Մատչելիության հղումներ

Հայաստանն Ադրբեջանի դեմ երրորդ միջպետական գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երրորդ միջպետական գանգատն է ստացել Հայաստանից ընդդեմ Ադրբեջանի: Այստեղ Արցախի Խրամորթ գյուղում ապրող մարդկանց նկատմամբ պարբերաբար հնչող աուդիոսպառնալիքներն են, Արցախ մտնող գազատարի վնասումը, ադրբեջանական զինուժի կողմից սեփական դաշտերում աշխատող արցախցիների նկատմամբ հնչող կրակահերթերը:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը այս ամենի մասին միջանկյալ միջոց կիրառելու պահանջ Ստրասբուրգի դատարան էր ուղարկել շուրջ 4 ամիս առաջ:

«Արցախի Հանրապետության գազամատակարարման դադարեցմանը, նաև Խրամորթ և Փառուխ գյուղերի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիային միջանկյալ միջոց կիրառելու դիմումից հետո դատարանը մեզ տրամադրեց ժամկետ, որպեսզի ներկայացնենք ամբողջական գանգետը բոլոր փաստարկներով, ապացույցներով, և հուլիսի 27-ին մեր կողմից ներկայացվել է միջպետական հերթական գանգատը», - ասում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:

Պատասխանող կառավարությունը՝ Ադրբեջանը արդեն իսկ դատարանից ծանուցում է ստացել, ասում է Լիպարիտ Դրմեյանը. «Կառաջադրվեն Ադրբեջանին նաև հարցադրումներ գանգատի ընդունելության վերաբերյալ այնպես, ինչպես բոլոր մյուս միջպետական գանգատների դեպքում, ժամկետ կտրամադրվի պատասխանելու այդ հարցերին: Երբ մենք կստանանք Ադրբեջանի կողմից դատարանի ներկայացրած հարցերի պատասխանները, մենք ինքներս կներկայացնենք արդեն առարկություն այդ պատասխաններին, որից հետո դատարանը նշանակելու է առաջին դատական նիստը»:

Հայաստանի առաջին միջպետական գանգատն ընդդեմ Ադրբեջանի արդեն առարկությունների փուլ է մտել, Դրմեյանը ենթադրում է՝ ստրասբուրգյան առաջին լսումը կա՛մ տարեվերջին, կա՛մ եկող տարվա առաջին եռամսյակում կնշանակվի. այս գանգատն ամենածավալունն է: Այստեղ պատերազմական ու հետպատերազմական խախտումներն են, շուրջ 90 հազար տեղահանվածների ունեցվածքի փոխհատուցման պահանջը. Հայաստանի կառավարությունը պահանջում է նաև ոչ նյութական վնասի փոխհատուցում:

«Այն ցավի, զրկանքների, տառապանքի համար, որոնք մարդիկ կրել են իրավունքի խախտումների արդյունքում, ռազմագերիները, նրանց հարազատները, քաղաքացիական անձինք, ովքեր մահացել են ռազմական գործողությունների ընթացքում, նաև նրանց հարազատները», - ներկայացրեց նա:

Գերիների հարցը ներառված է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի բոլոր գանգատներում, դրանցից մեկն ամբողջությամբ նրանց արդար դատաքննության իրավունքների խախտումներին է վերաբերվում: Այլ հարց է, թե Ադրբեջանն ինչպես, ինչ ծավալով է կատարելու եվրոպական դատարանի վճիռները, շեշտում է Լիպարիտ Դրմեյանը՝ հիշեցնելով՝ Ադրբեջանն ու Թուրքիան Եվրոպայի խորհրդի անդամ միակ երկրներն են, որ պատասխանատվության են կանչվել դատարանի վճիռները չկատարելու համար. «Մենք առավելագույն օգտագործել ենք և օգտագործելու ենք այս իրավական հնարավորությունը` արձանագրելու, ֆիքսելու միջազգային դատարանի վճռով, դատական ակտով, թե ինչպիսի խախտումներ է Ադրբեջանը թույլ տվել և պարտավորեցնելու նրան վճարելու փոխհատուցում, տրամադրելու փոխհատուցում տուժած անձանց»:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակն այժմ նախապատրաստում է չորրորդ միջպետական գանգատն ընդդեմ Ադրբեջանի։ Այն նախորդ տարվա մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման վերաբերյալ փաստեր է պարունակում` Գեղարքունիքի ու Սյունիքի սահմանային հատվածներից գերեվարված երեք զինծառայողներ դեռ Ադրբեջանում են:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նաև Ադրբեջանից է գանգատ ստացել ընդդեմ Հայաստանի՝ մեկը։



XS
SM
MD
LG