Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ավարտին է մոտենում հայ ռազմագերիներ Իշխան Սարգսյանի ու Վլադիմիր Ռաֆայելյանի դատավարությունը


ՄԻԵԴ--ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյան
ՄԻԵԴ--ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյան

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի կարծիքով, քանի որ Ադրբեջանը չի կատարում ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու իր պարտականությունը, պետք է պահելու համար ստեղծի արհեստական իրավական հիմքեր՝ Ադրբեջանի ղեկավարությանը միջազգային քրեական հետապնդումներից ազատագրելու համար։

Ադրբեջանում արդեն ութ ամիս պահվող հայ ռազմագերիներ Իշխան Սարգսյանի ու Վլադիմիր Ռաֆայելյանի դատավարությունը մոտենում է ավարտին։

Պայմանագրային զինծառայողները գերի էին ընկել անցած մայիսին Գեղարքունիքի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանց դատաքննությունն Ադրբեջանում արդեն ավարտվել է, դատախազը ժամանակ է խնդրել մեղադրականը ներկայացնելու համար։ Սարգսյանն ու Ռաֆայելյանը մեղադրվում են հրազենով ահաբեկչություն կատարելու համար։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Սիրանուշ Սահակյանը նկատում է, որ նույն օրը, նույն վայրից վեց զինծառայող էր գերեվարվել, նրանցից չորսը կարճ ժամանակ անց հայրենադարձվել էին, իսկ մյուս երկուսի դատավարությունը վկայում է քրեական հետապնդումների քողի ներքո Բաքվի քաղաքական նպատակների մասին. - «Կարծում եմ, այստեղ պետք է հասկանալ շարժառիթը։ Քանի որ Ադրբեջանը չի կատարում անհապաղ վերադարձնելու իր պարտականությունը, պետք է պահելու համար ստեղծի արհեստական իրավական հիմքեր՝ Ադրբեջանի ղեկավարությանը միջազգային քրեական հետապնդումներից ազատագրելու համար։ Այդ նպատակով նրանք ձեռնամուխ են եղել դատավարության անցկացմանը, որպեսզի հետագայում միջազգային հանրության կամ դատական ատյաններին ներկայացնեն փաստարկներ, որ նրանց պահումը պայմանավորված է եղել ընթացող դատավարություններով»։

Վերջին դատական նիստում ուսումնասիրվել են փաստաթղթեր, որտեղ կրկնվում է գերեվարման սկզբում ադրբեջանական տեսակետը, թե Հայաստանի Զինված ուժերի հետախուզադիվերսիոն խումբը ձերբակալվել է Քելբաջարի Յուխարի Այրըմ բնակավայրի ուղղությամբ սահմանն անցնելու փորձի ժամանակ։

Ըստ մեղադրանքի, Իշխան Սարգսյանը փորձել է ականապատել սահմանին տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի մատակարարման ուղիները։

«Ապացույցների կեղծումը գործով համատարած պրակտիկա է, և ցանկացած վարկած հիմնավորելու համար Ադրբեջանի իրավապահ մարմինները որևէ միջոցից չեն խորշի և լիարժեքորեն կիրականացնեն այդ քաղաքական պատվերը։ Ամբողջովին ռեսուրսները իրենց տիրապետության տակ են, դատավորները լիարժեքորեն կախյալ են, փաստերի անկախ անաչառ վերաստուգում չի իրականացվում։ Այս անձինք իրավաբանական օգնությունից զրկված են, միջազգային դիտորդական ներկայությունը բացակայում է։ Ցանկացած կամայականություն այս գործընթացներով իրականացվելի է»։

Իրավապաշտպան Սահակյանի խոսքով, 44-օրյա պատերազմի ավարտը ազդարարող եռակողմ հայտարարությամբ գերիներին վերադարձնելու դրույթն իրագործելու փոխարեն Ադրբեջանն իր տարածքում դատում է հայ գերիներին և միջազգային հանրությանը փորձում է ցույց տալ, թե անցկացնում է արդար դատաքննություն։

Եվ այդ ֆոնին էլ Ադրբեջանի տրամադրած հանրային պաշտպանները, թեկուզ անարդյունք, որոշ ռազմագերիների գործերը բողոքարկել են վերադաս դատական ատյաններ, ասաց Սահակյանը. - «Հենց այս նպատակով էլ իրականացվում է, որպեսզի հիմնավորեն, որ հանրային պաշտպանի ներկայությունը ձևական չի եղել։ Հաճախ նրանք դիմում են ակտիվ միջոցների, որը ընդամենը նպատակ ունի ուժեղացնել ադրբեջանական պաշտպանությունը ընթացող միջազգային դատական գործընթացներում։ Սրանք նախապես պայմանավորված տակտիկական քայլեր են երկրի պաշտպանությունը ճիշտ կազմակերպելու համար»։

Եվրադատարանում հայ գերիների շահերը պաշտպանող Սահակյանի խոսքով, Ադրբեջանում դատապարտվելը գերիներին այնտեղ պահելու հիմք չէ, անցած ամիսներին նման նախադեպեր եղել են։

Պատերազմից հետո գերեվարված Սարգսյանի ու Ռաֆայելյանի գործից բացի, այս պահին Ադրբեջանում այլ դատաքննություն չի ընթանում։

Ըստ Սահակյանի, ևս 38-ը անցած ամիսներին դատապարտվել են 4 տարուց մինչև ցմահ ազատազրկման։ Պարզ չէ անցած նոյեմբերին Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի սահմանային հատվածներից գերեվարված և դեռևս ադրբեջանական բանտերում գտնվող 6 զինծառայողների նկատմամբ մեղադրանքներ կան, թե ոչ։ Ադրբեջանի տվյալներով, այս պահին իր հսկողության տակ 46 գերի կա, որոնցից երեքը քաղաքացիական անձինք են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG