Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Էմանյուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակի և նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
«Ֆրանսիացի ժողովրդի վստահության քվեն նախագահի պաշտոնում նախորդ տարիների Ձեր կատարած ծավալուն աշխատանքի ամենաբարձր գնահատականն է, ինչը վերահաստատում է Ձեր ընտրած քաղաքական ուղեգծի հաջողությունը», - իր ուղերձում ասել է Հայաստանի վարչապետը՝ շեշտելով․ - «Հավատացած եղեք՝ Հայաստանը Ձեր և բարեկամ Ֆրանսիայի կողքին կլինի համատեղ բոլոր մարտահրավերների հաղթահարման գործում»։
Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Մակրոնի վերընտրությունը գալիք հնգամյակի ընթացքում նոր լիցք կհաղորդի հայ-ֆրանսիական հարաբերություններին և հնարավորություն կտա հաջողությամբ շարունակել համաձայնեցված համատեղ ծրագրերը, այդ թվում՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված ջանքերը։
«Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում Ֆրանսիայի դերակատարումը մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հարցում և հույս հայտնում, որ այն շարունակական կլինի նաև Ձեր նախագահության երկրորդ հնգամյակի ընթացքում», - ասել է Հայաստանի վարչապետը՝ «Երևանում հյուրընկալելու սպասումով»՝ կրկին շնորհավորելով Մակրոնին «վստահ հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն»։