Մատչելիության հղումներ

Շրի Լանկայի նախագահը համաձայնել է հրաժարական տալ


Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան համաձայնել է հեռանալ պաշտոնից, հաղորդել են երկրի ԶԼՄ-ները՝ վկայակոչելով խորհրդարանի խոսնակին։

Ըստ հաղորդումների` նախագահը, որը տնտեսական ճգնաժամի պատճառով բախվում է զանգվածային բողոքի ցույցերի, պատրաստվում է հուլիսի 13-ին հեռանալ պաշտոնից։ Այս որոշման մասին նա տեղեկացրել է խորհրդարանի նախագահին։

Նախագահի ու վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերի մասնակիցները գրավել էին նախագահի նստավայրը, իսկ վարչապետի մասնավոր կեցավայրը` հրդեհի մատնել։ Լրատվամիջոցների փոխանցմամբ` կան զոհեր, ավելի քան 200-ը վիրավորվել են, 60 մեքենա և 100-ից ավելի շինություններ ավերվել են հրդեհից։

Վարչապետի գրասենյակը շաբաթ երեկոյան հայտարարել է, որ նա պատրաստ է հրաժարական տալ` տեղ բացելով բազմակուսակցական կառավարություն ձևավորելու համար։

22 միլիոն բնակչություն ունեցող երկիրը սննդամթերքի և վառելիքի պակաս ունի, իսկ հունիսին գնաճը հասել է ռեկորդային 54,6 տոկոսի: Շրի Լանկայում տնտեսական ճգնաժամը խորացավ այն բանից հետո, երբ COVID-19 համաճարակը հարվածեց զբոսաշրջության վրա հիմնված տնտեսությանը և կրճատեց արտասահմանյան աշխատողների տրանսֆերտները, գրում է Reuters-ը:

XS
SM
MD
LG