգին սեզոնային է՝ ձմռանը ի՞նչ են անելու այդ մարդիկ», - ընդգծեց Աբգարյանը:

Տուրիստ չկա, Հանրապետության հրապարակի երգող շատրվանն էլ լռում է ու չի գրավում անցորդներին, շրջածախ առևտրով զբաղվողներն էլ մտահոգ են՝ փող աշխատել չի ստացվում: «Ազատություն»-ը զրուցեց նրանցից մի քանիսի հետ.

«Էս մի փուչիկից մեզի մնում ա ամենաշատը 1000 դրամ գումար: Մենք փուչիկը առնում ենք 400 դրամով, բատարեյկեն դնում ես՝ 500 դրամ ա նստում, ձեռի աշխատանք ա՝ փչում ես, մեջը լցնում ես...»:

«Կարամ ասեմ՝ էղել ա՝ սկի տրանսպորտի փողը չեմ աշխատել...»:

«Հիմնական տան ՀԴՄ-ի տարբերակ, մենք էլ տանք: Ես համաձայն եմ դրան՝ ավելի լավ ա, քան քաղաքապետարանը գա հալածի, թաղապետարանը գա հալածի, կամ նման բաներ...»:

«Էս ամենը դնես ծանրությունը վզիդ ման գաս՝ դժվար կլինի: Էս առևտրի համար սխալ ա կտրոնը, էլի: Լուչշե չափ մշակի քաղաքապետարանը՝ էդ չափով տանենք մուծենք, թուղթը տա, իրանց մարդկանցից էլ ֆռռա, ով թուղթ ունի՝ նրան թողեն: Մարդ կա՝ էրեխա չունի, ստիպված էժան եմ տալի, իսկ ես չեմ կարա ՀԴՄ-ն էդ գնով խփեմ տամ...»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG