Միացյալ Նահանգների պետական քարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը հունիսի 14-ին կմեկնի Հարավային Կովկաս:
Պետական դեպարտամենտի փոխանցմամբ, «օգնական Դոնֆրիդը կմեկնի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան՝ դրսևորելու ԱՄՆ-ի նվիրվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղությանը, դեմոկրատիային և բարգավաճմանը»:
«Քերըն Դոնֆրիդն ընդգծելու է Միացյալ Նահանգների աջակցությունը Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությանը և անկախությանն ու սեփական ուղին ընտրելու իրավունքին»,- ասվում է հաղորդագրությունում:
Ըստ պետական դեպարտամենտի, պետքարտուղարի օգնականը նաև կհայտնի, որ Վաշինգտոնը պատրաստակամ է սատարելու Հարավային Կովկասում ամուր խաղաղության հաստատմանն, այդ թվում՝ ամբողջ տարածաշրջանում՝ նպաստելով քաղաքական, տնտեսական և միջանձնային կապերի զարգացմանը:
Դոնֆրիդը նախ կուղևորվի Ադրբեջան, որտեղ հունիսի 15-ից 16-ը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի, բարձրաստիճան այլ ղեկավարների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Հունիսի 17-ին նա կմեկնի Վրաստան, որտեղ կհանդիպի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, պետական պաշտոնյաների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ:
Հունիսի 18-ին Քերըն Դոնֆրիդը կմեկնի Երևան, որտեղ կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Պետական քարտուղարի օգնականը կհայտնի Վաշինգտոնի աջակցությունը հարատև խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին:
Նա կընդգծի Հայաստանի և ԱՄՆ-ի ամուր գործընկերությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա, և Հայաստանի դեմոկրատական զարգացմանը սատարելու ԱՄՆ-ի վճռականությունը: