Մատչելիության հղումներ

Քաղաքագետը չի բացառում, որ հարավօսական հանրաքվեի չեղարկումը կարող է ուժեղացնել Ղարիբաշվիլիի կառավարության դիրքերը


Հարավային Օսիայի նորընտիր ղեկավար Ալան Գագլոևը, արխիվ
Հարավային Օսիայի նորընտիր ղեկավար Ալան Գագլոևը, արխիվ

Հուլիսի 17-ին նշանակված հանրաքվեն չեղարկելու մասին որոշումը Ցխինվալիում հրապարկվեց երկու օր առաջ, երբ միայն Ռուսաստանի, Վենեսուելայի, Սիրիայի, Նիկարագույայի և Նաուրու կղզու կողմից ճանաչված Հարավային Օսիան նշում էր անկախության 30-ամյակը։

«Երբ կայացվում էր հանրաքվեի մասին որոշումը, որևէ մեկին այն ռուսաստանցի պաշտոնյաներից, որ պետք է տեղյակ լիներ նման նախաձեռնության մասին, չէր ծանուցվել։ Դա է պատճառը, որ հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների դադարեցման մասին հրամանագիրը արդեն իսկ ստորագրված է։ Դա միակողմանիորեն քայլ էր, որ նախաձեռնվել էր առանց ռուսաստանցի գործընկերների հետ անհրաժեշտ քննարկումների», - Մայիսի 31-ին, Անկախության օրվան նվիրված հանդիսությունների ժամանակ հայտարարել է Հարավային Օսիայի նորընտիր ղեկավար Ալան Գագլոևը։

Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու մտադրության մասին Հարավային Օսիայում առաջին անգամ լրջորեն սկսեցին խոսել մարտի վերջին՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի ամենաթեժ պահին։ Ռուսաստանին միանալու անխուսափելիության մասին, առաջին փուլի քվեարկությունից տասն օր առաջ հայտարարեց վերընտրվել փորձող Անատոլի Բիբիլովը։

«Օս ժողովրդի գլխավոր պատմական, ռազմավարական նպատակը միավորումն է մեկ պետության շրջանակներում։ Այդ պետությունը Ռուսաստանի Դաշնությունն է», - մարտի 30-ին հայտարարում էր Բիբիլովը՝ ըստ ամենայնի հույս ունենալով, որ այս նախաձեռնության շնորհիվ կկարողանա բարձրացնել իր վարկանիշը ընտրողների շրջանում, ինչպես նաև կարժանանա Մոսկվայի անվերապահ աջակցությանը։ Երկու դեպքում էլ, սակայն, հաշվարկները չարդարացան։

Ընտրություններում Բիբիլովը պարտվեց Ալան Գագլոևին, իսկ Մոսկվան ավելի քան սառը վերաբերմունք որդեգրեց հարավօսական հանրաքվեի նկատմամբ։ Դրա ամենավառ ապացույցը դարձավ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունը, որով ռուսաստանցի պաշտոնյան Հարավային Օսիայի նորընտիր նախագահի՝ հուլիսի 17-ի հանրաքվեն չեղարկելու մասին որոշումը սթափ որակեց։

«Հաշվի առնելով, որ Հարավային Օսիայի նախկին նախագահ Բիբլովի այս նախաձեռնությունը համաձայնեցված չէր մեզ հետ, կարծում ենք, որ հանրապետության նոր ղեկավարի՝ այդ որոշման գործողությունը դադարեցնելու մասին հրամանագիրը ոչ միայն սթափ էր այլև համապատասխանում է մեր երկրների միջև հաստատված դաշնակցային հարաբերությունների ոգուն», - հայտարարում էր Զախարովան։

Հանրաքվեի չեղարկումից հետո ակնհայտորեն թեթևացած շունչ քաշեց նաև Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարությունը, որն ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր դիմակայում է Կիևի և արևմտյան պետությունների միասնական ճնշմանը՝ հրաժարվելով միանալ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։

Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ հարաբերությունների հարցով նախկին նախարար, քաղաքագետ Պաատա Զաքարեշվիլին համոզմունք է հայտնում, որ հանրաքվեի չեղարկմամբ Մոսկվան շատ մեծ ծառայություն մատուցեց Վրաստանի իշխող կուսակցությանը՝ կարծես ցույց տալով, որ պատժամիջոցներին չմիանալը կարող է նաև քաղաքական տեսանկյունից շահեկան լինել։

«Ռուսաստանը, հանրաքվեն թույլ չտալու իր որոշմամբ փրկում է «Վրացական երազանքին», նույնիսկ ուժեղացնում է «Վրացական երազանքը»։ Ես գրեթե չեմ կասկածում, որ իշխող կուսակցությունն իր քարոզչության մեջ կօգտագործի այն պնդումը, թե տեսեք, Վրաստանի կառավարությունը դիվանագիտական հաջողության է հասել՝ կարողանալով համոզել Ռուսաստանին, որ Հարավային Օսիայի հանրաքվեն չեղարկվի։ Դա կարող է նաև ուժեղացնել կուսակցության դիրքերն իր ընտրազանգվածի շարքերում։ Այժմ այն մարդկանց, որոնք կողմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը, ասում են՝ «ի՞նչ է, դուք պատերազմ եք ուզում»։ Այժմ այդ կռվանին կավելանա ևս մեկը՝ «ի՞նչ է, ուզում եք, որ Ռուսաստանը բռնակցի Հարավային Օսիան», - նշել է Պաատա Զաքարեիշվիլին։

Քաղաքագետի համոզմամբ՝ Ռուսաստանի շարժառիթները այս դեպքում ևս հասկանալի են։ Ուկրաինական պատերազմի պայմաններում Մոսկվան, այժմ էլ իր հարավային սահմանների մոտ խնդիրների բախվել չի ցանկանում։

«Ռուսաստանն այժմ այլ գլխացավանք ունի և չի ցանկանում հրաժարվել «Վրացական երազանքի» նման քիչ թե շատ ռուսամետ իշխանությունից։ «Վրացական երազանքը» անում է ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը Վրաստանում խնդիրներ չունենա։ Պարզ է, որ եթե հանրաքվեն կայանար, անկախ դրա արդյունքից, Վրաստանում այն լարվածություն էր առաջացնելու», - նշում է Պաատա Զաքարեիշվիլին։

XS
SM
MD
LG