Ըստ Reuters-ի հետաքննության, պատերազմից շատ առաջ Ռուսաստանը գաղտնի գործակալների ցանց է ստեղծել Ուկրաինայում։
Երբ փետրվարի 24-ին ռուսական առաջին զորքերը հասան Չեռնոբիլի ատոմակայան, նրանք բախվեցին ուկրաինական ստորաբաժանումների հետ, որոնց հանձնարարված էր պաշտպանել տեղանքը: Երկու ժամ չանցած՝ Ուկրաինայի ազգային գվարդիայի 169 զինվոր, առանց կռվի, վայր դրեց զենքը։ Չեռնոբիլում Ռուսաստանի այս հաջողությունը պատահական չէր, այլ գաղտնի գործակալներ ներթափանցելու Կրեմլի երկարամյա գործողության մաս, նշում են Reuters-ի աղբյուրները։
Նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ գտնվող ռազմական պլանավորողները կարծում էին, որ գաղտնի գործակալների օգնությամբ, պատերազմը սկսելուց մի քանի օր անց ընդամենը, Վլադիմիր Զելենսկին ստիպված կլիներ փախչել կամ կապիտուլյացիա ընդունել։ Կրեմը, սակայն, գերագնահատել է իր գաղտնի գործակալների ազդեցությունն ուկրաինական կառավարական օղակներում։
Լրագրողները հարցազրույցներ են անցկացրել Ռուսաստանի և Ուկրաինայի տասնյակ պաշտոնյաների հետ, ուսումնասիրել են Չեռնոբիլի ատոմակայանում աշխատող մարդկանց վարքագծի հետաքննության հետ կապված ուկրաինական դատարանի փաստաթղթերն ու հայտարարությունները։ Այս տվյալները թույլ են տալիս արձանագրել, որ ռուսական գաղտնի գործակալների ներթափանցումը խորն է եղել:
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը հարցազրույցում ասել է, որ ներխուժման ժամանակ Ռուսաստանն ուներ իր գործակալները պաշտպանական, անվտանգության և իրավապահ մարմիններում։
Այդուամենայնիվ, չնայած Ռուսաստանը հենց առաջին օրը գրավեց Չեռնոբիլը, Կիևում իշխանությունը զավթելու Մոսկվայի ծրագիրը ձախողվեց: Ռուսաստանում և Ուկրաինայում բազմաթիվ աղբյուրների համաձայն, շատ դեպքերում «քնած գործակալները» չեն կատարել այն աշխատանքը, ինչի համար վարձատրվել են:
Reuters-ի տվյալներով՝ այդ մարդիկ շատ բան չգիտեին, բայց Կրեմլի ներկայացուցիչներին միշտ ասում էին այն, ինչ Կրեմլում ցանկանում էին լսել։
Մի հարցում, սակայն, ռուսական հետախուզությունը հաջողության հասել է․ անվստահություն է սերմանել Ուկրաինայի ներսում և բացահայտել Ուկրաինայի անվտանգության ծառայության թերությունները։