Մատչելիության հղումներ

Ուկրաինական կողմը հայտարարում է՝ ռազմաճակատի մի շարք հատվածներում իրադրությունը մնում է ծայրահեղ ծանր


Ուկրաինայի հետ սահմանակից ռուսական Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն այսօր հայտարարել է, թե սահմանամերձ շրջանների ավելի քան երկու տասնյակ դպրոցներն ու մանկապարտեզները կփակվեն, երեխաները կտեղափոխվեն այլ բնակավայրեր։

Ռուսական կողմն այս քայլը մեկնաբանում է ահաբեկչության սպառնալիքով։

Կրեմլն իր հերթին այսօր կրկին հայտարարել է, թե Մոսկվան պատրաստ է Ուկրաինայում խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, բայց՝ իր պայմաններով։ Ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, այս հարցը քննարկվել է Պուտինի և Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի վերջին հանդիպման ժամանակ:

Մինչ այդ ուկրաինական կողմը հայտարարում է, թե ռազմաճակատի մի շարք հատվածներում իրադրությունը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անգամ դժոխային բառն է օգտագործել երեկվա ելույթի ժամանակ։

«Այո, իսկապես, մենք դեռևս չենք կարող հաղթահարել այն առավելությունը, որն ունի ռուսական կողմը հատկապես հրետանու և մարդուժի տեսանկյունից: Դա հատկապես զգալի է Դոնբասում ծավալված մարտերի ընթացքում՝ Պիսկի, Ավդիիվկա բնակավայրերի մերձակայքում: Այնտեղ իրավիճակն իրոք դժոխային է, բառերով դա նկարագրել պարզապես հնարավոր չէ», - հայտարարել է Զելենսկին:

Միաժամանակ Վլադիմիր Զելենսկին շեշտել է ամերիկյան զինատեսակների, մասնավորապես, HIMARS հրթիռային համակարգերի կարևորությունը։ Ուկրաինացի զինվորականները պնդում են, որ ամերիկյան այդ համակարգերը իրենց ճշգրտությամբ և հեռահարությամբ թույլ են տալիս կրճատել Ռուսաստանի հրետանու առավելությունը։

«HIMARS բառը մեր երկրի համար գրեթե արդարություն բառի հետ հոմանիշ է դարձել, և ուկրաինացի պաշտպաններն ամեն ինչ կանեն, որպեսզի օկուպանտներն ամեն շաբաթ ավելի ու ավելի ցավալի կորուստներ զգան այս շատ արդյունավետ համակարգերի շնորհիվ», - ընդգծեց է Ուկրաինայի նախագահը:

Վերջին օրերին ռուսական կողմը շարունակ հայտարարում էր, թե կարողանում է շարքից հանել այդ համակարգերը։ Երեկ այդ մասին անգամ պաշտպանության նախարար Շոյգուն էր խոսել՝ առանց որևէ փաստ ներկայացնելու։ Ավելի ուշ Պենտագոնը խոսնակը հերքել է ռուսական կողմի այս պնդումները. «Մենք տեղյակ ենք նախարար Շոյգուի այս վերջին հայտարարությունների մասին, և դրանք կրկին ակնհայտ կեղծ են»:

Այդուամենայնիվ, Ուկրաինայի իշխանությունները նշում են, որ նույնիսկ ամերիկյան հեռահար սպառազինությունը ստանալուց հետո ուկրաինական բանակը զիջում է ռուսական հրետանուն և սպասում է կատաղի մարտերի Դոնեցկի մարզում։

Նախագահ Զելենսկու հրամանով երեկվանից իշխանությունները սկսել են տարհանել բնակչությանը Դոնեցկի մարզի Ուկրաինայի վերահսկողության տակ մնացած շրջաններից՝ հանուն նրանց անվտանգության։ Իրավիճակը սրվում է ժամ առ ժամ, պատմել են տեղի՝ հիմնականում ռուսալեզու բնակիչները։

«Իհարկե, ավելի վտանգավոր է դարձել: Ռուսները մոտենում են Կրամատորսկի և Բախմուտի ուղղություններից: Եվ կյանքի վտանգը օրեցօր մեծանում է: Եվ նաև մեզ ասացին, որ մենք ջեռուցում չենք ունենա: Մենք ջուր ունենք միայն օրական մի քանի ժամ, երբեմն 2-3 օր ընդհանրապես ջուր չունենք», - ասել է բնակիչներից մեկը:

Դիվանագիտական ճակատում վերջին շաբաթներին քննարկվում է ամերիկացի օրենսդիրների առաջարկը՝ Ռուսաստանը որպես ահաբեկչական երկրի ճանաչելու վերաբերյալ։ Պետքրատուղար Բլինքենը արդեն հայտարարել է, որ առանց դրա էլ Արևմուտքը իր պատժամիջոցներով ստիպում է ռուսաստանին պատասխան տալ Ուկրաինայի դեմ պատերազմի համար։

Ի դեպ, այդ սահմանափակումների ցանկը գնալով ընդլայնվում է․ Վաշինգտոնը այսօրվանից սև ցուցակում է ներառել նաև նախկին մարմնամարզուհի Ալինա Կաբաևային, ով ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից բնութագրվում է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ հարաբերություններ ունեցող անձ: Բացի այդ, նշվում է, որ նա ղեկավարում է National Media Group-ը, որը ներառում է հեռուստատեսային, ռադիո և տպագիր կազմակերպություններ։ Ավելի վաղ Կաբաևայի դեմ պատժամիջոցներ էին սահմանել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG