Փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում զոհվել է 5237 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 348 երեխա։ ՄԱԿ-ի տվյալներով՝ քաղաքացիական անձանց մահվան պատճառ են դարձել մեծամասամբ ծանր հրետանու, ինչպես նաև հրթիռային և օդային հարվածները: Մոսկվան մինչդեռ շարունակում է պնդել, թե քաղաքացիական օբյեկտներին չի հարվածում։
Վերջին օրվա ընթացքում, սակայն, նորից հրթիռակոծվել են Նիկոլաև և Խարկով քաղաքները, Օդեսայի մարզը:
Ուկրաինայի նախագահը Օդեսայի մարզի Զատոկա գյուղի գնդակոծության հետևանքների մասին տեսանյութ է հրապարակել և գրել. «Սովորական առավոտ, Զատոկա գյուղ, մարդիկ հանգստանում ու պարզապես ապրում էին` ո՛չ բազա, ո՛չ զորք, ուղղակի Ռուսաստանի Դաշնությունից ահաբեկիչները ուզում էին կրակել, նրանք ամեն ինչի համար պատասխանատվության են ենթարկվելու»:
Մինչ արևմտյան փորձագետները պնդում են, թե ռուսական ուժերն ունեն լուրջ խնդիրներ, և նրանց հարձակումը Դոնեցկի մարզում շատ դանդաղ ու դժվարություններով է ընթանում, ռուսական զորքերը վերջին օրվա ընթացքում կարողացել են չնչին առաջխաղացում արձանագրել Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքից հարավ: Սակայն, ըստ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետների` քիչ հավանական է, որ ռուսական բանակը կարողանա արդյունավետ օգտագործել այդ ձեռքբերումները և վերահսկի քաղաքը:
Մինչ այդ ուկրաինական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքների տարբեր ռազմավարական օբյեկտների, այդ թվում՝ կամուրջների ուղղությամբ։ Այս հարվածները վերջին օրերին՝ ամերիկյան նոր սպառազինության մատակարարումից հետո առավել թիրախային են դարձել։ ՏԱՍՍ գործակալությունն, օրինակ, հայտնում է, թե Դոնեցկում ուկրաինական ուժերը հրթիռակոծել են նավթի պահեստը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
«Գազպրոմը» հուլիսի 27-ից կդադարեցնի «Հյուսիսային հոսք 1»-ի ևս մեկ տուրբինի շահագործումը
Ռուսաստանն, իր հերթին, ռազմական գործողություններին զուգահեռ շարունակում է, արևմտյան առաջնորդների պնդմամբ, ագրեսիվ գազային քաղաքականությունը Եվրոպայում։ «Գազպրոմը» հայտարարել է, որ հուլիսի 27-ից կդադարեցնի «Հյուսիսային հոսք 1» գազատարի ևս մեկ տուրբինի շահագործումը՝ այդպիսով նվազեցնելով մղման ծավալը մինչև նախատեսված հզորության 20 տոկոսը։
«Հյուսիսային հոսք»-ը հիմնական գազատարն է, որը ռուսական գազ է մատակարարում Գերմանիային և ԵՄ այլ երկրներին: Հունիսից «Գազպրոմը» սկսեց կրճատել մղվող գազի ծավալը՝ բացատրելով դա տուրբինների վերանորոգման անհրաժեշտությամբ։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և եվրոպացի այլ առաջնորդներ բազմիցս հայտարարել են, որ Եվրոպա ռուսական գազի մատակարարումների նվազման պատճառը համարում են ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական և Ռուսաստանին մեղադրել են Եվրամիության երկրների դեմ «գազային պատերազմ» վարելու մեջ։ Մոսկվան մեղադրանքները կտրականապես հերքում է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ կոչ է արել նոր, ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան գազային ոլորտում Կրեմլի սկսած քաղաքականության։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ դա պետք է դիտել որպես ահաբեկչության տեսակ. «Եվ հետևաբար, անհրաժեշտ է հակահարված տալ: Ամեն ինչ արեք, որպեսզի սահմանափակեք Ռուսաստանի եկամուտը ոչ միայն գազից և նավթից, այլ ընդհանրապես ցանկացած արտահանումից, որը դեռևս մնում է»:
Ուկրաինայի նախագահը կոչ է անում եվրոպացիներին հնարավորինս խզել Ռուսաստանի հետ առևտրային կապերը: Զելենսկու խոսքով՝ յուրաքանչյուր նման կապ Ռուսաստանի համար ճնշման պոտենցիալ միջոց է։
Տնտեսագետները միաժամանակ ասում են, թե «Հյուսիսային հոսք 1» գազատարով բնական գազի մատակարարումները կրճատելով մինչև իր հզորության 20 տոկոսը` Ռուսաստանը «աղետալի հարված» է հասցնում սեփական տնտեսությանը: Fortune ամսագրում այս մասին մասնավորապես գրում են Յեյլի համալսարանի հետազոտողները:
Այսպես, Մոսկվան ստիպված է իր նավթը վաճառել ասիական երկրներին 35 տոկոս զեղչով, իսկ միայն մեկ գործող գազատարով Ռուսաստանից Չինաստան կամ Հնդկաստան բնական գազի մատակարարումները 2021 թվականին կազմել են Եվրոպա մատակարարումների միայն 10 տոկոսը, հաշվել են ամերիկացի փորձագետները: