Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահնագները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում:
Լավրովի փոխանցմամբ, Արևմուտքը զոհաբերել է խնդրի կարգավորումը Ռուսաստանի հետ տարաձայնությունների հետևանքով:
«Ես չգիտեմ հետագայում ինչ ճակատագիր է ունենալու Մինսկի խումբը, քանի որ մեր ֆրանսիացի ու ամերիկացի գործընկերները ռուսատյացության արշավի ընթացքում ձգտում են չեղարկել այն ամենն, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, չեղարկել են նաև Մինսկի խմբի եռանախագահությունը, հայտարարելով, թե մեզ հետ չեն շփվելու այդ ձևաչափով։ Դա նրանց իրավունք է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղյան խնդրի կարգավորումը և ընդհանուր առմամբ Կովկասի շահերը, պատրաստ են զոհաբերել տվյալ դեպքում հայկական կողմի շահերը՝ դա նրանց ընտրությունն է»,- ասել է Լավրովը:
«Անպատասխանատու» որակելով Արևմուտքի այդ դիրքորոշումը՝ Լավրովը միաժամանակ պնդել է, թե Ռուսաստանը հավատարիմ կմնա ստանձնած պարտավորություններին Հարավային Կովկասի ու Ղարաբաղի մասով։
«Դա մեզ չի շեղի, մենք լիովին հանձնառու ենք, ինչպես եղել ենք միշտ, աջակցել այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև»,- ասել է Լավրովը: