Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունն այսօր հանրահավաք էր հրավիրել:
Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Նա իր խոսքում ներկայացրեց, թե իշխանափոխության պարագայում ինչ են անելու հաջորդ իշխանությունները, Սաղաթելյանը նշեց իրենց պատկերացումները խաղաղության հասնելու շուրջ, տվեց սկզբունքային չորս կետերը:
«44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանին մարտավարական առումով անհրաժեշտ է առաջին՝ զերծ մնալ շտապողական, վտանգավոր և ճակատագրական կտրուկ քայլերից մինչև աշխարհաքաղաքական տագնապալի իրավիճակի հարաբերական կայունացումը և հստակեցումը: Երկրորդ՝ ձևավորել անվտանգային այնպիսի մթնոլորտ, որը կանխատեսելի և ընկալելի կլինի ռազմավարական դաշնակցի և տարածաշրջանային ու միջազգային այլ կարևոր գործընկերների համար, նոր աշխարհակարգի ստեղծման պայմաններում անվտանգային արդյունավետ և հայանպաստ մեխանիզմների ապահովման նպատակով: Երրորդ՝ ռազմական, ռազմաարդյունաբերական, տեխնոլոգիական, տնտեսական և ենթակառուցվածքային բոլոր ուղղություններով անհապաղ մշակել և կյանքի կոչել հեռանկարային և հայեցակարգ: Չորրորդ՝ համախմբել համայն հայության ողջ ներուժը և սփյուռքը պետք է դառնա մասնակից ու պատասխանատու համահայկական օրակարգերի խնդիրների կենսագործման համար», - նշեց Սաղաթելյանը:
Խոսելով հայ-ադրբեջանական բականցությունների մասին, ԱԺ ընդդիմադիր փոխնախագահն ասաց, որ Հայաստանը պետք է առաջարկի բանակցությունների օրակարգը բաժանել երկու փուլի:
«Մենք համոզված ենք, որ իրական խաղաղության, հաշտեցման և համագոյակցության ապահովմանը պետք է անպայմանորեն նախորդեն չլուծված խնդիրների վերաբերյալ փոխհամաձայնություններ, ուստի Հայաստանը պետք է առաջարկի հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգը բաժանել երկու փուլի, առաջինը հարաբերությունների կարգավորման սկզբունքների հստակեցում և համաձայնեցում, երկրորդ՝ բուն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ և անհրաժեշտության դեպքում, պայմանագրի կնքում», - ընդգծեց նա:
«Մեր կարծիքով ճիշտ ձևակերպելու, պատշաճ ներկայանալու դեպքում հայկական կողմը բանակցային գործընթացի մեկնարկին կարող է մոտենալ ավելի հիմնավոր, միջազգային հանրության համար ընկալելի, միջազգային իրավունքի տեսանկյունից անխոցելի դիրքերից, հետևաբար սրանց այն հիմնավորումները, որ իրենք ինչ անում են, դա առավելագույնն է, սուտ է, հակահայկական ու դավաճանական», - նաև ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Սաղաթելյանը նշեց, որ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերել, Արցախը պահել հնարավոր է, դրա համար, ըստ ընդդիմության, պետք է հեռացնել այս կառավարությանը:
Իշխան Սաղաթելյանն ասաց՝ խաղաղությունը չպետք է լինի հայ ժողովրդի կենսական շահերի զիջման գնով, այլ՝ պետք է լինի արժանապատիվ:
Այս պահին ընդդիմադիրները քայլերթ են իրականացնում, այնուհետև պատրաստվում են վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ: