Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը «չի կարող անտարբերությամբ նայել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «ռազմական գործողություններին»:
«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային»,- ասել է Ստոլտենբերգը, խոստովանելով, որ Արևմուտքը բարձր գին է վճարում դրա համար. «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, օրինակ, հանգեցրել են գնաճի անգամ դաշինքի անդամ երկրներում: Սա, սակայն, համեմատելի չէ այն գնի հետ, որը վճարում է Ուկրաինան»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ դաշինքը չի կարող թույլ տալ Ռուսաստանին հաջողության հասնել Ուկրաինայում. «Աշխարհը, որտեղ Պուտինը կարող է դաս քաղել, թե հնարավոր է ուզածիդ հասնել` ռազմական ուժ կիրառելով, վտանգավոր է մեզ համար։ Եթե Ռուսաստանը հաղթի այս պատերազմում, դա կհաստատի, որ բռնությամբ կարող ես ստանալ, ինչ ուզում ես։ Այդ դեպքում հաջորդը կարող են լինել հարևան մյուս երկրները»։
Ուկրաինայի նախագահը զզվելի է անվանել Շրյոդերի այցը Մոսկվա
Մինչ Արևմուտքը շարունակում է աջակցել Ուկրաինային, նախագահ Զելենսկին փորձում է ստանալ նաև Չինաստանի օգնությունը, որի հետ հատկապես վերջին օրերին Միացյալ Նահանգները, մեղմ ասած, լուրջ տարաձայնություններ ունի: Երեկ, մասնավորապես, Զելենսկին կոչ է արել Պեկինին օգտագործել իր հսկայական քաղաքական և տնտեսական ազդեցությունը Ռուսաստանի վրա` մարտերն Ուկրաինայում դադարեցնելու համար։
«Չինաստանը շատ հզոր պետություն է՝ հզոր տնտեսությունով, հետևաբար կարող է քաղաքական և տնտեսական ազդեցություն ունենալ Ռուսաստանի վրա։ Բացի այդ, Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է», - չինական թերթին տված հարցազրույցում ասել է Զելենսկին՝ հավելելով, թե կուզենար անձամբ խոսել առաջնորդ Սի Ծինփինի հետ։
Պաշտոնական Պեկինը չեզոքություն է պահպանում ռուս-ուկրաինական պատերազմի հարցում, սակայն Մոսկվայում Պեկինին դաշնակից են համարում, այդ թվում՝ հակառուսական պատժամիջոցների հարցում Չինաստանի դիրքորոշման պատճառով։ Պեկինը դրանց չի միացել, միևնույն ժամանակ չինական ընկերությունները, վերլուծաբանների գնահատմամբ, շատ զգույշ են ռուսական կողմի հետ համագործակցության հարցում։
Միաժամանակ Զելենսկին չի ընդունում Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի միջնորդությունը, ավելին՝ Ուկրաինայի նախագահն ուղղակի զզվելի է անվանել Շրյոդերի այցը Մոսկվա։
«Ընդհանուր առմամբ, ուղղակի զզվելի է, երբ եվրոպական արժեքներ կրող հզոր պետությունների նախկին ղեկավարներն աշխատում են Ռուսաստանի համար», - ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը պնդում է, որ Գերհարդ Շրյոդերի խոսքերը, թե Մոսկվան կողմ է ուկրաինական ճգնաժամը բանակցությունների միջոցով լուծելուն, չեն համապատասխանում իրականությանը։ Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը չի ցանկանում երկխոսություն, և ուկրաինական կողմը պետք է շարունակի պայքարը։
Շրյոդերը Մոսկվա էր այցելել հուլիսի վերջին։ Ըստ Կրեմլի, բանակցությունների ընթացքում քննարկվել էր Եվրամիության էներգետիկ ճգնաժամը։Մոսկվայից Եվրոպա վերադառնալուն պես Գերմանիայի նախկին կանցլերը հայտարարել էր, թե էներգետիկ ճգնաժամի լավագույն լուծումը կլիներ «Հյուսիսային հոսք 2-ի» գործարկումը։
Միաժամանակ Գերմանիայի նախկին կանցլերը վստահեցրել է, որ Պուտինի հետ խոսել է նաև Ուկրաինայի մասին, և որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների նստել Ուկրաինայի հետ։
Երեկ Կրեմլի խոսնակն, իր հերթին, կրկին ասել է այն, ինչ պաշտոնական Մոսկվան վերջին ամիսներին անընդհատ պնդում է՝ Մոսկվան պատրաստ է բանակցություններով կարգավորել տարաձայնությունները, սակայն իր պայմաններով։
Մինչ այդ մարտական գործողությունները շարունակվում են, դրանք այսօր հիմնականում երկու հատվածում են՝ Ուկրաինայի հարավում՝ Խերսոնի ուղղությամբ և Դոնեցկի մարզում, որոնք գտնվում են ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Ուկրաինայի նախագահը դեռ երկու շաբաթ առաջ էր հրամայել բանակին ազատագրել երկրի հարավը, այս պահի դրությամբ, սակայն, տեղում իրավիճակի շոշափելի փոփոխություն չկա: