Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը ևս 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, արխիվ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, արխիվ:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր հանդես է եկել Ուկրաինայի պատերազմի մասին հատուկ ուղերձով, հայտնելով, որ Վաշինգտոնը ևս 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային:

Այս նոր փաթեթով Ամերիկան ուկրաինական բանակին կփոխանցի ծանր հրետանի, հարյուր հազարավոր արկեր, տակտիկական անօդաչուներ, նռնականետեր, ռադարներ, 15 միլիոն միավոր զինամթերք, ռուսական յուրաքանչյուր տանկի հաշվով 10-ը հակատանկային համակարգ:

Ջո Բայդենն ասել է, որ ամերիկացիները կարող են հպարտանալ, որ օգնում են Ռուսաստանի ագրեսիայի դեմ պաշտպանվող Ուկրաինային:

Նա ասել է, թե հիացած է այս պայքարում ուկրաինացիների դրսևորած աներևակայելի արիությամբ և խիզախությամբ:

Բայդենի փոխանցմամբ, Ուկրաինային ռազմական օգնության հարցում նախագահի գրեթե բոլոր լիազորություններն արդեն գործադրվել են, և ինքը Կոնգրեսին կներկայացնի Ուկրաինայի համար դրամական միջոցներ առանձնացնելու հատուկ հայտ:

Բացի այդ, Վաշինգտոնը ևս 500 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայի կառավարությանը՝ առկա բազում սոցիալական և տնտեսական հարցերը կարգավորելու համար:

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Ուկրաինայում, աննախադեպ է, երբևէ հնարավոր չէր պատկերացնել, բայց մեր միասնությունն ազդանշան է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ նա երբեք չի կարողանա զավթել Ուկրաինան»,- ասել է Բայդենը:

Ամերիկայի ղեկավարի խոսքով, Պուտինը ձախողվել է, քանի որ Կիևն առայսօր կանգուն է, իսկ նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարությունը շարունակում է աշխատանքը:

«Պուտինը սխալվեց, նա երբևէ չէր ենթադրել, որ մենք այսքան միասնական կլինենք Ուկրաինայի պաշտպանության հարցում»,- ասել է Ջո Բայդենը:

XS
SM
MD
LG