Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանը ոչ թե բնակավայրի վարչական սահմաններով, այլ բանակցություններով է գծվում. քարտեզագիր


Անուշավան Բարսեղյան
Անուշավան Բարսեղյան

Քարտեզագիր Անուշավան Բարսեղյանն այս տարի Հայաստանի ու Արցախի քարտեզն էր տպագրության պատրաստում, երբ պարզեց, որ Տավուշի անկլավային գյուղերից Ասկիպարն ու Բարխուդարլուն Հայաստանի բնակավայրերի ցանկից դուրս են եկել. - «Բոլոր բնակավայրերը մեկ առ մեկ ստուգելու արդյունքում ստացվեց, որ այդ երկուսը չկան»։

Բարսեղյանն ասում է՝ անմիջապես սկսեցի ուսումնասիրել վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ բնակավայրերի ցանկն է և նկարագրված են սահմանները. - «Ընդունվել է 1995 թվականին, վերջին փոփությունները՝ 2021 թվականի սեպտեմբերին»։

Այս տարի Բարսեղյանը քարտեզ է հրապարակել և այդտեղ արդեն չի ներառել այս երկու անկլավային գյուղերը. - «Ուղղակի հանել եմ, բնակավայրը ուղղակի ֆայլի միջից ջնջել եմ։ Որովհետև օրենքում չկար, չէր հիշատակվում»։​

Ոսկեպարի Ասկիպար ու Ազատամուտի Բարխուդարլու բնակավայրերը 2009 թվականին օրենքի առանձին փոփոխությամբ ներառվել էին հայկական բնակավայրերի ցանկում՝ Տիգրանաշեն-Քյարքիի հետ միասին։ Ընդ որում, հենց առաջին հոդվածով ամրագրված էր, որ այս համայնքների վարչական սահմանները կճշտվեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումից հետո։

Տավուշի անկլավային այս գյուղերը ե՞րբ են վարչատարածքային բաժանման օրենքից դուրս եկել։ Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Աշոտ Գիլոյանի տեղեկացմամբ, Ասկիպարը՝ 2016 թվականին, Բարխուդարլուն՝ 2020-ին համայնքների խոշորացման շրջանակներում. - «Ասկիպար գյուղը հանվել ա, երբ որ Նոյեմբերյան միավորված համայնք էր ստեղծվում։ Այդ ժամանակ ա հանվել։ 2016 թվականին Բարխուդարլու գյուղը, երբ որ Իջևան համայնքը միավորվում էր, հանվեց»։​

Աշոտ Գիլոյան
Աշոտ Գիլոյան

Ըստ Գիլոյանի, անկլավային երկու գյուղերը չպետք է բնակավայրերի ցանկում լինեն, քանի որ ադրբեջանցիների հեռանալուց ի վեր այդտեղ բնակվող չի եղել. - «Էնտեղ եթե մարդ չի ապրում, ո՞նց կարող ա բնակավայր կոչվել»։​

2009-ին էլ այդ երկու տարածքներում ապրող չկար, ինչո՞ւ են օրենքի փոփոխությամբ այս գյուղերը ներառվել բնակավայրերի ցանկում։ Ըստ Գիլոյանի, գուցե այդ ժամանակ այլ գաղափարախոսություն է դրվել՝ վարչական սահմանը գծվել է ոչ թե ըստ բնակավայրի, այլ ըստ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի։ Գուցե, հստակ չգիտի...

Քարտեզագիր Բարսեղյանը հակադարձում է՝ եթե անկլավային գյուղերը քարտեզից դուրս են եկել բնակիչ չունենալու պատճառով, այդ դեպքում ինչպե՞ս բացատրել մի շարք համայքների ներառումը, որտեղ մարդահամարի տվյալով 0 բնակչություն կա. Գուշար, Նշխարք, Նիգատուն. - «Հայաստանի Հանրապետությունում կա շուրջ երեսուն բնակավայր, որտեղ արդեն տասնամյակներ մարդիկ չեն ապրում, ավերակներ են։ Բայց խոշորացումից հետո էլ անգամ նրանք համարվում են որպես բնակավայր»։

Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչը պնդում է՝ այդ գյուղերում գրանցված մարդ չկա, բայց կան հովեկներ, հանգստացողներ , ամառանոց ունեցողներ։

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը քաղաքական ամբիոններում թեմա դարձավ 44-օրյա պատերազմից հետո։ Վարչապետ Փաշինյանը նշում էր, թե այս օրենքում 2010 թվականին՝ նախկինների օրոք արված փոփոխություններով է որոշվել հայ-ադրբեջանական սահմանը, որ օրինակ Սյունիքի Շուռնուխի հարևանը ոչ թե Արցախն է, այլ Ադրբեջանը։

Այժմ էլ պարզվում է, որ Ասկիպարը նախկինները ներառել են, նախկիններն էլ հանել հայկական բնակավայրերի ցանկից, Բարխուդարլուն նախկինները ներառել են, ներկաները՝ հանել։

«Օրենքը սահմանում ա քո բնակավայրի սահմանները, ինչ վարչական սահմանների մեջ կարող է լինել քո բնակավայրը։ Իսկ քաղաքական առումով արդեն Ադրբեջանի հետ հայ-ադրբեջական բանակցությունների, ինչպես եղավ հայ-վրացականի հետ, այնպես էլ հայ-ադրբեջանականը... Երբ որ քաղաքական առումով կորոշեն որ սարի գագաթից որ գետով որ ձորով կանցնի, էդ ժամանակ արդեն կլինի պետական սահման։ Վարչական օրենքը ոչ մի կապ չունի պետական սահմանի հետ», - ասում է Անուշավան Բարսեղյանը։

Քարտեզագրողի կարծիքով, որքան էլ այս հարցը վարչապետից սկսած քաղաքականացնեն, հայ-ադրբեջանական սահմանը ոչ թե բնակավայրի վարչական սահմաններով, այլ բանակցություններով է գծվում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG