Մատչելիության հղումներ

Թբիլիսին Մոսկվային կոչ է արել դադարեցնել «Վրաստանի դեմ անօրինական և սադրիչ գործողությունները»


Արխիվ
Արխիվ

Ռուս-վրացական պատերազմի 14-րդ տարելիցին Վրաստանի արտգործնախարարությունը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել «Վրաստանի դեմ անօրինական և սադրիչ գործողությունները», հարգել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, դուրս բերել զորքերը Վրաստանից և չեղարկել Հարավային Օսիայի և Աբխազիայի «ճանաչման անօրինական որոշումը»:

«14 տարվա օկուպացիայից հետո Ռուսաստանը չի կատարում Եվրամիության միջնորդությամբ ստորագրված 2008 թվականի օգոստոսի 12-ի զինադադարի համաձայնագիրը, ընդլայնում է իր անօրինական վերահսկողությունը օկուպացված շրջաններում, շարունակում է դրանց ռազմականացման գործընթացը, ակտիվորեն քայլեր է ձեռնարկում դրանք փաստացի բռնակցելու ուղղությամբ»,- հայտարարել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, իր հերթին, պատերազմը սկսվելու մեջ մեղադրել է նախկին իշխանություններին և Վրաստանի այն ժամանակվա նախագահ, այսօր բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլիին։

«Նախկին նախագահ Սաակաշվիլիի անխոհեմ քաղաքականության, նրա սադրիչ քայլերի հետևանքով նախկին վարչակազմը չկարողացավ խուսափել այս ողբերգական պատերազմից։ Դա դավաճանություն էր Սաակաշվիլիի և նրա թիմի կողմից, նրանք զոհաբերեցին մեր երկիրն ու ժողովրդին, մեր զինվորականներին», - ասել է վարչապետը:

Պաշտոնական Թբիլիսիի տվյալներով` օգոստոսյան հնգօրյա այդ պատերազմում զոհվել է Վրաստանի 228 խաղաղ բնակիչ, 169 զինվորական և 19 ոստիկան, մոտ 120 հազար մարդ, ըստ ՄԱԿ-ի, դարձել է փախստական: Պատերազմը դադարեցվեց Եվրամիության և այդ ժամանակ կառույցում նախագահող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջնորդությամբ։ Սարկոզին իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ խաղաղ կարգավորման ծրագիր էր մշակել, ըստ որի` կողմերը պետք է իրենց զինված ուժերը վերադարձնեին այն դիրքեր, որոնք զբաղեցնում էին մինչ ռազմական հակամարտությունը։

Չնայած դրան՝ Ռուսաստանը մինչ օրս պահպանում է ռազմական ներկայությունը Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Ավելին, պարբերաբար շրջանառվում է անջատված այդ շրջանները Ռուսաստանի կազմ մտցնելու հարցով հանրաքվե անցկացնելու հարցը: Մոսկվան երկու շրջաններն էլ ճանաչել է «ինքնիշխան պետություններ»։ Ռուսաստանից բացի, մինչ օրս այդ քայլին գնացել են միայն Նիկարագուան, Վենեսուելան, Սիրիան և կղզի-պետություն Նաուրուն։

Ու թեև Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական լարվածությունը դեռ չի մարել, դրան զուգահեռ միջազգային փորձագետները խոսում են տնտեսական կապերի ակտիվացման մասին: «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի վրացական մասնաճյուղը, մասնավորապես, վերջերս ծավալուն զեկույց հրապարակեց, համաձայն որի` այս տարվա մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է գրեթե 6400 ռուսական ընկերություն, ինչը յոթ անգամ գերազանցում է անցած տարվա 12 ամիսների ցուցանիշը։ Դրանից զատ, Վրաստանը ցորենի և ալյուրի 95%-ը ներուծում է հենց Ռուսաստանից և այդ երկիր արտահանում վրացական գինու մոտ 60%-ը։ Ու մինչ ընդդիմությունը պահանջում է Մոսկվայի դեմ կոշտ քայլեր ձեռնարկել Ուկրաինայի վրա հարձակվելու համար, կառավարությունը ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին մինչ օրս չի միացել:

Թբիլիսին Մոսկվային կոչ է արել դադարեցնել «Վրաստանի դեմ անօրինական և սադրիչ գործողությունները»
please wait

No media source currently available

0:00 0:03:39 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG