Մատչելիության հղումներ

Սիմոնյանը ղազախստանցի գործընկերոջ ներդրումն է ակնկալում Արցախի մարդասիրական և խաղաղարար հարցերի լուծման գործում


Հայաստանը հավատարիմ է խաղաղության, կայունության օրակարգին, Ղազախստանի խորհրդարանի նախագահ Երլան Կոշանովի հետ հանդիպման ժամանակա ասել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Կոշանով Հայաստանում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում։

Շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը շարունակում է Հայաստանի համար կենսական նշանակություն ունենալ, Սիմոնյանն ասել է՝ այն բնավ տարածքային վեճ չէ, ինչպես ներկայացնում է Բաքվի ղեկավարությունը, այլ տեղաբնակ հայ բնակչության իրավունքների հարց է։

Չնայած և՛ Երևանը, և՛ Բաքուն հավաստիացնում են, թե պատրաստ են գնալ խաղաղության, իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է․ բրյուսելյան վերջին հանդիպումից հետո ադրբեջանական կրակոցից ևս մեկ հայ զինծառայող զոհվեց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։ Պաշտոնական Երևանը հակադարձել է Ալիևին՝ կոչ անելով չտորպեդահարել «առկա ձևաչափերում ընթացող քննարկումները»։

Ալեն Սիմոնյանը խնդրել է ղազախ գործընկերոջն իր ներդրումն ունենալ Լեռնային Ղարաբաղի վերաբերող մարդասիրական և խաղաղարար հարցերի լուծման գործում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ հաստատված 39 գերի կա Ադրբեջանում։ Նրանցից մեկը ապրիլի 23-ին Սյունիքի Ներքին Հանդ գյուղի դիրքերից գերեվարված Էդուրադ Մարտիրոսովն էր, որ մայիսի 26-ին վերադարձվեց հայկական կողմին։ ​ Հայկական կողմի չհաստատված տվյալներով` Ադրբեջանում պահվում է ևս 80 հայ գերի։ Մինչև այժմ Ադրբեջանից 150 գերի է հայրենադարձվել։

Սիմոնյանն ու Կոշանովն այսօր կարևորվել են նաև միջազգային ասպարեզում համագործակցությունը և միջազգային կազմակերպություններում ակտիվ մասնակցությունը:

Ղազախստանի Մաժիլիսի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Ղազախստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացին նոր հնարավորություններ է բացում առևտրատնտեսական համագործակցության համար։ Նա Ալեն Սիմոնյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան:

XS
SM
MD
LG