Ուկրաինայի հետ համաձայնագրի հարցով Ռուսաստանի պահանջները պահպանվում են, բանակցությունների վերսկսման դեպքում ռուսական կողմը կպնդի իր առաջարկներին «հստակ պատասխան» տալ, «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում ասել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը, մասնավորապես, պահանջում է «Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային և ոչ միջուկային կարգավիճակ, գոյություն ունեցող տարածքային իրողությունների ճանաչում, այդ թվում՝ Ղրիմի ներկայիս կարգավիճակի» և ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչում:
«Եթե Ուկրաինան ցանկություն հայտնի վերադառնալ բանակցությունների սեղան, մենք պատրաստ ենք դրական արձագանքել», - հավելել է ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը։
Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ մտադիր չեն որևէ տարածքային զիջման գնալ։ Կիևը, ինչպես հաղորդվում է, Մոսկվայի հետ բանակցություններում առաջարկել է 15 տարով «սառեցնել» Ղրիմի կարգավիճակը և այդ ընթացքում բանակցություններ վարել, Ռուսաստանի կողմից բռնակցված թերակղզու նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելու մասին խոսք չկա։