Մատչելիության հղումներ

Բաքուն կարող է մեծ օգուտներ քաղել ԵՄ էներգետիկ ճգնաժամից, ինչը անհանգստություն է առաջացնում ԼՂ-ում. Foreign Policy


Ադրբեջանը կարող է մեծ օգուտներ քաղել Եվրոպայի էներգետիկ ճգնաժամից, գրել է ամերիկյան Foreign Policy-ն, արձանագրելով, որ դա անհանգստություն է առաջացնում Լեռնային Ղարաբաղում:

Հեղինակավոր պարբերականի թղթակիցը այցելել է Ստեփանակերտ, լսել՝ ինչպես էր ամիսներ առաջ Բաքուն խափանել Ղարաբաղի գազամատակարարումը ու մեծացրել ճնշումը՝ տեղում ապրող հայերի նկատմամբ։

Բաքուն կարծես թե ցանկանում է մեկընդմիշտ լուծել վիճելի տարածքի հարցը՝ վախ սփռելով, որ նոր մարտերի դեպքում հայկական կողմը կարող է տարածքային նոր կորուստներ ունենալ՝ ստիպված լինելով խաղաղ բնակիչների տարհանել Հայաստան, արձանագրում է հոդվածագիրը, հավելելով՝ դա տեղի է ունենում մի փուլում, երբ Եվրոպան քննարկում է ռուսական էներգակիրների դեմ էմբարգոյի հնարավորությունը՝ ուկրաինական պատերազմին ի պատասխան։

Գազային ոլորտը դիվերսիֆիկացնելու մասին Բրյուսելում հնչող հայտարարությունների ֆոնին Ադրբեջանը պարբերաբար պարծենում է Կասպից ծովի հսկայական գազային հանքավայրերով, որոնք կապված են Իտալիայի և Հունաստանի հետ «Հարավային գազային միջանցք» խողովակաշարով, փաստում է Foreign Policy-ն, արձանագրելով, որ կողմերը խոսքից անցել են գործի. - «Անցած ամիս Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը Բրյուսելում հանդիպեց Եվրամիության էներգետիկ քաղաքականության գծով տնօրեն Քրիստինա Լոբիլո Բորրերոյի հետ․ ավարտին Եվրահանձնաժողովը հայտարարեց՝ քննարկել են ներկայիս համագործակցությունը, ինչպես նաև ապագայի ծրագրերը՝ դեպի Եվրամիություն ադրբեջանական գազի արտահանումները ավելացնելու մասին»։

Փաստելով, որ Ադրբեջանը գազի և նավթի եկամուտների շնորհիվ 2000-2014-ին դասվել է աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունների շարքում, Foreign Policy-ն նշում է՝ Բաքուն հսկայական օգուտներ կարող է քաղել նաև ԵՄ-ի հետ այս համագործակցությունից։ Ֆինլանդիայում գործող հետազոտական կենտրոններից մեկը, մասնավորապես, վերջերս հաշվարկել էր, որ Ուկրաինայի դեմ սկսված պատերազմից ի վեր՝ անցած մի քանի ամսվա ընթացքում, Մոսկվան մոտ 25 միլիարդ դոլար է ստացել Եվրոպային մատակարարված գազի դիմաց։ Եվ այդ գումարը այժմ կարող է տրվել մյուս երկրներին, որոնք կլրացնեն ռուսական գազի պահանջարկը։

«Մտավախություն ունենք, որ Եվրոպան խորացնում է կախվածությունը Ադրբեջանից». Ղարաբաղի պետնախարար

Թեև Բաքուն, ըստ տնտեսագետների, չի կարող Ռուսաստանի արտահանած ծավալներին հասնել, սակայն ակնհայտ ցույց է տալիս, որ նպատակ ունի ընդարձակել կարողություններն ու հնարավորինս մեծ դեր զբաղեցնել գայթակղիչ այդ շուկայում։ Foreign Policy-ն հիշեցնում է, որ այս հարցի շուրջ ադրբեջանցի պաշտոնյաների հետ բանակցող Բրյուսելում ընդամենը երկու ամիս առաջ Եվրախորհրդարանը հատուկ բանաձև էր ընդունել, որը խստորեն դատապարտում էր Բաքվի շարունակական քաղաքականությունը՝ Ղարաբաղում և շրջակա տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու կամ ժխտելու ուղղությամբ։

«635 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ընդունված այդ փաստաթուղթը միաժամանակ մեղադրում էր Ադրբեջանի իշխանություններին հայերի նկատմամբ ատելության, բռնության հերոսացման և Հայաստանի Հանրապետությանը տարածքային պահանջներ ներկայացնելու համար», - գրում է Foreign Policy-ն, շարունակելով՝ այս մեղադրանքները, սակայն, որոշ ժամանակով մի կողմ դրվեցին՝ այս շաբաթ էներգակիրների շուրջ տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ, ինչը է՛լ ավելի է խորացրել մտահոգությունները Ղարաբաղում։

«Մենք մտավախություն ունենք, որ Եվրոպան խորացնում է իր կախվածությունը բռնապետական Ադրբեջանից, որը մարդկության դեմ հանցագործություններ է գործում», - հեղինակավոր պարբերականին ասել է Ղարաբաղի պետնախարար Արտակ Բեգլարյանը, հավելելով, - «Բաքվի դեմ քայլեր չձեռնարկելով՝ միջազգային հանրությունը աչք է փակում մարդու իրավունքների ու մարդասիրական օրենքի շարունակական ու կոպիտ խախտումների վրա, միայն թե սեփական գազի ու նավթի մատակարարման հետ խնդիր չունենա»։

«Եթե ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունը կարևոր են Արևմուտքի համար, ապա Ադրբեջանի հետ գազի բանակցություններում պետք է պայմաններ դրվեն», - ընդգծել է արցախցի պաշտոնյան, ընդունելով՝ դա գուցե անհավանական է հիմա, երբ եվրոպական երկրները նման ճնշումների են ենթարկվում, սակայն նվազագույն դեպքում գոնե «միջազգային երաշխիքներ են պետք՝ նոր ագրեսիան ու հանցագործությունները կանխելու համար»։

Մինչ այդ, փաստում է Foreign Policy-ն, էներգակիրների արտահանումը Ադրբեջանին հնարավորություն է տալիս «ֆինանսավորել տարածաշրջանային խոշոր տերություն դառնալու իր նկրտումները. Լեռնային Ղարաբաղի տարածքները գրավելուց մեկ տարի անց Բաքուն շարունակում է լուրջ միջոցներ տրամադրել բանակին․ 2022 թվականին 2,6 միլիարդ դոլար՝ պաշտպանության և ազգային անվտանգության համար, ինչը Ադրբեջանի ՀՆԱ-ի ավելի քան 5 տոկոսն է՝ աշխարհում հինգերորդ ամենաբարձր ցուցանիշը»:

«Ծախսերը համապատասխանում են Ադրբեջանի՝ ավելի ու ավելի կոշտացող հռետորաբանությանը՝ Հայաստանի հետ իր սահմանային խնդիրները լուծելու և Ստեփանակերտի «անջատողական ահաբեկիչներին» վերացնելու անհրաժեշտության մասին», - նկատում է ամերիկյան պարբերականը, եզրակացնելով՝ Կրեմլը արդեն ցույց է տվել, որ ուզում է և պատրաստ է էներգակիրները որպես զենք օգտագործել, սակայն ակնհայտ է, որ նա կարող է այս հարցում միակը չլինել։

Եվրոպան շարունակում էր Ռուսաստանից գազ գնել նաև Ղրիմի բռնակցումից հետո, հիշեցնում է Foreign Policy-ն՝ եզրափակելով. - «Ուկրաինան կարող է հաստատել, որ էժան վառելիքի համար աշխարհը կարող է չտեսնելու տալ տարածքային նկրտումներն ու մարդու իրավունքների խախտումները։ Եվ հիմա Ղարաբաղում շատերն են վախենում այդ նույն սխալի կրկնությունից»։

XS
SM
MD
LG