Եվրամիության խորհրդարանը միանշանակ սատարում է Ուկրաինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելու գաղափարը: Այդ մասին այսօր Կոպենհագենում գումարված Դեմոկրատիայի գագաթնաժողովում ասել է Եվրոպական խորհրդարանի խոսնակ Ռոբերտա Մեցոլան:
Նա նշել է, թե ամեն օր է լրագրողներից լսում Ուկրաինայի անդամակցության մասին հարցը և մշտապես պատասխանում է, որ «Ուկրաինան արդեն եվրոպական ընտանիքի անդամ է», բայց արդեն եկել է նաև Եվրոպական ծրագրին միանալու հույս Ուկրաինային տալու ժամանակը:
«Թույլ տվեք հստակ ասել՝ Եվրոպական միության խորհրդարանը, որում ես ունեմ նախագահելու պատիվ ու պատասխանատվություն, Ուկրաինային անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելու վճռական աջակից է»,- ասել է Եվրոպական միության օրենսդիր մարմնի ղեկավարը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդամակցության լրացված հարցարանն ապրիլի 18-ին պաշտոնապես հանձնել է Կիև այցելած Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին:
Այդ հարցարանի լրացումը համարվում է կարևոր քայլ անդամակցության շուրջ բանակցային գործընթացը սկսելու ուղղությամբ: