Մատչելիության հղումներ

ԵՄ առաջնորդները համաձայնության չեկան Ուկրաինայի անդամակցության արագացված ընթացակարգի շուրջ


Ֆրանսիա - Եվրամիությանգագաթնաժողովի մասնակիցները Վերսալում, 10-ը մարտի, 2022թ․
Ֆրանսիա - Եվրամիությանգագաթնաժողովի մասնակիցները Վերսալում, 10-ը մարտի, 2022թ․

Եվրամիության անդամ երկրների առաջնորդները համաձայնության չեն եկել Ուկրաինայի անդամակցության արագացված ընթացակարգի շուրջ։

Վերսալում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում եվրոպացի առաջնորդները փոխարենը պայմանավորվել են ավելացնել Ուկրաինային հատկացվող «մարդասիրական, բժշկական և ֆինանսական» օգնությունը, աջակցել փախստականներին, մեծացնել ճնշումը Ռուսաստանի և Բելառուսի վրա։

Դաշինքը Կիևին խոստանում է նաև պատերազմի ավարտից հետո «աջակցել ժողովրդավարական Ուկրաինայի վերականգնմանը»։

Ինչ վերաբերում է Կիևի՝ անդամակցության մասին դիմումին, ինչպես հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն՝ գործընթացը ժամանակատար է, և ԵՄ-ին անդամակցելու արագացված ընթացակարգ չկա:

«Սա ապտակ կլինի Չեռնոգորիայի, Սերբիայի, Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համար, որոնք այսքան ժամանակ սպասում էին անդամակցության գործընթացին», - ասել է Նիդերլանդների առաջնորդը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել Եվրամիությանը արագացված կարգով անդամակցության գործընթաց սկսել Ուկրաինայի համար։ ԵՄ 8 երկրներ՝ հիմնականում նախկին սոցիալիստական ճամբարից, աջակցել են Ուկրաինայի անդամակցությանը։ ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ «գործընթացը բարդ է լինելու, քանի որ կառույցի անդամների շարքում իրարամերժ տեսակետներ կան ընդարձակման հարցում»։

XS
SM
MD
LG