Մատչելիության հղումներ

Մանկատան շրջանավարտները մինչև տարեվերջ կստանան բնակարանների գնման հավաստագրերը


Մանկատան շրջանավարտները մինչև տարեվերջ կստանան բնակարան գնելու հավաստագրեր։ Մինչև 2013 թվականը հերթագրված և դրանից հետո մանկատնից դուրս եկած ու առանց ծնողական խնամքի մնացած մանկատան շուրջ 300 սան էր սպասում կառավարության այս որոշմանը։

Ռուզանը մանկատնից 12 տարի առաջ է դուրս եկել, մինչև այժմ գիշերում է որտեղ պատահի: «Էլ բակում եմ քնել, և այլն, և այլն, էլ շենքերի միջանցքներում, մի խոսքով, չեմ ուզում բացեմ չակերտը: Ամեն դեպքում, էդ «լավ կյանքը» ինձ ուժեղացրել ա, ինչ ասեմ », - «Ազատության» հետ զրույցում նշեց նա:

Այժմ Ռուզանը բնակարանի հերթացուցակում է սպասում է զանգի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից վստահեցնում են՝ չեն սպասեցնի:

«Մենք սերտիֆիկատները պլանավորում ենք տրամադրել մինչև տարվա վերջ, և եթե մարդ կլինի, որ մեկ շաբաթում կօգտագործի, շատ լավ, բայց հնարավորություն կլինի մինչև մյուս տարվա դեկտեմբերի 20-ը օգտագործել այդ սերտիֆիկատները, որի արժեքն է 6 միլիոն 300 հազար դրամ, որը մեկսենյականոց բնակարան է Երևանի ծայրամասում, և կա այդպիսի գնով բնակարաններ, մենք հատուկ ուսումնասիրել ենք: Եվ կա տուն մարզերում, որը ավելի լավ պայմաններով է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը:

Ռուզանը հույս ունի՝ այդ 13 հազարով դոլարով սենյակ կգտնի երևանյան հանրակացարաններից մեկում: Փոխնախարարն ասում է՝ շրջանավարտները, որոնք այդ գումարով մարզում տուն կգնեն, կստանան երկու այլ առաջարկներ՝ մասնագիտական վերապատրաստում՝ գործ գտնելու համար, և մինչև մեկ միլիոն դրամի աջակցություն՝ փոքր բիզնեսի համար:

«Եթե ավելի էժան գնով են տուն գնում, կարող են մնացած մասը ծախսել տան կահավորման վրա», - նշեց Գասպարյանը:

Սոցապ փոխնախարարը շեշտում է՝ պետությունը մինչև 2013 թվականը հերթագրել է մանկատնից դուրս եկածներին և շուրջ 16 տարի չի կատարել իր պարտականությունը։ Իսկ մինչև այդ այդ երեխաների համար իրականացված բնակարանային ծրագրերը աղմկոտ էին բառի ամենավատ իմաստով: «Ես չեմ կարող իրավական գնահատական այդ իմաստով տալ, կարող եմ քաղաքական տալ և ասել, որ այդ ծրագիրը շատ վատ կազմակերպված և շատ խնդրահարույց ծրագիր է եղել, որից դուրս են մնացել բազմաթիվ շահառուներ», - նշեց Գեմաֆին Գասպարյանը:

Դեռևս տասը տարի առաջ Վերահսկիչ պալատն ուսումնասիրել էր մանկատան երեխաների բնակարանով ապահովելու պետական ծրագրերն ու այն, ինչ հայտնաբերել էր, անվանել «սարսափելի»։ Գնված բնակարանների մեծ մասում ապրելն անհնար է եղել, դրանք շենքերի տեխնիկական, նկուղային տարածքներ էին՝ կոյուղու և ջրագծերի մեջ երեխաների մի մասը ապրել էլ չէր կարողացել։ Ընդհանուր առմամբ 1.5 միլիարդ դրամի չարաշահում էր հայտնաբերվել։ Ծրագիրը դադարեցվեց, և վերջին տարիներին անտանիք մնացած մանկատան սաների մի մասը տեղավորվել էր սոցիալական տներում:

«Հենց էս պահին չորս մեծ ենք ու Լիզան ա, էսա մի էրկու օրից տանտերն էլ կմիանա մեզ», - ասաց Լարիսա Քոչարյանը, «Ազատության» դիտարկմանը՝ «բայց երկու մահճակալ է այստեղ», արձագանքելով ծիծաղով․ - «Էրկու քուր ստեղ ենք քնում, տղաներից մեկը մյուս տեղաշորին ա քնում, մեկը՝ կեսին»:

Փոքրիկ սենյակում ընդամենը երկու մահճակալ է, իսկ այստեղ մշտապես գիշերում են հինգ հոգի՝ չհաշված, եթե իրենց մանկատան սաներից գիշերը դուռը թակեն։ Բոլորը Գավառի մանկատան շրջանավարտներ են։

«Էրկու մահճակալի վրա մոտ վեց հոգի կարա տեղավորվի», - ասաց Լարիսայի, նրա քրոջ ու եղբոր հետ գիշերող Արմենը: Հարցին՝ ազգակա՞ն են, նա զարմացած արձագանքեց․ - «Ես էս ամբողջ մոլորոկի վրա հարազատներ չունեմ, եթե տենց, չորս տարեկանից, էղել եմ Գավառի մանկատունը, ըստ փաստաթղթերի՝ ծնողներս անհետ կորած են, ու ես իրանց մասին ոչ մի տեղեկություն չունեմ»:

Լարիսայի փոքրիկ աղջնակը բոլորինն է, քանի մայրը չի աշխատում, մյուսներն են հոգում տան հոգսերը։ Պետության նոր առաջարկը ոգևորել է նրանց: «Մինչև էսօր չեմ ակնկալել պետությունից ոչ մի բան, այսինքն՝ հույսս դրել եմ իմ ուժերի վրա: Էդ իմ համար մի քիչ մեծ օգնություն ա, սենց ասած: Ճիշտ ա, գումարի չափը էդքան մեծ չի, չեմ կարա էդքան բնակարան ձեռք բերեմ, բայց իմ համար էտի մեծ օգնություն ա, սենց ասած, կարաս ինչ-որ հիփոթեք ձևակերպես, կամ ինչ-որ մեկի հետ պայմանագիր կնքես», - նշեց Արմենը:

Լարիսան էլ ասում է՝ իր քույր-եղբայրները, բոլորով հերթացուցակում են, եթե իրենցից երկուսին էլ այդ 6 միլիոն 300 հազարը տան՝ քաղաքի ծայրամասում կամ մոտ մարզում տուն կգտնեն: Փոքրուց ծնող չտեսած քույր-եղբայրները ուզում են միշտ միասին լինել: «Մենք միշտ իրար հետ ենք ապրել ու պլանավորում ենք տենց էլ մինչև խոր ծերություն», - ասաց Լարիսան:

Քրոջը՝ Սոնային «Ազատություն»-ը աշխատավայրում հանդիպեց: Ասաց՝ տարիներ շարունակ մանկատան շրջանավարտները բողոքել ու տուն են ուզել, որովհետև իրենց խոստացել էին․ - «Մեզ, ասենք, 16 տարեկանից իրազեկել են, որ մենք 18 տարեկան դառնալուն պես պետությունը մեզ բնակարանով պետք ա ապահովի, բայց ես, օրինակ, 26 տարեկան եմ՝ պետությունը ոչ մի բանով չի ապահովել»:

Մարզում բնակարան գնել ու ապրել համաձայն չէ, ասում է՝ գործը, փող աշխատելու հնարավորություններն այստեղ են․ - «Գնամ մարզ ի՞նչ անեմ: Ես ծնվել եմ Երևանում, ապրել եմ Գավառում, Գավառից հետո արդեն բավական երկար ժամանակ ա ապրում եմ Երևանում, աշխատանքս՝ Երևանում, ընտանիքս, հարազատներս, բարեկամ չունեմ, հարազատներս՝ նկատի ունեմ էն, ինչ որ ունեմ, ստեղծել եմ էս տարիների ընթացքում իմ շրջապատը, սաղ Երևանում ա, ես գնամ մարզում ի՞նչ անեմ»:

Ի դեպ՝ բնակարանները նրանց տրվելու են սեփականության իրավունքով։ Երբ կառավարությունը հայտարարարեց մանկատան շրջանավարտների բնակարանային այս նոր ծրագրի մասին, նախկինում տուն ստացածները բարձրաձայնեցին՝ ի՞նչ է լինելու իրենց տների հարցը, դրանք տրվել էին առանց սեփականության իրավունքի։ Սոցապը լավ նորություն ունի նաև նրանց համար․ - «Հնարավորություն կունենան սեփականաշնորհել այդ բնակարանները, եթե իրենք էնտեղ ապրում են», - վստահեցրեց Գեմաֆին Գասպարյանը:

Փոխնախարարն ասում է՝ հույս ունեն այսպես փակել մանկատան սաների բնակարանի հարցը և անցնել կրթական ծրագրերի՝ «ունենալ ոչ թե 6 միլիոն 300 հազար դրամանոց բնակարան, այլ շատ ավելի լավ և շատ ավելի լավ պայմաններով ապրուստ՝ իր խելքի, իր կարողությունների, իր հմտությունների շնորհիվ»:

Լարիսան ափսոսում է, որ կրթություն այդպես էլ չստացավ, բայց համաձայն չէ այն տարածված տեսակետին, թե մանկատանը մեծացածները դժվար են հաջողում կյանքում։ Ինքը փոքրիկին կմեծացնի ու կանցնի գործի։ Միայնակ մայրիկը համոզված է ասում՝ որքան էլ խնդիրներ ունենա, իր երեխային խնամքի որևէ հաստատություն չի տանի․ - «Էդ մենակ էն դեպքում, եթե ես էլ չլինեմ, ուրիշները տանեն»:

XS
SM
MD
LG