Մատչելիության հղումներ

Երևանում կայացավ ՀԱՊԿ ԽՎ նիստը


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի աշխատանքները լուսաբանելու համար հրավիրված լրագրողները հնարավորություն չունեցան մասնակցել նիստին։ Միայն լուսանկարիչներն ու օպերատորները կարողացան դահլիճ մտնել, այն էլ՝ ընդամենը 15 րոպեով, ոչ ավելին։

Լրագրողները նիստի վերաբերյալ որոշ մանրամասներ միջնորդավորված իմացան։ Իշխող ուժի պատգամավոր Գուրգեն Արսենյանը ընդհանրական ձևակերպումներով ներկայացրեց, թե քննարկվել է այսինչ հարցը, անդրադարձ է եղել այսինչ խնդրին. - «Մենք քննարկեցին, օրինակի համար, և ամփոփեցին ղեկավարները, օրինակի համար, ՀԱՊԿ-ի զորամիավորումների գործունեության արդյունավետությունը Ղազախստանում։ Էղել ա փաստ, էղել ա զորամիավորումների առաքում, ուղարկում, և էղել ա առաքելության իրականացում»։

Արսենյանից փորձեցինք ճշտել, թե արդյոք նիստի ընթացքում քննարկվել է, թե ինչո՞ւ ռազմական դաշինքը 2021-ին անարձագանք թողեց ՀԱՊԿ-ում խորհրդակցություններ սկսելու Հայաստանի իշխանության դիմումը, երբ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք։ Արսենյանն ասաց՝ նիստում այդ մասին խոսել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն հարցի շուրջ քննարկում չի ծավալվել։

Թե ինչու հարցը քննարկման առարկա չի դարձել, խորհրդարանի խոսնակից չկարողացանք պարզել։ Լրագրողները Ալեն Սիմոնյանին հարցեր ուղղելու հնարավորություն չունեցան։

Իսկ ելույթի ընթացքում Սիմոնյանը, ըստ էության, վերստին քննադատել էր կազմակերպությանը, որ անարձագանք է թողել հայկական կողմի դիմումը. - «Մենք միշտ համարել ենք, որ ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման մեխանիզմները պետք է ճիշտ աշխատեն: Մինչ այդ Հայաստանը մի իրավիճակում էր, երբ մենք սպասում էինք, որ մեխանիզմները կաշխատեն, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ»:

ՀԱՊԿ անդամ երկրների մյուս պատվիրակությունների ներկայացուցիչներին լրագրողները հարցեր տալ հնարավորություն չունեցան։

Բելառուսի ներկայացուցիչը Վլադիմիր Անդրեյչենկոն կարճ խոսեց կազմակերպության անելիքների մասին, այնուհետ չցանկացավ պատասխանել հարցերին։

Այսօր Վեհաժողովի պատվիրակությունների ղեկավարներին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ընդունել։

«ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը շատ կարևոր հարթակ է, որպեսզի կիսվենք ապագայի մեր տեսլականով և փորձենք ՀԱՊԿ մեխանիզմները դարձնել առավել արդյունավետ՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը վերստին անդրադարձել է ՀԱՊԿ մեխանիզմների արդյունավետությանը, ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար: Շեշտել է, որ այդ հարցը հայկական կողմի համար շատ կարևոր է։

XS
SM
MD
LG