Ռուսաստանն ու Չինաստանն այսօր 16 նոր փաստաթուղթ են ստորագրել, այս թվում՝ համաձայնագրեր գազի ու նավթի ոլորտներում։ Պայմանավորվածությունները ձեռք են բերվել երկու երկրների նախագահների այսօր Պեկինում կայացած բանակցությունների արդյունքում: Ընդ որում, Պուտինը դարձել է առաջին օտարերկրյա առաջնորդը, ում հետ Սի Ծինփինը դեմ առ դեմ հանդիպում է ունեցել կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր։
Երկու գերտերությունների ղեկավարները նաև համատեղ հայտարարություն են ընդունել միջազգային հարաբերությունների և գլոբալ կայուն զարգացման վերաբերյալ՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև սրվող առճակատման ֆոնին։
Վլադիմիր Պուտինը հատուկ ընդգծել է՝ Պեկինի ու Մոսկվայի հարաբերությունները կարող են օրինակ ծառայել մյուսների համար։
«Մեր հարաբերություններն այսօր աննախադեպ գործընկերության բնույթ ունեն: Դրանք ընդօրինակման արժանի հարաբերություններ են, որոնք նպաստում են միմյանց զարգացմանը», - ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը։
Համատեղ հայտարարությունում Պեկին ու Մոսկվան ընդգծում են, որ աշխարհն այսօր բազմաբևեռ է, և միջազգային ասպարեզում մի շարք խնդիրներ իրենց չեն գոհացնում. - «Համաշխարհային ասպարեզում փոքրամասնություն ներկայացնող որոշ ուժեր շարունակում են կիրառել միջազգային խնդիրների լուծման միակողմանի մոտեցումներ, ուժային քաղաքականություն, միջամտում են այլ պետությունների ներքին գործերին, խոչընդոտում են մարդկության զարգացմանն ու առաջընթացին, ինչն անընդունելի է միջազգային հանրության համար»։
Ռուս -չինական համատեղ հայտարարությունը չի հստակեցնում ՝ կոնկրետ ում դեմ է ուղղված այս քննադատությունը, սակայն հստակ է, որ երկու պետություններն էլ, մեղմ ասած, լարված հարաբերություններ ունեն Արևմուտքի և Միացյալ Նահանգների հետ։
Արևմուտքի հետ չափազանց լարված հարաբերությունների ֆոնին Մոսկվան ակտիվ զարգացնում է հարաբերությունները Չինաստանի հետ․ վերլուծաբանների կարծիքով, ռուս- չինական հարաբերություններն այսօր, թերևս, ամենամոտն են Մաոյի ու Ստալինի ժամանակներից ի վեր։
Պեկինն այսօր Մոսկվայի ամենախոշոր առևտրային գործընկերներից է․ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն անցած տարի հասել է ռեկորդային՝ գրեթե 147 միլիարդ դոլարի, հիմա կողմերն ուզում են այն ավելացնել՝ հասցնելով մինչև 200 միլիարդի։
Երկու գերտերությունները նաև ռազմական համագործակցության ճանապարհային քարտեզ են ստորագրել և պայմանավորվել ավելի շատ համատեղ զորավարժություններ անցկացնել։
Փոխադարձ աջակցությունն ու կապերի սերտացումն առավել ակնհայտ դարձավ 2014-ի՝ Ղրիմի բռնակցումից հետո, երբ Արևմուտքը խստացրեց պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ, Ռուսաստանն էլ սկսեց խորացնել հարաբերությունները Պեկինի հետ։ Վերջին օրերին, երբ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը կրկին սրեց ռուս-արևմտյան հարաբերությունները, Պեկինը զգուշավոր, բայց՝ հստակ հայտարարություններով իր աջակցությունը հայտնեց Մոսկվային։
Մի քանի օր առաջ, մասնավորապես, Չինաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Ռուսաստանի մտահոգություններն անվտանգության շուրջ լեգիտիմ են և «անհրաժեշտ է լուրջ վերաբերվել ու աշխատել՝ դրանք փարատելու ուղղությամբ»։
Այս շաբաթասկզբին ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ Չժան Ջունն էլ ավելի հեռուն գնաց և հայտարարեց, որ Պեկինը համաձայն չէ ԱՄՆ-ի պնդումներին, առ այն, որ Ռուսաստանը սպառնում է միջազգային խաղաղությանը և կայունությանը։ Կտրուկ շարժումներ ու գործողություններ, սակայն, փորձագետները Պեկինից չեն ակնկալում, փաստելով՝ թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրամիությունը չափազանց կարևոր երկրներ են Չինաստանի համար։
Ապրանքաշրջանառությունը Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև, մասնավորապես, անցած տարի կազմել է 756 միլիարդ դոլար՝ ռուսականից մոտ հինգ անգամ շատ: Այդուամենայնիվ, եթե ուկրաինական ճգնաժամը սրվի, և Արևմուտքը նոր պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ, Չինաստանը, հավանաբար, Մոսկվային տնտեսական աջակցություն կառաջարկի, ինչպես դա արեց նախկինում։
Արևմտյան փորձագետների կարծիքով, մասնավորապես, Պեկինը կարող է Մոսկվային այլընտրանքային վճարային համակարգեր, ռուսական բանկերի և ընկերություններին համար վարկեր առաջարկել, ինչպես նաև մեծացնել ռուսական նավթի ներկրումները։ Մյուս կողմից Պեկինը Տայվանի հարցում Միացյալ Նահանգների հետ լուրջ դիվանագիտական հակամարտության առկայության ֆոնին, դժվար թե ի աջակցություն Մոսկվայի կտրուկ քայլերի գնա Ուկրաինայի հարցում։