Մատչելիության հղումներ

Իրանը կրկին նշեց իր կարմիր գծերը. քաղաքագետ


Հայաստանի և Իրանի դրոշները, արխիվ
Հայաստանի և Իրանի դրոշները, արխիվ

Իրանն արձագանքում է տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին՝ նշելով իր կարմիր գծերը, քաղաքագետն արձագանքում է Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի երեկվա հայտարարություններին՝ հայ-իրանական սահմանի հնարավոր փոփոխության վերաբերյալ։

Երեկ այաթոլլա Ալի Խամենեին իր նստավայրում ընդունել է Թեհրանում գտնվող Թուրքիայի նախագահ Էրդողանին և ընդգծել՝ Իրանը կընդդիմանա «Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու հնարավոր դավադրությանը»։ Ապա Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպմանը Իրանի հոգևոր առաջնորդը կրկնել է գրեթե նույնը՝ նշելով, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում:

«Ըստ էության, մենք 44-օրյա պատերազմից ի վեր տեսնում ենք Հարավային Կովկասի վերաբաժանումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ու Իրանը որպես կանոն հանդես է գալիս արձագանքողի դերում», - նշեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը:

Միջանցքի հարցը մնում է բանակցությունների օրակարգում, կարծում է քաղաքագետը, թեև ըստ նրա՝ այժմ չի քննարկվում էքստերիտորիալության (արտատարածքային) սկզբունքով՝ երկրի ինքնավարությունը խախտող միջանցքի տարբերակը, այլ սեղանին է ռուսական տարբերակը, որը հնավորություն կտա ադրբեջանական մեքենաներին անցնել Հայաստանի տարածքով՝ ռուսների ուղեկցությամբ։

«Ես չեմ կարծում, որ որևէ պահի սեղանին դրված է եղել և լուրջ քննարկվել է թուրքական կամ ադրբեջանական սցենարով միջանցքը, ըստ իս, միշտ էլ քննարկվել է բացառապես ռուսական միջանցքը, որը չունի էքստերիտորիալության սկզբունք, և այդպիսով իսկ սահմանային որևէ փոփոխության կամ Իրանի հետ Հայաստանի սահմանի վտանգի խնդիր չկա: Կա միայն ֆունկցիոնալ միջանցքի խնդիր: Այսինքն՝ ասել է, թե ինչ-որ հատուկ ռեժիմ է լինելու մի ճանապարհի վրա, որտեղ ռուսական հատուկ ստորաբաժանումները կամ հատուկ ծառայությունները ուղեկցելու են ադրբեջանական ֆուռերը», - ասաց Քոչինյանը:

Թուրքական կողմից վերջին անգամ միջանցքի թեմային անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, հունիսի վերջին Բաքվում նա կրկին կոչ է արել բացել «Զանգեզուրի միջանցքը, որը կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը»։

Հայ- իրանական սահմանը կարևոր տնտեսական ու անվտանգային նշանակություն ունի Իրանի համար, սրանից բացի քաղաքական մեկնաբանները այս պահին հավանական չեն համարում՝ Ռուսաստանի շահերից բխի թույլ տալ, որ Հայաստանը կորցնի վերահսկողությունը Սյունիքի հանդեպ։

«Ստրատեգիական պատկերը ռեգիոնում ամբողջությամբ կփոխվի, եթե Սյունիքի վրա Հայաստանի վերահսկողությունը վերանա, և ես պարզապես չեմ տեսնում որևէ նման շահագրգռություն Ռուսաստանի կողմից, Իրանի կողմից առավել ևս՝ նման բան թույլ տալու», - նշեց քաղաքագետ Արման Գրիգորյանը:

Չի բացառվում նաև քիչ հավանական այն տարբերակը, որ ուկրաինական պատերազմի ու մյուս զարգացումների պատճառով Ռուսաստանը հայտնվի այնքան ծանր վիճակում, որ զիջումների գնա Հայաստանի անվտանգության հաշվին, սակայն, ըստ քաղաքագետ Արման Գրիգորյանի, նման զարգացում առայժմ տեսանելի չէ։

«Առայժմ չեմ տեսնում նախադրյալներ, որ Ռուսաստանն այդ աստիճան ծանր վիճակում է, որ նման բան կարող է զոհասեղանին դրվել, որովհետև նորից եմ ասում, սա միայն Հայաստանի շահերին չի առնչվում, դա ամբողջ ռեգիոնալ կոնտեքստը կփոխի, ուժերի հարաբերակցությունը կփոխի ամբողջ ռեգիոնի», - ընդգծեց Գրիգորյանը:

Իսկ ի՞նչ կանի Իրանը, եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանը փորձի գրավել Սյունիքը, իսկ Ռուսաստանը չընդդիմանա. - «Արցախի շուրջ 7 շրջանների պատկանելը Հայաստանին նույնպես անընդունելի էր Իրանի համար, բայց դա տևում էր տասնամյակներ ու շարունակում էր անընդունելի լինել Իրանի համար»:

Թեհրանում Իրանի նախագահ Ռաիսիի, Էրդողանի և Պուտնի եռակողմ հանդիպմանը ևս քննարկվել են տարածաշրջանային թեմաներ, այդ թվում` ղարաբաղյան խնդիրը և հայ-թուրքական կարգավորումը։

XS
SM
MD
LG