Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի խոսքով՝ գրեթե բացառված է այն վարկածը, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված եղել։
«Պայթյունի կադրերը դիտելով՝ մենք գրեթե բացառում ենք նման կանխավարկածը, որովհետև այն զարգանում է մաքուր հրդեհային պրոցեսներով, այսինքն՝ ծխահարում, ենթադրվում է, որ արդեն ինչ-որ փոքր հրդեհի օջախ է եղել, այնուհետև պայթյուն, որովհետև այդ պայթյունը... այնտեղ բավականին մեծ քանակությամբ եղել են հրավտանգ նյութեր», - լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
Առևտրի կենտրոնում պայթյունը տեղի է ունեցել երեկ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս պահի դրությամբ հայտնի է 6 զոհի մասին։
Երեկ օրվա երկրորդ կեսին հաղորդվեց, որ ԱԻՆ-ում ահազանգեր են ստացվել մի շարք օբյեկտներում ռումբերի առկայության մասին, դա հետո հերքվեց։