Մատչելիության հղումներ

Փարիզում ակնկալում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կհամաձայնեցվի արդեն այս շաբաթ


Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ԵՄ-ը կարող է վերջնականապես համաձայնեցնել արդեն մի քանի օրից։ Այսօր, Փարիզում գործող LCI լրատվական հեռուստաալիքի եթերում նման կանխատեսմամբ է հանդես եկել Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Կլեման Բոնը։

«Կարծում եմ, որ ԵՄ անդամները Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ համաձայնության կարող են գալ արդեն այս շաբաթ։ Պատժամիջոցների վեցերորդ փաթեթը շատ ազդեցիկ է լինելու և հնարավորություն կտա ԵՄ աստիճանաբար ձերբազատվել ռուսական էներգակիրներից կախվածությունից։ Այս ուղղությամբ աշխատանքը շարունակվում է շուրջօրյա ռեժիմով», - նշում էր ֆրանսիացի նախարարը՝ ընդգծելով, սակայն, որ Փարիզում շատ լավ հասկանում են այն «օբյեկտիվ դժվարությունները», որոնց կբախվեն ռուսական նավթ ներկրող այնպիսի արևելաեվրոպական պետություններն, ինչպիսին են, օրինակ, Հունգարիան և Սլովակիան։

Մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ Էմանյուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ «Պատժամիջոցների վեցերորդ փաթեթը համաձայնեցնելուն ուղղված գլոբալ շփումները բոլոր մակարդակներում շարունակվում են», - հաղորդել է Ելիսեյան պալատը՝ նշելով, որ նավթային էմբարգոյի խնդիրը նախագահ Մակրոնը քննարկում է ոչ միայն Օրբանի, այլև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն Դեր Լայենի հետ։

Վերջին երկուսն, ի դեպ, երեկ երեկոյան Բուդապեշտում արդեն իսկ մի քանի ժամ տևողությամբ բանակցություններ են անցկացրել։ Դրանց առանցքային թեման կրկին ռուսական նավթի ներկրումների ամբողջական արգելքի դեմ Հունգարիայի առարկություններն էին։

Պաշտոնական Բուդապեշտը, հիշեցնենք, պնդում է, որ ռուսական նավթի ներկրումների վրա լիակատար էմբարգոյի սահմանումը երկրի տնտեսության համար կարող է ատոմային ռումբի էֆեկտ ունենալ։

Օրբանի հետ բանակցությունների ավարտին, սակայն, Ֆոն Դեր Լայենի հայտարարություններում որոշակի չափավոր լավատեսության նշույլներ առկա էին։

«Վարչապետ Օրբանի հետ այսօր երեկոյան կայացած բանակցությունները օգտակար էին պատժամիջոցներին և էներգետիկ անվտանգությանը վերաբերող խնդիրներում հստակություն մտցնելու տեսանկյունից», - Twitter-ում գրել էր Եվրահանձնաժողովի նախագահը՝ հավելելով, - «որոշակի առաջընթաց արձանագրել ենք, աշխատանքը, սակայն, հարկավոր է շարունակել»։

Reuters գործակալության տեղեկություններով՝ ԵՄ քննարկում է ռուսական նավթից ամենամեծ կախվածություն ունեցող երկրներին ուղղակի ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցը։ Դրանից բացի Եվրահանձնաժողովը արդեն իսկ հայտարարել է, որ ռուսական նավթի ներկրումների ամբողջական արգելքն ուժի մեջ մտնելու դեպքում Հունգարիայի համար բացառություն կարվի մինչև 2024 թվականի վերջն, իսկ Չեխիայի և Սլովակիայի համար՝ մինչև նույն թվականի ամառ։

ԵՄ ղեկավարության զիջումները նաև հակառակ էֆեկտ են ունենում

ԵՄ ղեկավարության այս զիջումները, սակայն, նաև հակառակ էֆեկտ են ունենում։ Որքան շատանում են զիջումների մասին խոսակցությունները, այնքան ավելի շատ երկրներ են պահանջում, որպեսզի իրենց նկատմամբ ևս առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերվի։

Reuters-ի տեղեկություններով՝ ամենաթարմ օրինակը Բուլղարիան է, որի կառավարությունը պահանջել է երկրի համար, Հունգարիայի, Սլովակիայի և Չեխիայի օրինակով, ևս բացառություն սահմանել՝ թույլ տալով ևս մի քանի տարի անարգել ռուսական նավթ ներկրել։ «Բուլղարիային, սակայն, Բրյուսելում զիջումներ անել չեն պատրաստվում», - Reuters-ին փոխանցել են ԵՄ բարձրաստիճան աղբյուրները՝ նշելով, որ իր տարբերություն վերը հիշատակված երեք երկրների՝ Բուլղարիան ելք ունի դեպի ծով, ուստի էմբարգո սահմանելու դեպքում «այն չի բախվի համակարգային խնդիրների»։

«Մենք ընդունում ենք, որ Հունգարիայի և դեպի ծով ելք չունեցող մյուս պետությունները, որոնք նաև զգալի կախում ունեն ռուսական նավթից, շատ յուրահատուկ իրավիճակում են հայտնվել և դա յուրահատուկ լուծումներ է պահանջում», - այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում էր Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը։

Սխալ կլիներ, սակայն, կարծել, որ ռուսական նավթի ներկրումը պատժամիջոցների վեցերորդ փաթեթի հաստատման ճանապարհին առկա միակ խոչընդոտն է։ Բանն այն է, որ գոյություն ունի նաև ռուսական նավթի տեղափոխման խնդիրը։ Նախապես ենթադրվում էր, որ պատժամիջոցների նոր փաթեթով ԵՄ անդամ պետությունների դրոշների ներքո նավարկող տանկերներին կարգելվի ռուսական նավթ տեղափոխել։

Financial Times-ի տեղեկություններով, սակայն, ԵՄ ղեկավարները այս մտադրությունից հրաժարվեցին այն բանից հետո, երբ դաշինքի միանգամից երկու պետություններ՝ Հունաստանը և Մալթան, սպառնացին վետոյի ենթարկել ողջ փաթեթը, եթե այս դրույթը մնա Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցների ցանկում։ Բանն այն է, որ այս երկու երկրներին է պատկանում ԵՄ տարածքում գրանցված խոշոր տարողունակությամբ տանկերների կեսից ավելին և դրանք շահագործող ընկերությունների եկամտի հիմնական աղբյուրներից մեկը ռուսական նավթի տեղափոխումն է։

Ստեղծված իրավիճակում, ըստ Financial Times-ի, ԵՄ կարող է փոխզիջումային տարբերակ ընտրել՝ թույլ տալով եվրոպական տանկերներին ռուսական նավթ տեղափոխել, սակայն արգելելով դրանց ապահովագրումը ԵՄ տարածքում գործող ընկերությունների կողմից։

Պատժամիջոցների վեցերորդ փաթեթի հաստատումը սպառնում է արգելափակել նաև Կիպրոսը։ Պաշտոնական Նիկոսիան պահանջում է պատժամիջոցների ցանկից հեռացնել Ռուսաստանի քաղաքացիների կողմից ԵՄ տարածքում անշարժ գույքի ձեռքբերման նախատեսվող արգելքը։

Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ՝ միայն 2020 թվականին ռուսաստանցիները 100 միլիարդ եվրոյի ներդրում են կատարել կղզում։ Այդ գումարի մի զգալի մասը բաժին է ընկնում հենց Կիպրոսի անշարժ գույքի շուկայում կատարված գործարքներին։

Փարիզում ակնկալում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կհամաձայնեցվի արդեն այս շաբաթ
please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00

XS
SM
MD
LG