Մատչելիության հղումներ

Երևանը գաղտնազերծել է Բաքվին ներկայացրած իր առաջարկները 


Հայկական կողմը հրապարակել է խաղաղության բանակցություններ սկսելու վերաբերյալ այն կետերը, որոնցով Երևանն արձագանքել է ադրբեջանական կողմի ներկայացրած հինգ առաջարկներին։ Ռուսալեզու փաստաթղթի 6 կետերը Հանրայինի եթերում երեկ գաղտնազերծել է վերջերս հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակված էդմոն Մարուքյանը։

  • Պաշտոնյայի խոսքով՝ փաստաթղթի առաջին կետում գրված է, որ հայկական կողմը պատասխանում է ադրբեջանական կողմի նամակին, որը Երևանը ստացել է մարտի 11-ին։
  • Երկրորդ կետում, ըստ Մարուքյանի, նշված է, որ Հայաստանը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ։

«Ինչպես հիշում եք, Ադրբեջանն այնտեղ ասում է, որ դուք պետք է տարածքային պահանջներ չունենաք մեր նկատմամբ։ Մենք էլ ասում ենք՝ եղբայր, մենք ձեզանից տարածքային պահանջներ չենք էլ ունեցել։ Եվ ի սկզբանե միշտ Հայաստանի բոլոր իշխանությունները հայտարարել են, որ մենք տարածքային պահանջ չունենք։ Ավելին, այստեղ ասվում է, որ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Ադրբեջանի հետ համատեղ ստորագրելով ԱՊՀ ստեղծելու մասին համաձայնագիրը, ՀՀ-ն տվյալ համաձայնագիրը վավերացրել է 1992 թվականի փետրվարի 18-ին։ Այսինքն, այդ ժամանակ, որ ստորագրել ենք, մենք փոխադարձաբար ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանները՝ միանալով տվյալ կառույցին»,- ասել է Մարուքյանը։

  • Հատուկ հանձնարարություններով դեսպանի տեղեկացմամբ՝ երրորդ կետում շեշտվում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը։

«Հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը», - մանրամասնել է պաշտոնյան։

  • Չորրորդ կետով հայկական կողմը կարևորում է պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունների կատարումը, մասնավորապես, գերիների վերադարձը, տարածաշրջանի ապաշրջափակումը։

«Հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի նախագահի, այստեղ թվարկվում է, նոյեմբերի 9-ի, հետո հունվարի 11-ի, հետո նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները։ Իսկ դրանք որո՞նք են․ ռազմագերիների վերադարձը, որը մինչև այսօր չի արվել, կոմունիկացիաների բացումը, որն Ադրբեջանն է ձգձգում», - մանրամասնել է հատուկ հանձնարարություններով դեսպանը։

  • Արդեն 5-րդ կետով, ըստ Մարուքյանի, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնում բանակցություններ սկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։

«Սրանք այն հիմնարար սկզբունքներն են, որոնք ի սկզբանե եղել են։ Այսինքն, այստեղ են ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքը և այլ կարևոր իրավունքներ և ազատություններ»,- շեշտել է դեսպանը։

  • Փաստաթղթի վերջին՝ 6-րդ կետում էլ հայկական կողմը հայտնել է, որ բանակցությունները կազմակերպելու համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

XS
SM
MD
LG