Մատչելիության հղումներ

Վլադիմիր Զելենսկի. «Մարիուպոլում ուկրաինացիները շարունակում են դիմադրել»


Ռուսական բանակի կողմից բնակելի շենքի ռմբահարման հետևանքները, Մարիուպոլ, 20 ապրիլի, 2022թ.
Ռուսական բանակի կողմից բնակելի շենքի ռմբահարման հետևանքները, Մարիուպոլ, 20 ապրիլի, 2022թ.

«Այդ քայլերով նրանք միայն հետաձգում են մեր հողից հեռանալու պահը»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ասել է, թե Մարիուպոլում մնացած ուկրաինական ստորաբաժանումները շարունակում են դիմադրությունը:

«Թշնամին շարունակում է հարձակումը հարավում և արևելքում և ամեն ինչ անում է, որ գոնե որևէ բան ներկայացնի իբրև հաղթանակ: Նրանք նոր գումարտակներ են բերում, փորձում են այսպես կոչված զորակոչ հայտարարել գրավյալ տարածքներում», - ասել է Զելենսկին՝ շարունակելով. - «Այդ քայլերից և ոչ մեկը մեր երկրի դեմ պատերազմում չի օգնի զավթիչներին: Այդպես նրանք միայն կհետաձգեն անխուսափելի պահը, երբ ստիպված կլինեն հեռանալ մեր հողից, այդ թվում Մարիուպոլից, որը շարունակում է դիմադրել, ինչ էլ որ ասած լինեն զավթիչները»:

Նրա այդ ուղերձը հակասում է Մոսկվայի երեկվա հայտարարությանն այն մասին, թե, Մարիուպոլը, ինչպես նախագահ Վլադիմիր Պուտինն է ձևակերպել, «ազատագրվել է»:

Ռուսները պատերազմի առաջին օրվանից՝ փետրվարի 24-ից են մարտեր մղել Մարիուպոլի համար: Ազովի ծովի ափին գտնվող այդ քաղաքն ունի ռազմավարական կարևոր նշանակություն:

Մոտ երկու ամիս տևող անդադար ռմբահարումների և հրթիռակոծոթյունների հետևանքով Մարիուպոլը գրեթե ամբողջությամբ վերածվել է ավերակների:

«Ռուսներն են խափանում խաղաղ բնակիչների տարհանումը»

Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոյի փոխանցմամբ, քաղաքում դեռ մնում է մոտ 100 հազար խաղաղ բնակիչ: Նրանք սպասում են տարհանման հնարավորության, ռուսները շատ փոքր քանակով ավտոբուսներ են տրամադրում. երեկ խոստացել էին 90, բայց տրամադրեցին ընդամենը 7 ավտոբուս:

Մարիուպոլում մնացած ուկրաինացի զինծառայողները, ըստ քաղաքապետի, կտրականապես մերժում են հանձվելու առաջարկը և ասում են, թե պատրաստ են դուրս գալ թաքստոցներից միայն եթե ստանան զենքը ձեռքում հեռանալու հնարավորություն, որ անմիջապես միանան Ուկրաինայի բանակին և շարունակեն պայքարը:

Ռուսները դա, բնականաբար, չեն ընդունում և պահանջում են առանց վերապահումների հանձնվել:

Ռուսները, ըստ քաղաքապետի, մշտապես խափանում են խաղաղ բնակիչներին տարհանելու փորձերը. - «Մարտի սկզբից էվակուացիա ենք սկսել, նշել են տեղերը, որտեղից կհանենք մարդկանց, քարտեզներ են ուզել՝ տվել ենք քարտեզներ, հարցրել են, թե քանի ավտոբուս է պետք՝ ասել ենք թիվը։ Եվ հետո նրանք ռմբահարել ու ոչնչացրել են թե' այդ տարհանման տեղերը, թե՛ ավտոբուսները։ Նրանք են խափանել տարհանումը»:

Նրա խոսքով, կա մեկ անձ, որի ձեռքում է մարիուպոլցիների ճակատագիրը, և այդ անձը նախագահ Պուտինն է: Մինչդեռ, ռուսական կողմը շարունակում է գրոհները:

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերն Ուկրաինայում հարվածներ են հասցրել 58 ռազմական թիրախներին, դրանց թվում են 4 հրամանատարական կենտրոն, վառելիքի 3 պահեստ, մարդուժի կուտակման 51 վայր», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Երեկ ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակվել է ռեպորտաժ նախագահ Վլադիմիր Պուտինի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպման մասին, որի ընթացքում Շոյգուն ասել է, թե Մարիուպոլը ռուսների հսկողության տակ է, և միայն «Ազովստալի» գործարանի հսկայական համալիրի տարածքում գտնվող ուկրաինացի զինծառայողներն են շարունակում դիմադրությունը:

Պուտինը կարգադրել է չեղարկել գրոհը, բոլոր կողմերից շրջափակել համալիրը և այդպես չվտանգել ռուսաստանցի զինծառայողների կյանքը:

Ինչքա՞ն ժամանակ կդիմանան ուկրաինացիներն «Ազովստալի» տարածքում

Բրիտանացի և ամերիկացի ռազմական վերլուծաբանների համոզմամբ, ռուսները համոզվել են, որ «Ազովստալի» համալիրում թաքնված ուկրաինացիներն ունեն բավական ռազմական կարողություն ռուսներին կատաղի դիմադրություն ցույց տալու և լուրջ կորուստներ պատճառելու համար:

Հետևաբար, Կրեմլում որոշել են առայժմ չհարձակվել համալիրի վրա: Սակայն ինչքան ժամանակ կարող են այնտեղ մնալ ուկրաինացիները, ունե՞ն արդյոք զենք, զինամթերք, պարեն, ջուր, դեղամիջոցներ՝ այս պահին հայտնի չէ:

Գուցե ռուսները ենթադրում են, որ սովամահության դատապարտված ուկրաինացիներն ի վերջո կհամաձայնեն հանձնվել:

Ռուսները հավաստիացնում, են, որ հանձնվողների նկատմամբ կլինի մարդասիրական վերաբերմունք, վիրավորներն ու հիվանդները բուժօգնություն կստանան:

Միացյալ Նահանգները երեկ ևս 1 միլիարդ 300 միլիոն դոլարի օգնություն է խոստացել Կիևին: Ուկրաինային քաղաքական, տնտեսական և ռազմական աջակցություն են տրամադում նաև Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն:

Պուտին-Զելենսկի հանդիպումը կախված է բանակցությունների արդյունքից

Այսօր ռուս-ուկրաինական պատերազմի 58-րդ օրն է: Ռուսաստանի ղեկավարն այսօր հեռախոսով զրուցել է Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ, ով չորեքշաբթի օրը Կիևում հանդիպել է Զելենսկու հետ:

Ըստ Կրեմլի, Միշելը խոսել է Պուտին-Զելենսկի հանդիպում անցկացնելու նպատակահարմարության մասին, սակայն Ռուսատանի նախագահն ասել է, թե այդ հանդիպման հնարավորությունը կախված է ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներից:

Ըստ Պուտինի, Կիևն առայժմ հետևողականություն չի դրսևորում և պատրաստ չէ որոնել փոխընդունելի լուծումներ:

Պուտինը նաև դժգոհություն է հայտնել, պնդելով, թե Եվրամիության ղեկավարներն իրենց գործողություններով և մեկնաբանություններով նպաստում են ռուսատյացության տարածմանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG