Ղազախստանի Սահմանադրությունում առաջարկվող մոտ վեց տասնյակ փոփոխություններին կողմ է քվեարկել երեկ անցկացված հանրաքվեի մասնակիցների 77,18 տոկոսը։ Այդ են վկայում Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի այսօր հրապարակած նախնական տվյալները։
Ըստ այդմ՝ քվեարկությանը մասնակցությունը կազմել է 68,06 տոկոս:
Հանձնաժողովը նաև հայտնում է, որ բոլոր շրջաններից փոփոխությունների օգտին քվեարկածների ամենամեծ տոկոսը եղել է Ակմոլինսկի շրջանում` 81,98 տոկոս, ամենափոքրը՝ Ալմաթիում, որտեղ փոփոխություններին կողմ է եղել 65,22 տոկոսը։
Հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխություններով, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հավաստմամբ, «կառավարության սուպերնախագահական ձևը փոխարինվելու է նախագահական հանրապետությամբ՝ ուժեղ խորհրդարանով»:
Փոփոխությունները մասնավորապես արգելում են երկրի նախագահին պաշտոնավարման ընթացքում լինել որևէ կուսակցության անդամ, բացի այդ, նախագահի հարազատները չեն կարող որևէ առանցքային պաշտոն զբաղեցնել հանրային սեկտորում: