Մանկատան շրջանավարտների բնակարանային ծրագրերը շարունակում են մնալ աղմկոտ չարաշահումների աղբյուր։ Գլխավոր դատախազությունը պաշտոնեական անփութության հոդվածով քրեական գործ է հարուցել. բնակարանների նվիրաբերության պետական ծրագրում ընդգրկվել են դրա իրավունքը չունեցող մանկատան նախկին սաներ, ցուցակում կա նույնիսկ մահացած մարդ, որին պետությունը պատրաստվում էր բնակարան նվիրել:
27 շահառու 2019թ.-ից սկսած 1 տարվա կտրվածքով 6 ամսից ավելի գտնվել է Հայաստանից դուրս, ընդ որում, նրանցից 15-ը՝ առնվազն վերջին 2 տարին անընդմեջ` համաձայն դատախազության տվյալների: Իսկ 47 շահառու վերջին 10 տարվա կտրվածքով 1 տարվա ընթացքում առնվազն 6 ամիս չի օգտագործել էլեկտրաէներգիա:
Կառավարությունը երկու տարի առաջ որոշեց նախորդ տարիներին պետությունից առանց սեփականության իրավունքի բնակարան ստացած մանկատան շրջանավարտների տները նվիրել հենց իրենց, սեփականաշնորհել: Ցուցակում 163 անուն-ազգանուն էր։ 20 տարի առաջ մանկատան նախկին սաները սոցապի հետ պայմանագրով պարտավորվել էին այլ բնակավայր տեղափոխվելու դեպքում տեղեկացնել նախարարությանը, 6 ամսից ավելի բացակայելու դեպքում էլ պայմանագիրը խզվում է, այսինքն` պետությունը տունը հետ է վերցնում: Ըստ դատախազության ուսումնասիրության՝ ավելի քան 70 շահառու այդ տներում մշտապես չի բնակվել:
«Ցանկը կազմվել է ամիսների ընթացքում, նույնիսկ այդ ցանկը բխում է, իհարկե, տարիներ առաջ կազմված ցանկերից, պարզապես ցանկը կազմվելու ընթացքում հավանաբար բավարար ստուգումներ չեն արվել, կամ քննությամբ կպարզվի` որտեղ են ռիսկերը գտնվում», - ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը:
Նրա խոսքով` ցուցակն իրենք կազմել են, իրենք էլ դրա վերաբերյալ կասկածները հետո ներկայացրել դատախազությանն այն բանից հետո, երբ Հաշվեքննիչ պալատը սոցապի ծրագրերից մեկում նմանատիպ խնդիրներ տեսավ: Այժմ սեփականաշնորհման գործընթաց չկա, քանի դեռ իրավապահները քննություն են իրականացնում: Փոխնախարարը տրամաբանական է համարում, որ մանկատան նախկին սանից բնակարանը պետությունը հետ վերցնի, եթե նա այնտեղ չի բնակվում. «Եթե տվյալ մանկատան շրջանավարտը կարողություն ունի, հնարավորություն ունի բնակվել այլ վայրում, ուրեմն այս բնակարանի կարիքն ինքը չունի, հետևաբար պիտի տրվի ազատված բնակարանը արդեն մեկ այլ կարիքավոր անձի»:
Արտակ Սարգսյանը երկար տարիներ մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների մասին ահազանգերով է զբաղվել: Կողնորոշում է մանկատան իր ընկերներին դիմել պետական կառույցներին։ Նրա կարծիքով՝ մանկատան նախկին սաները հաճախ են բնակավայր փոխել ապրուստի միջոց գտնելու համար:
«Եթե շրջանում են ձեռք բերում բնակարանը, տեղափոխվում են Երևան քաղաք աշխատելու երկար ժամանակ, ու անընդհատ իրենց գնալ-գալը դժվարանում է կամ արտագնա աշխատանքի են գնում, օրինակ` ունենք այնպիսի դեպքեր, որ ՌԴ-ից վերադարձել են, տեսել են` իրենք իրենց բնակարանները կորցրել են», - ասաց Արտակ Սարգսյանը:
Նրա կարծիքով՝ ավտոմատ որոշումներ չպետք է կայացվեն, յուրաքանչյուր շահառուի պատմությունը պետք է առանձին ուսումնասիրության առարկա դառնա, որ ուղղակի արտագնա աշխատանքի մեկնած մարդիկ տնից չզրկվեն. «Սխալ մոտեցում է, շատ սխալ մոտեցում է: Հիմա որբացած անձնավորությանը, որ ծնողական գուրգուրանք, քնքշանք չի տեսել, ու այդ բնակարանը տալիս են, հետո հետ են վերցնում, սա խոսում է իրենց շատ թույլ կողմի մասին, ու իրենք ի վիճակի չեն մյուսներին, այսինքն` որբի հաշվին որբին բնակարան են տալի՞ս»:
Երեք տարի առաջ առաջ կառավարությունը վերսկսեց մանկատան շրջանավարտների բնակարանային ծրագիրը, մինչև այժմ 258 սանի բնակարանի վկայագիր են հանձնել՝ 6 միլիոն 300 հազար դրամի: Այս գումարով նրանք պետք է տուն գնեն, ու դա իրենցը կլինի սեփականության իրավունքով։ Այժմ էլ կա նույն խնդիրը՝ շատերը այդ գումարով գնած տանը ապրել չեն կարողանում:
«Ուղղակի նենց պայմաններ են, որ հնարավոր չի այնտեղ հիմա բնակվել: Շատ ա ման եկել նորմալ բնակարան, բայց այդ գնով ստիպված դա է կարողացել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Լիլիթ Շադունցը:
Մեկ տարի առաջ են նա ու ամուսինը՝ երկուսն էլ մանկատան նախկին սաներ, պետության տված այդ 6 միլիոնով տուն գնել Հրազդանում` մեկ սենյականոց: 4 երեխա ունեն, ոչ մի օր այդ տանը չեն գիշերել, հնարավոր չէ, ապրում են Սոցապի տրամադրած ժամանակավոր կացարանում. «Պետք է գոնե միջոցներ, որ կարողանանք դա վերանորոգել, բայց չունենք միջոցներ: Ամուսինս շատ ցածր աշխատավարձով` 100 հազարը չի գերազանցում»:
Նրա ընկերներից շատերն այսօր վկայագիրը ունեն ու չգիտեն` ինչ անեն՝ գումարը բնակվելու պիտանի տան չի հերիքում. «Հենց հիմա 2 աղջիկ` իմ ընկերուհիներն ունեն այդ սերտիֆիկատը ու չգիտեն, թե ինչ առնեն` նույն վիճակում չհայտնվելու համար, ոնց որ հայտնվել է իմ ամուսինը»:
Մանկատան սաների բնակարանների թեման չի փակվում տասնամյակներով: Սոցապնախարարները հերթափոխում են միմյանց, քրեական գործերը` նույնպես:
«Ամեն ինչ կանեմ օրենքով սահմանված կարգով քննությանը աջակցելու համար»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է նախկին նախարար Զարուհի Բաթոյանը՝ հույս հայտնելով, որ բոլոր հանգամանքները կպարզվեն, իսկ մեղավորները կպատժվեն։