Մեղրիի մարտական հենակետում ժամկետային զինծառայող է զոհվել՝ 20-ամյա Սամվել Սանեյանը։ Նախնական տվյալներով՝ երեկ երեկոյան ծառայակիցն է անզգուշությամբ կրակել նրա ուղղությամբ։ Սամվել Սանեյանը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին։
«Նախնական տվյալներով, 2022 թվականի ապրիլի 28-ին, ժամը 19:20-ի սահմաններում Պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով Սամվել Սանեյանին պատճառվել է հրազենային մահացու վիրավորում: Կատարվում է նախաքննության», - ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:
Քրեական գործ է հարուցվել զենքի հետ վարվելու կանոնները խախտելու, անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով, տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը։ Ծառայակիցը ձերբակալված է։
Սյունիքում ծառայող երկու զինծառայողներն էլ Գեղարքունիքի մարզից են: Զոհված զինվորը Ծովագյուղից էր, նրա բարեկամներից տեղեկացանք՝ 10 ամսվա ծառայող էր, նոր էր արձակուրդ եկել, ծառայությունից դժգոհ չէր:
«Անզգուշություն է եղել, դիտավորության ոչ մի բան չկա, յուրահատուկ երեխա էր ինքը, ծառայության ժամանակ էլ շատ ակուրատնի, նոր էր եկել օտպուսկ», - ասաց Ծովագյուղ համայնքի բնակիչ Տիգրան Վարդանյանը:
Այսօր մարտական հերթապահության հերթափոխը պիտի հանձներ ու դիրքից իջներ զորամաս:
Այս տարվա 4 ամիսների ընթացքում Հայաստանի ու Արցախի զինված ուժերում 17 զինծառայողի մահվան դեպք է եղել, Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալով՝ նրանցից միայն 7-ն են զոհվել ադրբեջանական կրակոցից, 10 զինվորների մահվան պատճառները տարբեր են՝ առողջական խնդիրներ, ավտովթարներ, հոսանքահարում, ինքնասպանություններ ու այս սպանությունը։
Իրավապաշտպանները պարբերաբար ահազանգում են՝ ոչ մարտական պայմաններում զինծառայողները շարունակում են սպանվել, հրամանատարական կազմը պատասխանատվության չի կանչվում:
Կարմիր խաչից հայտնում են՝ սահմանը հատած զինծառայողի հարցով երկխոսություն են սկսել Ադրբեջանի հետ
Օրեր առաջ էլ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի մարտական հենակետից սահմանը հատել ու ադրբեջանական կողմում էր հայտնվել շարքային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը: Պաշտոնական Բաքուն նրան արդեն իսկ որպես դիվերսանտ է ներկայացնում, Հայաստանի Պաշտպանության նախարարությունն այդ ամենը հերքել էր ու հայտարարել, թե ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր՝ զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ:
«Ոչ մի նորություն չունենք, սպասում ենք», - ասում է Էդուրադ Մարտիրոսովի հայրը, - «ոչ մի ինֆորմացիա չունեմ, էրեխու մոտ Կարմիր Խաչից ոչ մեկը չի մտել: Ես գնացել եմ, հայտարարություն գրել եմ, բայց ոչ մի ձեն-ձուն չկա»:
Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակից տեղեկացնաք՝ Մարտիրոսովի հարցով երկխոսություն են սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ: Ստրասբուրգի դատարան էլ միջանկյալ միջոցի կիրառման դիմում չի ուղարկվել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչությունից փոխանցեցին՝ ռուսական կողմի միջնորդությամբ զինծառայողին վերադարձնելու բանակցություններ են ընթանում, սպասում են: