Երևանը Թեհրանի հետ պայմանավորվել է ավելի շատ իրանական գազ ներմուծել, որի վերաբերյալ համաձայնագիրը նախատեսվում է ավարտին հասցնել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հաջորդ շաբաթ Իրան կատարելիք այցի ընթացքում, այս մասին այսօր «Ազատությանը» հայտնեցին հայաստանցի ու իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի խոսքով` «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործող համաձայնության ժամկետն ավարտվում է 2026թ.-ին, նախատեսվում է այն երկարաձգել մինչև 2030թ.-ը, նաև ավելացնել ներկրվող իրանական կապույտ վառելիքի ծավալը. ներկայում տարեկան ներմուծվում է 365 միլիոն խորանարդ մետր։
«Հիմա կա պայմանավորվածություն, որ այդ ծավալը կմեծանա մինչև 600 մլն խորանարդ մետր տարեկան, մինչև Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի պատրաստ լինելը, իսկ դրանից հետո արդեն 1.5-ից 1.8 մլրդ խորանարդ մետր, երբ որ մենք զուտ ենթակառուցվածքներ կունենանք, հնարավորություն դիմացը հոսանքով վճարելու համար, այսինքն` մենք այսօր գեներացիայի խնդիր արտադրության չունենք մեծ հաշվով, բայց ունենք այդ արտադրությունը տեղ հասցնելու ենթակառուցվածքային խնդիրներ», - մանրամասնեց փոխնախարարը:
Բանակցում ենք իրանական գազը հայաստանցի սպառողներին հասցնելու և Հայաստանի տարածքով այլ երկրներ մատակարարելու տարբերակը. իրանցի պաշտոնյա
Բայց եթե հայկական կողմը խոսում է բացառապես «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի ընդլայնման մասին, իրանական կողմը հայտարարում է՝ նաև քննարկվում է հայաստանցի սպառողների համար իրանական գազ վաճառելու, անգամ՝ Հայաստանի տարածքով այլ երկրներ մատակարարելու տարբերակը։
Իրանի Էներգետիկայի նախարարի խորհրդական Մուհամադ-Ալի Ֆարահնակիանը Երևանում է, երեկ մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի համանախագահությամբ կայացած միջկառավարական երկկողմ հանձնաժողովի հերթական նիստին։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ [քննարկում ենք իրանական գազ մատակարարել Հայաստան] ոչ միայն էլեկտրաէներգիայի արտադրության, այլև՝ այլ սպառման համար, անգամ՝ Հայաստանի տարածքով դեպի Վրաստան, այլ երկրներ հասցնելու տարբերակները։ Բացի այդ, քննարկում ենք այլ երկրներից՝ սվոփ տարբերակով Իրանի տարածքով գազը Հայաստան հասցնելու հնարավորությունը», - նշեց նա։
12 տարվա ընթացքում կառուցվել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի ընդամենը 1 տոկոսը
Հայաստանի կառավարությունները 2006թ.-ից կառուցում են դեպի Իրան տանող բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գիծը, որը թույլ կտա անգամներով մեծացնել «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի ծավալները, և որը պակաս ռազմավարական նշանակություն չունի, քան «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին։
Սակայն, ինչպես ավտոմայրուղու պարագայում, պարզվեց՝ բարձրավոլտի 3-րդ գծի դեպքում նույնպես նախորդ տարիներին գրեթե աշխատանք չի արվել։ Ըստ փոխնախարար Վարդանյանի` 12 տարվա ընթացքում՝ մինչև 2018թ. փետրվար կառուցված է եղել գծի միայն 1 տոկոսը. «Ասենք` գիծն ունի 706-ից 720 հենարան, պետք է ունենա 276 կմ, մինչև 18թ. փետրվար ամիսն այնտեղ 6-7 հենարան էր ուղղակի մոնտաժված»:
Նախորդ չորս տարիներին կառուցվել է գծի մոտ 70 տոկոսը, նախատեսվում է այն ավարտել գալիք տարվա դեկտեմբերին, որից հետո «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի շրջանակում Հայաստանը կկարողանա Իրանից ստանալ տարեկան մինչև 1.8 միլիարդ խորանարդ մետր գազ և Թեհրանին մատակարարել գրեթե հինգ անգամ շատ էլեկտրաէներգիա՝ տարեկան մինչև 5.4 միլիարդ կիլովատտ-ժամ։
Փոխնախարարի խոսքով` յուրաքանչյուր խորանարդ մետր իրանական գազը հայաստանյան ջերմաէլկտրակայաններում արտադրում է մոտ 4.5 կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա, որից Իրան են վերադառնում 3-ը։
Նախորդ տարի հայ-իրանական երկկողմ առևտուրը կտրուկ՝ ավելի քան 25 տոկոսանոց աճ գրանցեց՝ հատելով կես միլիարդ դոլար սահմանագիծը։