Մատչելիության հղումներ

«Ինչ-որ բաներ կան կյանքում, որ ստիպում են քեզ ավելի շուտ մեծանաս». 44-օրյա պատերազմի մասնակից


Հունան Հակոբյանն իր վաճառակետում։
Հունան Հակոբյանն իր վաճառակետում։

Հունան Հակոբյանը 44-օրյա պատերազմի մասնակից է։ Երբ բախումները սկսվեցին, նրա ծառայութան ավարտին մնացել էր ընդամենը 3 ամիս, ծանր վիրավորվել է պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում, խորը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վերակենդանացման բաժին, տարել է տասնյակ վիրահատություններ։

«Մոտ մի 3 հատ էլ ունեմ։ Պլաստիկի հետ ա կապված, մեկ էլ աչքերը... պիտի բացեն, մի հատ էլ կվիրահատեն, նոր կբացեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հունանը։

Հիվանանոցում անցկացրած երկար ու անվերջ թվացող օրերին էլ մտածել է, թե դուրս գրվելուց հետո ինչով է զբաղվելու։ Սպորտով այլևս չէր կարող զբաղվել առողջական խնդիրների պատաճռով, որոշեց սեփական փոքրիկ բիզնեսը հիմնել ու սկսեց մանրամասն ծրագրել. - «Կոնկրետ քաղցրավենիքն էինք մտածում, հետո մտածեցինք, որ ճիշտ կլինի, որ հետը խմիչքներ էլ լինեն։ Հետո ժամանակ անցավ, փորձը ցույց տվեց, որ ավելի լավ ա կենտրոնանանք մի քիչ խմիչքների վրա։ Հետո մի քիչ ժամանակ անցավ, մենք հասկացանք ինչն ա կարևոր գործի համար, և հաջողվեց»։

Հունանը Երևանում սուրճի ու այլ ըմպելիքների փոքրիկ վաճառակետ է բացել, մարդիկ այստեղից սուրճ, թեյ են գնում, վատ եղանակին նաև նստում ու խմում տեղում։

Այս ոլորտում փորձ բոլորովին չի ունեցել, բանակ գնալուց առաջ հասցրել էր միայն ավարտել դպրոցը։ Փորձի պակասը նրան չխանգարեց գործը գլուխ բերել, հիմա անգամ մտածում են սրճարանն ընդլայնելու մասին. - «Ինչքան էլ հետաքրքրվես, նայես, կարդաս, մեկ ա, պիտի էդ իրավիճակում հայտնվես, որ հասկանաս, քո փորձով հասկանաս, որ ամեն ինչն էլ ժամանակ ա պահանջում, ուղղակի պիտի որոշումներդ ճիշտ ընդունես ու չվախենաս սխալվելուց։ Թե' բիզնեսում, թե' կյանքում, որովհետև բոլորս էլ ձգտում ենք, որ չսխալվենք, բայց սխալն էլ ա պետք, որ կարողանանք ճիշտը իմանանք»։

Պատերազմի մասին խոսել չի սիրում, անգամ նախընտրում է չհիշել, բայց բանակային ընկերներով ժամանակ առ ժամանակ հանդիպում են։ Ասում է, որ շատերն են իր նման փորձում են զբաղված լինել, աշխատել, հարկեր վճարելով օգտակար լինել բանակին, մտածել ապագայի մասին. - «Մարդ կա, ծրագրավորում ա սովորում, մարդ կա, վարսավիր ա... ծառայությունից հետո արդեն մի քիչ ուրիշ ձև ես նայում, արդեն ավելի մեծացած ես գալիս, ինչ-որ բաներ կան կյանքում, որ ստիպում են քեզ ավելի շուտ մեծանաս»։

Առայժմ սուրճ պատրաստելիս ձեռնոցները չի հանում, դրանք ձգում են սպիներ ունեցող ձեռքերի մաշկը, ինչպես նաև գրավում հաճախորդների ու անծանոթների ուշադրությունը. եթե ոչ զբոսաշրջիկները, ապա տեղացիները առանց հարցերի կռահում են, թե որտեղից են Հունանի սպիները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG