Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի համոզմամբ, Ռուսաստանի հետ առկա խնդիրները հնարավոր է լուծել բացառապես Մոսկվայի և անձամբ Վլադիմիր Պուտինի հետ ուղղակի երկխոսության միջոցով։ Այս մասին Բուրջանաձեն հայտարարել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Կասկած չկա, որ մենք շատ լուրջ խնդիրներ ունենք Ռուսաստանի հետ, բայց ես գիտեմ, որ միակ մարդը Ռուսաստանում, որ կարող է դրականորեն (նաև բացասաբար) ազդել ռուս-վրացական հարաբերությունների վրա, Վլադիմիր Պուտինն է։ Այդ իսկ պատճառով ես վստահ եմ՝ եթե Վրաստանում իրոք ցանկանում են փոխել երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը՝ պետք է խոսեն այն մարդու հետ, որ կարող է իրապես ազդել դրանց վրա։ Կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահի հետ խոսելը միայն դրական երևույթ է», - նշել է Բուրջանաձեն։