Ռուս-ղազախական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածության ֆոնին այսօր Սոչիում կհանդիպեն Ռուսաստանի ու Ղազախստանի առաջնորդները։
Կրեմլը հաղորդում է, որ Վլադիմիր Պուտինն ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկելու են երկու երկրների ռազմավարական գործընկերության և համագործակցության հետագա զարգացումներին առնչվող հարցեր։
Մոսկվայի և Նուր-Սուլթանի միջև հարաբերությունները լարվել էին երկու ամիս առաջ, երբ Ղազախստանի նախագահը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական հանձնաժողովում հայտարարեց, թե Դոնեցկի և Լուգանսկի կազմավորումները քվազիպետություններ են և Ղազախստանը դրանց անկախությունը չի ճանաչի։
«Ընդհանրապես կա գնահատական, ըստ որի եթե ամենուր իրականացվի ազգերի ինքնորոշման սկզբունքն, ապա աշխարհում ներկայիս ՄԱԿ-ին անդամակցած 193 երկրների փոխարեն կլինի 500 կամ 600 երկիր: Դա քաոս կառաջացնի, այդ պատճառով էլ մենք չենք ճանաչում Թայվանը, Կոսովոն, Հարավային Օսիան և Աբխազիան: Եվ, ամենայն հավանականությամբ, նույն սկզբունքը կգործադրվի այնպիսի քվազիպետությունների նկատմամբ, ինչպիսիք են Լուգանսկը և Դոնեցկը»,- հայտարարել է Տոկաևը:
Վերլուծաբանները Տոկաևի այս հայտարարությունը դեմարշ էին որակել ու գրել ռուս-ղազախական հարաբերություններում ակնհայտ լարվածության մասին։
Նույն օրը Տոկաևը ևս մեկ աղմկահարույց հայտարարություն արեց, ասելով, թե սխալ է Ռուսաստանում տարածված կածիքը, որ Ղազախստանը պետք է շնորհակալ լինի Կրեմլին՝ հունվարյան հեղաշրջման փորձը կանխելու համար։
Այս հարցազրույցից հետո ղազախական լրատվամիջոցները տեղեկացրեցին նաև, որ Ղազախստանի նախագահը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի կողմից շնորհվող Ալեքսնադր Նևսկու շքանշանը։
Տոկոևը պատճառաբանել էր, թե որոշել է մինչև իր նախագահական լիազորությունների ավարտը հրաժարվել թե՛ հայրենական, թե՛ օտարերկրյա պետական պարգևներից։
Տոկաևի այս հայտարարություններին անմիջապես արձագանքել էին Կրեմլի աջակից պատգամավորներն ու ուժերը։ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, մասնավորապես, սպառնացել էր, թե Ղազախստանը կարող է կրկնել ԵՈւկրաինայի ճակատագիրը։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն էլ պնդել էր, թե Ռուսաստանն է օգնել Ղազախստանին պահպանել իր ինքնիշխանությունը։
Պաշտոնական Մոսկվան սակայն որևէ կերպ չէր արձագանքել։