ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կարծում է` Արցախի հարցն ինքնին չպետք է լինի ներքաղաքական շահարկման թեմա:
«Ներքաղաքական շահարկման թեմա լինելն է եղել մեր պրոբլեմը այս վերջին 30 տարիների ընթացքում», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց իշխանության ներկայացուցիչը:
Առողջապահության նախկին նախարարը անդրադարձավ նաև Հաշվեքննիչ պալատի զեկույցին, ըստ որի` քովիդի համավարակի ժամանակ պետական միջոցներն արդյունավետ չեն ծախսվել։
Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.
«Փորձում ենք մեր առջև դրված խնդիրների լուծման ճանապարհներ գտնել»
Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր` «ձեր իշխանությունը կարո՞ղ է երաշխավորել, որ երբեք որևէ փաստաթուղթ չի ստորագրի Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ»:
«Ինքնին ձևակերպումն արդեն մեզ համար` մեր ժողովրդի, ՀՀ-ի, Արցախի մեր հայրենակիցների կյանքի ու անվտանգության համար սպառնալիք է պարունակում: Մենք 30 տարի, եթե մի քիչ էլ ավելի հետ գնանք` մոտ 150 տարի առաջնորդվել ենք այս թեզով` այո-ի կամ ոչ-ի, ընդունելու կամ մերժելու, նույնիսկ բովանդակության մեջ չխորանալով, թե ինչն ենք մերժում, և ինքը չենք մերժում:
Ես հիմա ասում եմ, որ ես ինքս և իմ շատ թիմակիցներ, կարծում եմ, հրաժարվում ենք այս շրջանակի մեջ տեղավորվելուց, մենք շրջանակը լայնացնում ենք և փորձում ենք մեր առջև դրված խնդիրների լուծման ճանապարհներ գտնել», - ասաց Արսեն Թորոսյանը` շարունակելով. «Չենք տալու ո՛չ այո, ո՛չ ոչ պատասխան և գնալու ենք լուծումների` հաշվի առնելով Արցախի մեր ազգաբնակչության շահերը` կենսական, ինքնորոշման, անվտանգության, իրենց մշակութային ժառանգության, լեզվի, հավատքի և այլն»:
Այդ պրոցեսը դժվարությամբ, բայց առաջնորդելու ենք, նշեց «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը. «Կստացվի ինչքան խորությամբ դա անել մեր իշխանության ժամանակ, ոչ ոք չի կարող դրան պատասխանել, բայց հակառակն անելը` այդ ամեն ինչը փակել, մերժել, չխոսել դրա մասին, ասել` ոչ մի բան չենք խոսելու ոչ մեկի հետ, մենք տեսնում ենք` ինչի է բերում սովորաբար, պատերազմների, զոհերի, էսկալացիայի, կորուստների», - հավելեց պատգամավորը:
Արցախի հարցն ինքնին չպետք է լինի ներքաղաքական շահարկման թեմա. Թորոսյան
Արցախի հարցն ինքնին չպետք է լինի ներքաղաքական շահարկման թեմա, և ներքաղաքական շահարկման թեմա լինելն է եղել մեր պրոբլեմը այս վերջին 30 տարիների ընթացքում, հայտարարեց Արսեն Թորոսյանը:
Դիտարկմանը, թե ընդդիմությունն էլ ասում է, որ այսպիսի պատասխաններով իշխանությունը մանիպուլացնում է ժողովրդին, նա արձագանքեց. «Ես էլ ասում եմ, որ հակառակ պատասխաններով տեղի է ունեցել ջայլամային քաղաքականություն երկար տարիներ, որը բերել է աղետային հետևանքների, և մենք նորից չենք կարող մեզ թույլ այդ ճանապարհով առաջ գնալ»:
Ոչ մի բան առանց Արցախի իշխանությունների գիտության տեղի չի ունենում. պատգամավոր
Ինչ վերաբերում է նրան, թե Արցախից պնդում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում չպետք է լինի ու վերջ, Արսեն Թորոսյանը շեշտեց. «Այդ թվում Արցախի իշխանությունների հետ ամեն ինչ կոմունիկացվում է ամենաբարձր մակարդակի վրա, միշտ է կոմունիկացվում, և պրոցեսները, որ տեղի են ունենում, Արցախի իշխանությունների գիտությամբ են տեղի ունենում, և ոչ մի այլ բան առանց իրենց գիտության տեղի չի ունենում և չի ունենալու:
Հարցը ուրիշ է, հռետորաբանության մեջ է, որ մենք մեր ժողովրդին սնել ենք այդ թեզերով, որ մենք պետք է հավերժ թշնամության մեջ ապրենք մեր հարևանների հետ, հավերժ, ու իրավունք չունենք խաղաղության ձգտելու ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Թուրքիայի հետ, ու մեր ժողովուրդը, հատկապես նոր սերունդը, որ միայն դա է լսել, կուրորեն հավատում է դրան, որ չի կարելի հարևանների հետ գոնե խաղաղության…»:
«Պետք է բացել Ֆրանսիայի հրապարակը»
Հարցին՝ «ինչքա՞ն եք հանդուրժելու Ֆրանսիայի հրապարակի փակ լինելը, մի՞թե ժամանակը չէ այն բացելու», իշխող կուսակցության պատգամավորն արձագանքեց. «Արդեն նույնիսկ ժամանակը անցել է, ես կարծում եմ, որ պետք է բացել Ֆրանսիայի հրապարակը, և կարծում եմ՝ մեր իրավապահ մարմինները, ամեն դեպքում, հասարակական կարգը պետք է վերականգնեն, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան օգտվել այդ հանրային սեփականությունից, որը ինչ-որ մեկի սեփականությունը չի: Ու փորձը վերջին երկու ամիսների ցույց տվեց, որ այդ լայն ընդվզումը, որը կբերեր իշխանությանը ինչ-որ բան անելուն, չկա և չէր էլ կարող լինել իրականում, որովհետև ինչքան էլ որ մեզ սիրեն մեր որոշ քաղաքացիներ կամ չսիրեն, այնուամենայնիվ, ձևավորվել է ժողովրդավարական եղանակներով, ազատ և արդար ընտրությունների միջոցով: Եվ մեր գործընկերների ընդդիմադիր արմատական սխալը հենց այդ է եղել, որ նրանք մեզ վերաբերվում են այնպես, ինչպես մենք էինք վերաբերվում իրենց ժամանակին, սակայն այստեղ կա մի արմատական տարբերություն՝ իրենք չէին ձևավորվել ազատ և արդար ընտրությունների միջոցով, այն դեպքում, որ այսօրվա իշխանությունը, այդ թվում՝ իրենք, Ազգային ժողովում են հենց դրա շնորհիվ կամ պատճառով»:
«Հետևաբար, պետք է, այո, վերականգնվի երթևեկությունը Երևանի կենտրոնում», - կրկնեց Թորոսյանը՝ բացասաբար պատասխանելով հարցին՝ «արդյո՞ք իրենց սահմանադրական իրավունքը չէ՝ բողոքի ակցիաներ, ցույցեր անել, 200 հազարից ավելի մարդ է ընտրել այդ ուժերին». - «Ընտրել է, դրա համար էլ իրենք ունեն մանդատներ Ազգային ժողովում, իրենց ընտրողների քվեն առաջխաղացնելու, որը իրենք չեն անում: Իրենք հրաժարվել են իրենց ընտրողներից, ըստ էության, և հիմա զբաղվում են քաղաքական ժամավաճառությամբ՝ անհարմարություններ պատճառելով միաժամանակ մեր մյուս հազարավոր քաղաքացիների, հենց իրենց ընտրողներին»:
«Հրապարակներ փակ պահելը իրենց իրավունքը չի, բայց բողոքի ակցիաներ անելը իրավունքն է, բայց բողոքի ակցիան չպետք է անցնի այլոց իրավունքների սահմանը: Ես դրա համար նշեցի մասշտաբայնության հարցը. երբ որ համեմատում են, օրինակ, 2018-ի պրոցեսների հետ, դրանք ընդհանրապես անհամեմատելի պրոցեսներ են», - պնդեց իշխող կուսակցության պատգամավորը:
Զեկույցի մասին
Հաշվեքննիչ պալատի մասնագետները եզրակացրել են, որ համավարակի դեմ պայքարի համար հատկացված միջոցները նպատակային ու արդյունավետ չեն ծախսվել: Զեկույցում 26 միլիարդ դրամի ոչ արդյունավետ ծախսերի մասին է խոսվում:
Սրանց անդրադառնալով` համավարակի ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանն ասաց. «Մենակ այդ հայտարարություններն ինքնին, որոնք մոլորեցնող ու մանիպուլյատիվ են, հենց վերաբերմունք են մի գործընթացի, որից իրենք ոչինչ չեն հասկանում:
Նախ այդ 26.3 միլիարդի մասին, եթե չեմ սխալվում, որ խոսում են, դա ամեն ամիս պահուստային ֆոնդից առողջապահությանը հատկացված գումարների համախմբումն է, այսինքն` այդքան գումար այդ տարվա ընթացքում մենք ծախսել ենք քովիդի վրա, ինչը ենթադրում է կանխարգելում, սարքավորումների գնում, դեղորայք, բուժհաստատությունների այլ ծախսեր»:
Գումար, որ ծախսվել է ոչ քովիդի համար և ոչ նպատակային, ըստ էության, չի եղել, ասաց առողջապահական գերատեսչության նախկին պատասխանատուն:
«Առողջապահության նախարարությունը Հաշվեքննիչի ցանկացած այսպես կոչված` եզրահանգման տակ, որը ոչ մասնագետի կողմից մասնագիտական եզրահանգում է ենթադրում, տակը գրած է, որ հարգելի՛ գործընկերներ, այսինչ բանն այսպես չէ, բայց Հաշվեքննիչ պալատի կողմից չի ընդունվել, ու թե ինչի չի ընդունվել, ոչ մեկը չի հասկանում: Նաև նույնը ԱԺ նիստի ժամանակ էր, մեր հարգելի գործընկերները այդպես էլ հոդաբաշխ պատասխաններ չտվեցին, թե օրինակ` ԱՆ բացատրություններին ինչու չեն ընդունվել, այլ պարզապես կրկնում էին, որ դրանք արտացոլված են հաշվեքննության մեջ», - հավելեց նա:
«Եթե ես ցանկանայի մնալ առողջապահության նախարար մինչև հիմա, ես կլինեի, հավանաբար, առողջապահության նախարար»
«Եթե ես ցանկանայի մնալ առողջապահության նախարար մինչև հիմա, ես կլինեի, հավանաբար, առողջապահության նախարար», - ի պատասխան հարցին, թե ինչպես կմեկնաբանի լուրերը, որ ցանկանում է վերադառնալ նախարարի պաշտոնին, ասաց նա` հավելելով. «Ես ունեցել եմ փոփոխություն պաշտոնի (վարչապետի աշխատակազմի ղեկավար- խմբ.), հետո տեղափոխվել եմ ԱԺ իմ ցանկությամբ և ինձ լավ եմ զգում Ազգային ժողովում: Կարծում եմ` մենք մեր կյանքի տարբեր փուլերում կարող ենք տարբեր դերակատարումներ ունենալ մեր երկրին կամ ինչ-որ համայնքին ծառայելիս, և ես առաջնորդվում եմ այդ սկզբունքով»: