Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ միջուկային սպառազինության նոր համաձայնագիր կնքել


Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել. Պուտին

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ու միջուկային զենքի հնարավոր օգրագործման շուրջ քննարկումների ֆոնին` Ռուսաստանի նախագահը հայտարարել է, թե միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինում։ Վլադիմիր Պուտինի այս գրավոր խոսքը տարածվել է երեկ՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի 10-րդ համաժողովի շրջանակներում։

«Մենք ելնում ենք նրանից, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի, և մենք հանդես ենք գալիս համաշխարհային հանրության բոլոր անդամների համար հավասար և անբեկանելի անվտանգության օգտին», - ասել է ՌԴ նախագահը:

Հակառակ իր այս պնդմանը՝ ամիսներ առաջ` Ուկրաինայի հետ պատերազմը սկսելուց հետո, Պուտինը ռազմավարական հրթիռային ուժերին հրամայել էր մարտական հերթապահություն սկսել։ Ավելին՝ իշխանության ներկայացուցիչները և պետական լրատվամիջոցների լրագրողները բազմիցս ակնարկել են Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին։

Փարիզը, Վաշինգտոնն ու Լոնդոնը կոչ են արել Մոսկվային կանխել միջուկային պատերազմը

Այդուամենայնիվ, արձագանքելով Պուտինի երեկվա հայտարարությանը` Միացյալ Նահանգների նախագահը նույնպես գրավոր հայտարարության տեսքով նշել է, թե ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ միջուկային սպառազինության նոր համաձայնագիր կնքել։

Միջուկային սպառազինությունը այն խիստ եզակի ոլորտներից է, որտեղ Մոսկվան ու Վաշինգտոնը պատրաստ են համագործակցել, համենայն դեպս երկու երկրների առաջնորդները նման հայտարարություններ պարբերաբար անում են։

Երեկ մինչև Պուտինի ելույթը Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները կոչ են արել Ռուսաստանին դադարեցնել «վտանգավոր միջուկային հռետորաբանությունը» և կանխել միջուկային պատերազմը։

Միջուկային զենքի վերացումը միակ երաշխիքն է, որ դրանք չեն կիրառվի. Գուտերեշ

Համաժողովի բացմանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն էլ ասել է, որ աշխարհը կանգնած է աննախադեպ միջուկային վտանգի առաջ, և կոչ արել ամբողջությամբ վերացնել միջուկային զենքն աշխարհում:

«Ռիսկերի նվազեցումը բավարար չէ: Միջուկային զենքի վերացումը միակ երաշխիքն է, որ դրանք չեն կիրառվի: Մենք պետք է անխոնջ աշխատենք այդ ուղղությամբ», - նշել էր Գուտերեշը:

Միջազգային օրակարգում այսօր, սակայն, ոչ թե միջուկային զենքի ամբողջական ոչնչացնում է, այլ գոնե դրա սահմանափակումը, չտարածումը և միջուկային պատերազմ բացառելը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկվա խորհրդաժողովում կոչ է արել Ռուսաստանին և Չինաստանին ցույց տալ, որ հավատարիմ են միջուկային զենքի սահմանափակմանը. «Իմ վարչակազմը պատրաստ է անհապաղ բանակցել սպառազինությունների վերահսկման նոր համակարգի շուրջ: Բայց բանակցությունները պահանջում են բարեխիղճ գործընկեր»:

Ավելի քան կես դար առաջ՝ 1968 թվականին ստորագրված պայմանագիրը օրինականացրել է Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջուկային զինանոցները։ Պայմանագիրը ստորագրած մյուս պետությունները զրկված են զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու կամ ձեռք բերելու իրավունքից։ Մինչ օրս պայմանագրին միացել է ավելի քան 190 երկիր, փասաթուղթը չեն ստորագրել Իսրայելը, Հնդկաստանը և Պակիստանը, իսկ 2003-ին պայմանագրից դուրս է եկել նաև Հյուսիսային Կորեան, որը պարբերաբար սպառնում է միջուկային պատերազմով, օրինակ` Միացյալ Նահանգներին:

XS
SM
MD
LG