Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստան-ԵՄ գործընկերությունը և բարձր գնահատել ԵՄ-ի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանային կայունությանը միտված ջանքերը:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ տարածաշրջանային խաղաղության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը:
Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրամիությունը կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը և աջակցում է տարածաշրջանային երկխոսությանը:
Հայաստանի վարչապետն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ: Անդրադարձել են նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքներին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող հարցերի: