Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի:
Հուլիսի 27-ին ներկայացված գանգատը, ըստ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի, վերաբերում է «2022 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի Խրամորթ և Փառուխ գյուղերի ուղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտմանը, Արցախի սահմանամերձ գյուղերի բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրական սպառնալիքներին, ինչպես նաև 2021-2022 թվականների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման դեպքերին, որոնց արդյունքում խախտվել է անձանց կյանքի իրավունքը»։
Դրությունը Լեռնային Ղարաբաղում կրկին սրվեց մարտի վերջին, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ, հայկական կողմը զոհեր տվեց։
Շուրջ մեկ ամիս ադրբեջանցիների թիրախում էր նաև Արցախի Խրամորթ գյուղը՝ կրակում էին նաև ականանետից։ Իր տան բակում խաղաղ բնակիչ վիրավորվեց ադրբեջանական ականի պայթյունից, կանայք, երեխաները ստիպված հեռացան գյուղից։ Խրամորթցիներին հատկապես տագնապի էր մատնել այն, որ ադրբեջանական կողմն իրենց դիրքերին զինտեխնիկա էր մոտեցրել: Օրեր անց ռուս խաղաղապահները մշտական հենակետ տեղակայեցին, դրանից հետո այդ հատվածում լուրջ միջադեպեր չեն եղել։