Մինչ ընդդիմությունը քննադատում է իշխանություններին հակաժողովրդավարական քայլերի համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին հայտարարում է՝ ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային հիմնական բրենդն ու երկրի ինքնիշխանության պահպանման առանցքային գործոնն է։
«Ժողովրդավարությունը այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն ու առանցքային գործոնն է: Մեր խնդիրն է ապացուցել, որ ժողովրդավարությունն, այո, նաև ի վիճակի է ապահովել երկրի արտաքին անվտանգությունը, այդ թվում՝ երկրի ներքին անվտանգությունը», - նշեց Փաշինյանը:
Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում Փաշինյանը կրկին խոսեց խաղաղության անհրաժեշտության մասին։ Հիշեցրեց՝ այդ օրակարգն այս կառավարությունն է որդեգրել, քաղաքացիներն էլ այն իրականացնելու համար մանդատ են տվել։
«Հիմա շատ կարևոր է ժողովրդավարությունն ամրապնդելու համար, որ մենք համախմբվենք մեկ այլ առաքելության շուրջ՝ ինչպես Հայաստանի Հանրապետությանը բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ Հայաստանի Հանրապետությանը բերենք խաղաղություն, որովհետև կարծում եմ՝ մեկն առանց մյուսի շատ դժվարությամբ կարող է գոյություն ունենալ», - ընդգծեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը թեև նկատեց, որ Հայաստանում ժողովրդավարությունն անամպ չէ, բայց շեշտեց հիմնականում դատական համակարգում առկա խնդիրները։
Մինչ Երևանում ընթանում էր միջազգային Freedom House-ի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» կազմակերպած «Ժողովրդավարության հայկական ֆորումը», դրսում ցուցարարները վերստին քննադատեցին արևմտյան երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին՝ ոստիկանների գործողություններին գնահատական չտալու համար։ Նույն այդ ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպանը ֆորումին իր ելույթում մտահոգություն էր հայտնում ոստիկանների գործողությունների վերաբերյալ։
«Տեսնելով, թե ինչ է տեղի ունենում ցուցարարների հետ, ակնհայտ է, որ այստեղ կան մտահոգություններ: Այն, ինչ մենք տեսնում ենք ռեպորտաժներում, տեսանյութերում, անհամաչափ ուժի կիրառում է։ Այս դեպքերը պետք է հետաքննվեն, այս ոլորտում պետք է պատասխանատվություն լինի։ Եվ մենք ազդակներ տեսել ենք, որ կառավարությունը ցանկանում է հետաքննել այս դեպքերը», - հայտարարեց ԱՄՆ դեսպանը:
Լին Թրեյսին նաև խոսեց ցույցերի ընթացքում լրագրողների աշխատանքը հարգելու, նրանց նկատմամբ ոտնձգությունները բացառելու անհրաժեշտության մասին, անդրադարձավ նաև ցուցարարներին. «Ցուցարարները ևս ունեն պատասխանատվություն խաղաղ իրականացնելու ակցիաները՝ քաոս, խառնաշփոթ չստեղծելու, մյուսների իրավունքները չոտնահարելու հարցում»։
Ընդդիմադիրներին զայրացրել էր հատկապես Հայաստանում ԱՄՆ դեսպանի հարցազրույցը, որտեղ Լին Թրեյսին խոսել էր 2018-ին Հայաստանի որդեգրած ժողովրդավարական արժեքների մասին։ Դեսպանի այսօրվա ելույթը բավարարել է ընդդիմադիրներին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ողջունում է Լին Թրեյսիի քայլը։
«Ցանկանում եմ ողջունել, մեր բարեկամ ԱՄՆ դեսպանի օբյեկտիվ և իրավիճակից բխող համարժեք գնահատականը ոստիկանության վաjրագությունների, ապօրինություններին», - նշեց Ղազինյանը
Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, վիճահարույց է համարում 21-ի ընտրություններում 2018-ին որդեգրած արժեքները վերահաստատելու մասին դեսպանի խոսքը. «Որ իրենք աջակցում են և իրենք կանգնած են 18 թվականին ընդունված և 21 թվականին վերահաստատված ժողովրդավարական արժեքներին և ժողովրդավարական ուղուն»:
«Արդյոք եղե՞լ է ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառում, դա պետք է հետաքննել։ Դա նորմալ գործընթաց է, որ տեղի է ունենում բոլոր ժողովրդավարական երկրներում։ Պետք է դատարանը որոշի։ Ես հույս ունեմ, որ Հայաստանում էլ նույնը տեղի կունենա։ Կարծում եմ՝ իրավապահ մարմինները և ոստիկանությունը պետք է հետևեն օրենքի տառին», - ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարն Անդրեա Վիկտորինը:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարն ասում է, որ նույն սկզբունքին նաև ցուցարարները պետք է հետևեն։ Այս ասելով՝ Անդրեա Վիկտորինը շեշտում է՝ Հայաստանում ավելացել է ատելության խոսքը։
«Ուզում եմ հասկանալ՝ արդյոք սա՞ է Հայաստանի ապագան։ Բոլորը գիտեն, որ ես պատրաստակամ եմ և լսում եմ բոլոր կողմերի բողոքները և արձագանքում եմ դրանց։ Բայց որոշ դեպքերում մենք չենք որոշում կայացնող կողմը։ Որոշ հարցերին պետք է արձագանքի հայկական կողմը, պետք է հետաքննություններ անցկացվեն։ Բնականաբար, բոլորը ցույցեր անցկացնելու իրավունք ունեն, ինչպես այլ երկրներում։ Բայց, իհարկե, կան ազատության սահմանափակումներ այլ երկրներում նույնպես», - ընդգծեց նա։
Եվրամիության դեսպանը ցանկանում է, որ կողմերը խնդիրները երկխոսության միջոցով լուծեն՝ առանց իրար մեղադրելու և վիրավորելու։