Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը զգուշացրել է Անկարային չհամագործակցել ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ընկերությունների հետ


Միացյալ Նահանգները Թուրքիային նախազգուշացրել է չհամագործակցել ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ընկերությունների հետ, գրում է ամերիկյան Wall Street Journal-ը։ Հեղինակավոր պարբերականի տրամադրության տակ է հայտնվել Նահանգների ֆինանսների փոխնախարարի նամակն ուղղված Թուրքիայի Ամերիկյան առևտրի պալատին և թուրքական ամենամեծ՝ Արդյունաբերության և բիզնեսի ընկերակցությանը։

Վաշինգտոնի պաշտոնական նամակում, ըստ Wall Street Journal-ի, ասվում է, որ թուրքական ընկերությունները ևս կարող են ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնվել։ Վտանգի տակ են հատկապես թուրքական բանկերը, որոնք, ըստ ամերիկյան պարբերականի, շարունակում են աշխատել սև ցուցակում հայտնված ռուսական ընկերությունների հետ։

«Ցանկացած անձ կամ կազմակերպություն, որը նյութական աջակցություն է տրամադրում Միացյալ Նահանգների կողմից առանձնացված անձանց, կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ»,- գրել է Ամերիկայի ֆինանսների փոխնախարարը։

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որ չի միացել ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին։ Այդ երկիրը դրախտավայր է դարձել ռուսական կապիտալի համար, Wall Street Journal-ի հետ զրույցում դժգոհել են ամերիկացի պաշտոնյաները։

Նամակից բացի, Վաշինգտոնը նաև բանավոր է այս մտահոգությունը փոխանցել։ Ըստ պաշտոնական աղբյուրների, անցած շաբաթավերջին ԱՄՆ փոխնախարարը թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցում նշել էր, թե իրենց անհագստացնում է, որ Ռուսաստանն օգտագործում է Թուրքիան Միացյալ Նահանգների և ևս երեք տասնյակ երկրների կողմից սահմանված պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան, Թուրքիայի ֆինանսների նախարարը վստահեցրել էր, որ որևէ ընկերության կամ անհատի թույլ չի տրվում խախտել միջազգային պատժամիջոցները։

Երեկ էլ լրագրողները ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսից հետաքրքրվել են՝ ինչո՞ւ է Թուրքիան հայտնվել ամերիկյան կողմի խոշորացույցի տակ․ «Մենք ամիսներ շարունակ հարց էինք տալիս Թուրքիայի մասին, բայց դուք խուսափում էիք այդ երկրի անունը տալ, ի՞նչ է փոխվել», - հարցրել է լրագրողը։ Խոսնակը, սակայն, պնդել է, թե առանձնահատուկ որևէ նոր բան չկա։

«Բարձրաստիճան պաշտոնյաները կանոնավոր շփվում են իրենց գործընկերների հետ, այդ թվում՝ անձամբ, ամբողջ աշխարհում՝ տեղեկության փոխանակման համար, որպեսզի համոզվենք, որ մենք միասին անում ենք ամենը գործող պատժամիջոցները պահպանելու, հնարավոր սողանցքները փակելու համար», - ասել է Փրայսը։

Լրագրողը նաև նկատել է, թե Ռուսաստանի քաղաքացիները և ռուսական ընկերությունները ներգրավված են նաև Հարավային Կովկասում՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, հետաքրքրվելով՝ արդյո՞ք ԱՄՆ-ը պատրաստվում է նույն նախազգուշացումն անել նաև այդ երկրներին։ Պետքարտուղարության խոսնակը պատասխանել է, որ դրանք հարցեր են, որոնք Վաշինգտոնը քննարկում է աշխարհի շատ վայրերում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG