Ղազախստանի գլխավոր դատախազության քրեական հետապնդման վարչության պետ Սերիկ Շալաբաևն այսօր ասել է, որ զանգվածային անկարգությունների և բախումների օրերին զոհվել է 225 մարդ, նրանցից 175-ը մահացել է հիվանդանոցներ փոխադրվելուց հետո: Զոհվածների թվում կա 19 ոստիկան և զինծառայող:
Տուժել է 4578 մարդ, որոնցից 4353-ը, այդ թվում՝ 3393 ոստիկաններ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Շալաբաևի փոխանցմամբ, հարուցվել է 546 քրեական գործ, այդ թվում՝ 44-ը՝ ահաբեկչության, 34-ը՝ զանգվածային անկարգությունների և 15-ը՝ սպանության մեղադրանքներով: Ձերբակալվել է 672 կասկածյալ, որոնցից 446-ը հետագայում կալանավորվել է:
Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ Ղազախստանի իշխանություններն այսօրվա դրությամբ դեռ չեն ներկայացրել փաստեր անկարգություններում ներգրավված մարդկանց ահաբեկիչ լինելու և այդ բախումներն արտասահմանում կազմակերպելու վերաբերյալ:
Նախնական տվյալներով, Ղազախստանի տնտեսությանը հասցված վնասը կազմում է 2-ից 3 միլիարդ դոլար: Վնասի ստույգ չափը պարզ կլինի անկարգությունների և բախումների հետևանքներն ամփոփելուց հետո: