Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան չորեքշաբթի առավոտյան փախուստի է դիմել երկրից։ Հաղորդվում է, որ նա Մալդիվներ է հասել ռազմաօդային ուժերի ինքնաթիռով։
Ռաջապակսայի հրաժարականը պահանջող հազարավոր ցուցարարներ անցած օրերին ներխուժել էին Կոլոմբո քաղաքի նախագահական նստավայր։ Հակակառավարական աննախադեպ ցույցերի ֆոնին երկրի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ նախագահը պատրաստ է հրաժարական տալ հուլիսի 13-ին։ Ինքը Ռաջապակսան որևէ ելույթ չի ունեցել, հայտարարություն չի տարածել, ինչը բողոքի նոր ալիք է բարձրացրել ցուցարարների շրջանում:
Նախագահի պաշտոնեական լիազորություններն օրենքով փոխանցվել են վարչապետին, որն անմիջապես արտակարգ դրություն է սահմանել երկրում։
Ցուցարարները պահանջում են նաև վարչապետի հրաժարականը։ Հաղորդվում է Կոլոմբոյում կառավարության շենքի վրա գրոհի մասին։
Շրի Լանկայում բազմահազարանոց բողոքի ցույցերի պատճառը վերջին տասնամյակների ընթացքում արձանագրված տնտեսական ամենասուր ճգնաժամն է։ Կորոնավիրուսի համավարակը մեծ հարված է հասցրել զբոսաշրջությունից մեծ կախում ունեցող Շրի Լանկայի տնտեսությանը։
Արտարժույթի սակավության պատճառով գրեթե դադարեցվել են առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում` պարենի, վառելիքի, դեղամիջոցների ներմուծումները։ Հունիսին սղաճը կազմել էր 54 տոկոս, և սպասվում է, որ առաջիկա ամիսներին կհասնի 70 տոկոսի։