Մատչելիության հղումներ

Հեղափոխությանը դիմադրողներ կան նաև Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում. Բաթոյան


Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, 13-ը դեկտեմբերի, 2019թ.
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, 13-ը դեկտեմբերի, 2019թ.

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում ևս կան հեղափոխությանը դիմադրողներ: Այսօր հայտարարեց նախարար Զարուհի Բաթոյանը։

Հայաստանի վարչապետը երեկ կառավարության նիստում էր զայրացել, թե ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը:

«Այո կա, և ես հատուկ շնորհակալություն հայտնեցի իմ տեղակալներին, որովհետև նրանք ինձ հետ միասին ի հեճուկս, ինչպես վարչապետը նշեց, այս ամենի, աշխատել են», - ասաց նախարարը:

Զարուհի Բաթոյանն ամբողջացրեց՝ կան աշխատակիցներ, որ ցանկանում են աջակցել փոփոխություններին ու աջակցում են, կան, որ ցանկանում են, բայց չեն կարողանում և կան, որ չեն ցանկանում, թեև կարող են։

«Նոր աշխատակիցներ ունենք և նաև կառուցվածքային փոփոխություններով նոր բովանդակություն կապահովենք», - ասաց սոցապ նախարարը։ Նա ամփոփում էր անցնող տարին և այն անվանեց դժվար. բարեփոխումներ են սկսել բոլոր ոլորտներում. - «Մենք ունենք ընտանիքներ, որոնք 10-ից ավելի տարի այս համակարգում ընդգրկված են, և իրենց կյանքում, կյանքի որակում որևէ լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել»:

«Աշխատանքի խրախուսում», մարդկանց աղքատությունից դուրս բերելու և նպաստից կտրելու բոլոր ծրագրերում այս մղումն է։ Զարուհի Բաթոյանն ասաց՝ նպաստների համակարգի վերանայում է սպասվում, մինչև այդ գործի է դրվել նպաստառունեի սեզոնային զբաղվածության ծրագիրը, բայց դեռևս մեծ ներգրավվածություն չկա. - «Ընդլայնում ենք այն աշխատանքների ցանկը, որոնցով մարդիկ կարող են զբաղվել: Այդ որոշման նախագիծը կառավարությունում է», - նկատեց նա:

Պայմանով նպաստի առաջարկը գործազուրկների համար է նախատեսվելու. - «Ենթադրվում է նպաստի տրամադրում այնքան ժամանակ, քանի դեռ մարդը չի անցել աշխատանքի, և աշխատանքի անցնելու դեպքում ևս որոշակի ժամանակահատված աջակցության տրամադրում, որպեսզի ավելի կայուն կարողանա իր եկամուտը վաստակել»:

Եթե անգործ քաղաքացին 2 անգամ հրաժարվի աշխատանքի առաջարկից, կզրկվի նպաստից։ Ի դեպ, սոցապ նախարարի տպավորությամբ՝ խնդիր կա ոչ միայն որակավորված մասնագետներ գտնելու, այլև ընդհանրապես շատերն աշխատելու ցանկություն չունեն։ Այս տարի, ասում է, 13.500 թափուր աշխատատեղ է ներկայացվել:

«Աշխատավարձը, հավատացնում եմ, ամենևին ցածր չէ, այսինքն՝ տատանվում է 150-ից մինչև ավելի բարձր, իհարկե կան նաև ավելի ցածր գործարքային աշխատավարձով թափուր հաստիքներ», - մանրամասնեց նա:

«Աշխատանք ու մարդկանց կարիքներին համապատասխան սոցիալական ծառայություններ», - Զարուհի Բաթոյանն այսպես է պատկերացնում երկրի 23.5 տոկոսանոց աղքատության հաղթահարումը:

«Շատ ավելի լուրջ արդյունքներ, կարծում եմ՝ կտեսնենք 20 թվականին, բայց դա, նորից եմ կրկնում, 1 ոլորտի անելիքը չէ»:

Տարվա աղմկոտ թեմաներից գիշերօթիկների փակումն էր։ Զարուհի Բաթոյանն ասաց՝ 194 երեխա տուն է վերադարձել, ընտանիքները տարբեր աջակցություններ են ստանում՝ մթերքից մինչև կոմունալ վճարների փոխհատուցում, Գյումրիում մնացած միակ գիշերօթիկում այժմ 66 երեխա է, որ այնտեղից կհեռանա 2020-ի ամռանը։ Բաթոյանը վստահեցրեց՝ ոչ մի երեխա դրսում չի մնա, ճգնաժամային կենտրոնները կլրացնեն այն բացը, որ կունենա ընտանիք վերադարձած երեխան:

«20 թվականի ծրագրերում գրեթե եռապատկել ենք ցերեկային կենտրոնների ծառայությունները: Այսինքն՝ այս երեխաները նաև 30 բնակավայրերում հայտարարված մրցույթների արդյունքում ծառայություններ կստանան իրենց համայնքներում», - շեշտեց նա:

Սկանդալայինն Ազգային անվտանգության ծառայության բացահայտումն էր, թե Հայաստանի մանկատներից ավելի քան 30 փոքրիկի օրենքների խախտմամբ օտարերկրյա որդեգրման են տվել, որոշ դեպքերում՝ նրանց մայրերին համոզելով հրաժարվել իրենց երեխաներից, հաճախ նաև օգտագործելով նրանց անտեղյակությունը։ Քրեական գործի մանրամասների մասին սոցապ նախարարը, բնականաբար, ոչինչ չասաց, միայն այն, որ գործընթացն իրենց կասկածելի էր թվացել, և դիմել էին իրավապահներին. - «Մեզ շատ են դիմել քաղաքացիներ, ովքեր նշել են, որ իրենք մշտապես փորձել են երեխաներ որդեգրել, խոսքը Հայաստանի քաղաքացիների մասին է, բայց իրենք խնդիրներ ունեն, և իրենց ասում են, որ չկան երեխաներ», - հայտնեց նախարարը:

Բաթոյանը շեշտում է՝ ընթացակարգերը պիտի բարելավվեն, առանց այդ էլ որդեգրման պրոցեսում ներգրավված պետական մարմինների առատությունը խնդրահարույց է, օրենքով այսօր էլ որդեգրման առաջնահերթությունը Հայասատանի քաղաքացունն է, բայց արդյո՞ք պահպանվել է այն. - «Առաջնահերթությունը պետք է տանք Հայաստանում ապրող և հայ ծնողներին», - հավելեց նա:

Բնակարաններ մանկատան շրջանավարտներին, սոցիալական տներում բնակվող տարեցների կոմունալ վճարների փոխհատուցում, երեխայի խնամքի նպաստների ավելացում, այս տարի սկսված ու եկող տարի շարունակվելիք ծրագրերը շատ են։ Բաթոյանը շատ կցանկանար, որ առողջապահության հարկի վերաբերյալ առաջարկն ընդունվեր, ասաց ՝ անհամբերությամբ է սպասում, սոցապ ոլորտի բազմաթիվ խնդիրներ կլուծվեին միանգամից. - «Հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների ամենաառաջնային կարիքները առողջապահական ոլորտում են»:

Մարդիկ փորձում են նպաստառու դառնալ կամ հաշմանդամության խումբ ձեռք բերել միայն բուժծառայություն ստանալու համար:

XS
SM
MD
LG